Դժվար է ասել, Լենկթեմուրը լսե՞լ էր, արդյոք, Հայոց աշխարհի թանկարժեք մետաղների արդյունահանման ու մշակման մասին, որ հայտնի էր նույնիսկ Ք. ա. 3-րդ հազարամյակում, ինչը վկայում է հույն պատմիչ Ստրաբոնը` պատմելով Ալեքսանդր Մակեդոնացու` իր զորավարներից Մենոնին այդ հանքերը գրավելու նպատակով Ք. ա. 298-297 թթ. Հայաստան ուղարկելու եւ անհաջողության մատնվելու մանրամասները. հայերը «քաջարի մարտիկներ էին եւ կռվում էին անձնվիրորեն։ Նրանք ոչնչացնում են Ալեքսանդրի ամբողջ զորաբանակը՝ դաժանորեն խեղդամահ անելով զորավարին… Դրանից հետո «մեծ արքան» այդ ուղղությամբ նոր զորք չուղարկեց»։
Մեր թվարկության 14-րդ դարում պատմության ասպարեզում հայտնվեց միջինասիական թուրք-մոնղոլական զորավար, Թիմուրյանների կայսրության հիմնադիր Լենկթեմուր կոչվածը, ով պատանեկության տարիներին իր փոքր խմբով հարձակվում էր ճանապարհորդների վրա, հափշտակում ոչխարներ, ձիեր, խոշոր եղջերավոր այլ անասուններ։ 1363 թվականին` այդպիսի մի հարձակման ժամանակ, երբ փորձում է ոչխար գողանալ, հովվի արձակած երկու նետից կորցնում է ձեռքի երկու մատը եւ վիրավորվում աջ ոտքից ու հետն էլ վաստակում «Կաղ» մականունը: Նա հետագայում ստեղծում է Սամարղանդ մայրաքաղաքով կայսրություն, որը ձգվում էր ժամանակակից Թուրքիայի հարավ-արեւելքից, Սիրիայից, Իրաքից եւ Իրանից մինչեւ Կենտրոնական Ասիա՝ ընդգրկելով Ղազախստանը, Աֆղանստանը, Հայաստանը, Վրաստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը, Պակիստանը, հասնում մինչեւ անգամ Քաշգար՝ Չինաստան։ Նրա զոհերի թիվը հաշվվում է առնվազն 17 միլիոն…
Այս կաղ սատանան իրեն շրջապատում էր գիտնականներով, բանաստեղծներով, անգամ լեզուներ սովորում, գնահատում գիտությունն ու մշակույթը, մի բան, ինչն անհամատեղելի է նրա արյունռուշտ էության հետ, քանզի ուր ոտք էր դնում, անապատացնում էր, հեղում արյուն, սփռում թշվառություն։ Ագահությունն ու աչքածակությունը չլքեցին նրան անգամ աշխարհակալությունից հետո. հաշմանդամ ձեռուոտի պատմությունը երբեք չզգաստացրեց գող կայսերապետին։ Նվաճելով խոշոր տերությունները, Լենկթեմուրը 1386 թվականին` անցնելով Արաքսը, մտավ Հայաստան, որը նույնպես չխուսափեց նրա ասպատակություններից ու դաժանություններից, թեեւ թուրքմեններն այստեղ հանդիպեցին լուրջ դիմադրության, հատկապես` Սասունում ու Վանում։ Լենկթեմուրի նպատակը կարեւոր հենակետերից մեկի` Կարսի գրավումն էր, որը հզոր դիմադրությունից հետո, ի վերջո, ընկավ։ Արնախում զորավարի հրամանով գերեվարեցին վանեցի կանանց ու երեխաներին, իսկ տղամարդկանց գլորեցին ձորը… Գիտության ու մշակույթի հետ շփումներն այդպես էլ չլուսավորեցին անասնագողին, թեեւ մի ավանդույթի համաձայն` նա լավ դաս ստացավ Հայաստանում եւ, ինչպես ասում են, ականջին օղ արեց ու զորքերը հանեց մեր երկրից…
