Սա Հայաստան է, եւ վերջ…
Լեոնիդ Ազգալդյան
Ստեփանոս Օրբելյանի «Սյունիքի պատմություն» գրքում Քաշաթաղ բնակավայրի մասին հիշատակվում է 1 անգամ՝ որ Տաթեւի հարկատու բնակավայրերից էր եւ տալիս էր նվազագույն 6 դրամ հարկաչափ։ Իսկ այն հանգամանքը, որ նույն Օրբելյանի օրոք գավառն էր կոչվում Քաշաթաղ կամ Քշթաղ, նշանակում է՝ այս բնակավայրն է եղել գավառի մելիքանիստը, եւ այդ պատճառով է նրա անունը տարածվել գավառի վրա։
Ապարանքը մելիքական համալիրի մասն է։ Կառուցել է Քաշաթաղի մելիքության հիմնադիր, Պռոշյաններ հայ իշխանական տոհմի ամենակրտսեր ճյուղի առաջին ներկայացուցիչ Մելիք-Հայկազյան Ա-ն, եւ եղել է Քաշաթաղի մելիքության առաջին նստավայրը։ Կանգուն է եղել 15-18-րդ դարերում։ Մինչեւ 20-րդ դարի ավարտը շինությունն ավերակ վիճակում է եղել։ Ծիծեռնավանքից մոտ 1 կմ հարավ է՝ Աղավնոյի ձախ ափին։ Այստեղ՝ ժայռերով հարուստ սարի ստորոտում, պահպանվել է Քաշաթաղի Մելիք-Հայկազյանների դղյակ-ապարանքը, որը պատված է եղել հզոր պարսպով։ Ըստ պատմաբան Մորուս Հասրաթյանի` «Հռչակավոր Ծիծեռնավանքից ոչ հեռու՝ Աղավնո գետի մոտ գտնվող Քաշաթաղ ավանի (հետագայում՝ քրդաբնակ Սուլթանքենդ) մեջ պահպանված երկհարկանի քարաշեն դղյակի (կողքի կամարաշար ավերակով) կառուցումը, անտարակույս, պատկանում է Մելիք Հայկազին՝ 15-րդ դարավերջերին»։
Այս ապարանքը պահպանվել էր կիսաքանդ վիճակում։ 80-ական թվականներին ադրբեջանցիներն իրենց ճաշակով նորոգել էին։ 1993 թ. գարնանը տարածքի վերջնական ազատագրումից հետո հնարավոր եղավ հիմնանորոգել արդեն հայոց ճաշակով եւ դարձնել հյուրատուն։ Հուշարձանից պահպանվել էր երկհարկանի թաղակապ հորինվածքով դղյակը՝ կից սյուներով ու սենյակներով, որոնք այժմ հյուրատան ննջարաններ են։ Ապարանքի պարիսպն ունի 1 բուրգ-աշտարակ։ Տարածքը բարեկարգելու ժամանակ հողի տակից գտնվեց խաչքար, որը կոտրված է 2 մասի, իսկ հայատառ արձանագրությունը՝ ջնջված։ Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը տեղեկացնում է՝ հուշարձանը 1985 թ. ուսումնասիրել է ճարտարապետ Արտակ Ղուլյանը եւ տվել ճարտարապետական նկարագրությունը. «Ապարանքի յատակագծային ու ծաւալային ձեւերում կիրառուած յօրինվածքային լուծումները, շարունակութիւնը լինելով 12-14-րդ դարերի Խաչենի ու Վայոց ձորի իշխանական պալատներից աւանդուած ձեւերի, իրենց հետագա լայն տարածումն են գտել 17-18-րդ դարերի մելիքական ապարանքներում, որոնցով այնքան հարուստ է Ղարաբաղ-Զանգեզուրը»։ 2020 թ. Մելիք Հայկազյանների ապարանքում դարձյալ վերանորոգման աշխատանքներ կատարվեցին: Կորոնավիրուսի տարածման դեպքում ապարանքը ծառայելու էր որպես մեկուսարան հիվանդների համար: Ուրախալի է՝ մեծ ծավալով չտարածվեց չարիք-հիվանդությունը, բայց ողբալի է՝ առանց կռվի թուրքին հանձնեցինք մեր հզոր մելիքների նստավայրը:
Մկնատամի Խաչ մատուռ եկեղեցի
Փոքր՝ 4,5-3,15 մ չափերով սրբատուն է Մկնատամի Խաչը։ Ներկայիս Տանձուտ գյուղից մոտ 1 կմ հյուսիս-արեւմուտք է՝ Աղավնոյի աջափնյա Սթունիս վտակի մոտ։ Թառած է քարաժայռին։ Սրբատան հարավային պատին կից կա մեկ այլ կառույց՝ 5,25-5,15 մ չափերով, որը, հավանաբար, եղել է գրապահոց։ Մատուռի ծածկը պահպանվել է, իսկ գրապահոց-գրադարանը, որ նույնպես եղել է թաղածածկ, այժմ տանիք չունի։ Ըստ բանավոր զրույցների՝ սրբատունը կոչվում է Մկնատամի Խաչ այն պատճառով, որ այստեղ ուխտի են եկել հիմնականում «մկնատամ» հիվանդություն ունեցողները, այդ թվում նաեւ՝ մահմեդականներ։ Հուշարձանագետները համարում են, որ սրբատունը կառուցվել է 12-13-րդ դարերում: Ճարտարապետական հորինվածքով համապատասխանում է այդ ժամանակաշրջանի հոգեւոր կառույցներին։ Միանավ, թաղածածկ շինություն է։ Միակ մուտքը, որ շրջափակված է զարդանախշերով, ունի 113 սմ բարձրություն, 52 սմ լայնություն՝ առանց զարդանախշերի։ Մուտքի վերին մասում եւ Սուրբ խորանին գեղեցիկ հորինվածքով մեկական պատուհան կա։
Մկնատամի Խաչը կիսաքանդ վիճակում է։ Մատուռը պահպանվել է ամբողջությամբ, սակայն տանիքի սրբատաշ բազալտե սալիկների մի մասը ցած է թափված, քանդված է նաեւ արտաքին ձախանկյան ստորին մասը, հատակն ամբողջությամբ քանդված է, բացակայում է խորանի սեղանաքարը։ Գրապահոցի տանիքն ամբողջությամբ քանդված է, պատերի մեջ պահպանվել են խորշերը, որոնց մեջ ամենայն հավանականությամբ պահվել են գրքեր, մատյաններ։ Գրապահոցի մուտքը, որը արեւելյան կողմում է՝ պահպանված է, մուտքի աջ կողմից՝ վերին եւ ստորին սալիկների վրա պահպանվել են ծխնիների փոսորակները, իսկ ձախ կողմի անկյունաքարին՝ նիգի փոսորակը։ Մատուռ-եկեղեցին տարածքների ազատագրումից հետո չի օծվել։ Մատուռը կառուցված է սրբատաշ կապտավուն բազալտից եւ կրաշաղախից, իսկ գրատունը՝ կոպտատաշ քարից ու կրաշաղախից։ Սա կարող է նշանակել, որ գրատունը եւ մատուռը կառուցվել են տարբեր ժամանակահատվածներում։
Այն բլուրի ստորին հատվածում, որի վրա մատուռ-եկեղեցին է, կան քարանձավներ, որոնք, հավանաբար, ժամանակին եղել են բնակելի։ Եկեղեցու դիմաց գտնվող բլրի վրա պահպանվել են նախաքրիստոնեական շրջանի դամբարանադաշտ եւ բնակատեղի, ինչպես նաեւ՝ վաղ միջնադարյան ամրոցի պարիսպներ։ Նույն անվամբ սրբավայրեր են եղել Շատախի Թաղգյուղի մոտ, Արցախի տարբեր վայրերում։