Երբ նրան պատմում են Գեղարդի ժայռակոփ, հրաշք տաճարների մասին, արձագանքում է անտարբերությամբ. «Մեր ինչի՞ն է պետք սա. ոչ ավերել կարող ենք, ոչ շալակել-տանել», բայց երբ վստահեցնում են, թե «այստեղ է պահվում Հայոց աշխարհի յոթ ձիաբեռ ադամանդը», որոշում է անձամբ հափշտակել այն, մոտենում է տաճարին ու ներս նայում, որտեղ ադամանդի պես հուրհրատում էր մի լուսափունջ, բայց երբ գայթակղված ավազակը մտնում է տաճար ու մեկնում ձեռքը, լուսափունջն անհետանում է. գործողությունը կրկնվում է մի քանի անգամ. ի վերջո, կաղ զորավարը քմծիծաղով ասում է. «Մարդ պետք է միայն տեսնի ու անցնի եւ՛ հայոց փայլատակող ադամանդը, եւ՛ ադամանդափայլ այս տաճարը»։ Դժվար է կռահել` «գիտության սիրահարը» հասկացե՞լ էր, արդյոք հայոց ադամանդի գաղտնիքը, այն, որ փայլատակող ադամանդը մտքի արդյունք, էր` հայ քարգործ-ճարտարապետ Գալձագի հղացումը, ով շարժական քար էր պատրաստել, որի շնորհիվ կեսօրին ճեղք էր բացվում դեպի դուրս, եւ արեւի ճաճանչները` ներս ընկնելով մթության մեջ, շողարձակում էին որպես ադամանդ… Այդ ժամանակվանից շատ նվաճողներ մտան Հայաստան, եկան Գեղարդ, տեսան ու անցան, անգամ տաճարի անունը կնքեցին հենց այդպես` «Տե՛ս ու անցիր…»:
Հայաստանից զորքերը հանելուց մի քանի տարի անց Լենկթեմուրը կնքեց մահկանացուն, նրա հետ էլ` արյան, տառապանքի, թշվառությունների, անեծքի վրա հիմնված հսկայական կայսրությունը։ Մեռավ Լենկթեմուրը, մեռավ եւ նրա արյունոտ կայսրությունը, չկա Գալձագ ճարտարապետը, բայց նրա վիմափոր տաճարը` արեւային իր լույսով, զրուցում է դարերի հետ…
44-օրյա պատերազմի տարելիցին Ալիեւը Բաքվում շքերթ անցկացրեց` ադրբեջանցի զոհերի դիմանկարներով. սահմռկեցուցիչ տեսարան… Հարց է ծագում` ում ինչ էր ուզում հասկացնել կամ ցույց տալ Ալիեւը. այն, որ Թուրքիան վա՞տ է կատարել իր պարտականությունը, եւ Ադրբեջանը այդքան զոհ է տվել, այն, որ ինքը պատերազմել է հզոր հակառակորդի հե՞տ, այն, որ ինքը հարգում է սեփական զոհերի հիշատա՞կը ու միաժամանակ սեփական ժողովրդին ցույց տալիս իր ինքնամեծար զորությունը` ինչ ուզի` կանի նրանց հետ, թե՞ այն, որ պատերազմը, այնուամենայնիվ, վատ բան է… Սրանցից ո՞րը, իսկ, գուցե, բոլորը միասի՞ն… Իսկ չէ՞ որ պատերազմն ինքն է սանձազերծել, ինքն է դրա հեղինակը, թե՞ ինքն ընդամենը զոհ է այդ ոճրագործ ծրագրում… Այո, տեսարանն ազդեցիկ էր, բայց որքան ազդեցիկ կլիներ մի այլ տեսարան, որ Ալիեւը չի կարող ցույց տալ ոչ մի պատերազմի գնով. ո՞ւր է նրա լուսարձակող տաճարը, եւ ո՞ւր են նրա ճարտարապետները, որ աշխարհին զարմացնեն իրենց կառույցներով, եւ ինչո՞ւ նրա ժողովուրդը չի հարցնում նրան. «Ինչո՞ւ ես սպանում մեր ճարտարապետներին, մեր միտքը, մեր հոգին, մենք ի՞նչ գործ ունենք ուրիշի հողում եւ ի՞նչ ենք անելու այդտեղ մեր զենքով…»:
Այո, Լենկթեմուրի կայսրությունը փուլ եկավ մի ակնթարթում, այդպես էլ մի ակնթարթում փուլ կգա թուրք-ազերական աշխարհակործան ծրագիրը, որքան էլ մասնատեն Հայոց աշխարհը, որքան էլ զառանցեն Թուրքիայից Միջին Ասիա ձգվող երեւակայական ճանապարհի ու իսլամական աշխարհը միավորելու հեքիաթների մասին… Միեւնույն է, նրանք ոչինչ չեն կառուցելու այդ ճանապարհին, ինչպես չկառուցեց Լենկթեմուրը, ինչպես որ հիմա չեն կառուցում իրենք, իսկ արյան ու ավերակների վրա ոչ մի բանի հիմք չի դրվում, անգամ` հզոր կայսրության…