Գայա Ասոյանը բնակվում էր Բերձորում, սովորում քաղաքի Վահան Զատիկյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցում: Սիրում էր իր քաղաքը, դպրոցը. այստեղ էր անցել մանկությունը, այստեղ էին նրա ընկերները: Եղավ պատերազմ, 44-օրյա պատերազմ, որը սկսվեց 2020 թ. սեպտեմբերի 27-ին: Կիրակի էր, եւ առավոտյան, ինչպես բոլոր արցախցի երեխաները, Գայան էլ արթնացավ պատերազմի բոթով:
Պատերազմի ընթացքը մշտապես տագնապալի էր: Ամեն օր լսում էինք քաշաթաղցի զինվորականների վիրավորվելու ու զոհվելու մասին, ամեն օր թշնամու անօդաչու թռչող սարքերը պտտվում էին նաեւ Բերձորի երկնքում, թշնամու արձակած հրթիռները պայթում էին քաղաքի մոտակայքում, փողոցներում: Այս ամենի մասին է Գայա Ասոյանի «Երբ որոտաց պատերազմը…» պատմվածքը, որը գրվել է հարազատ քաղաքից հեռանալուց հետո, եւ որն առանձին գրքույկով հրատարակել է «Նուռ» հրատարակչությունը: Առաջաբանում հեղինակը գրել է. «Սա գիրք է՝ գրված մեկ այլ կյանքի մասին, որն ապրել ենք հենց այս կյանքում։ Այստեղ, ինչպես նաեւ 44-օրյա կյանքում, պայքար է գնացել բարու՝ խաղաղության, եւ չարի՝ պատերազմի միջեւ։ Այս գիրքն ամբողջությամբ բացահայտում է ամիսներ շարունակ սրտումս կուտակվածը…»։
Երեկ Երեւանի Հովհաննես Թումանյանի թանգարանում տեղի ունեցավ գրքույկի շնորհանդեսը, որը կազմակերպվել էր Քաշաթաղի շրջանային «Մերան» պաշտոնաթերթի նախաձեռնությամբ: Ներկա էին Գայայի հարազատները, ընկերներ, ինչպես նաեւ ուսուցիչները՝ Բերձորից եւ Աբովյան քաղաքից, որտեղ այժմ սովորում է հեղինակը: Խոսելով հեղինակած գրքի մասին՝ Գ. Ասոյանն անդրադարձավ 44-օրյա կործանարար պատերազմին, որի պատճառով ինքն ու հազարավոր արցախցի մանուկ ու երիտասարդ լքել են հարազատ տները: Կորցրել են նաեւ ներքին խաղաղությունը: Հավատում է երիտասարդ ստեղծագործողը՝ մի օր տուն են վերադառնալու, իր ապագան հարազատ տանն է տեսնում, որտեղ ծնվել ու հասակ է առել, որին կապված է եղել ջերմ ու նուրբ սիրով: Հավատում է՝ կրկին հայկական շնչով կլցվեն Քաշաթաղն ու Շուշին, Հադրութն ու Քարվաճառը: Մեր մեծ ցավի, անդառնալի կորուստների, հազարավոր նահատակների մասին է գրել՝ մշտապես վերհիշելով տագնապալի այն օրերը: Հոգու անդորրը կորցրած՝ գրում է՝ այնտեղ՝ նորից գերված հայրենիքում է թողել իր անցած 16 տարիները, որի մասին դժվարանում է խոսել, բայց արդեն գրել է: Խաղաղության մասին է ուզում գրել, բայց չի ստացվում, սակայն հավատում է՝ կգա խաղաղ ապրելու իսկական ժամանակը:
Շնորհակալ է երիտասարդ գրողը, շնորհակալ ու երախտապարտ հատկապես այն տղաներին, ովքեր ելան մարտի, ովքեր մարտիրոսվեցին, ովքեր տուն եկան վիրավոր, ովքեր ողջ են ու պատրաստ՝ բերելու իրական խաղաղությունը: Ընթացքում հնչում էր ջութակը. երիտասարդ Վալենտինա Արզումանյանն իր կատարումով եւս ներկաներին, որոնց մեծ մասը քաշաթաղցիներ էին, տարավ Արցախ-Քաշաթաղ, որտեղի դպրոցներում էին կրթվում ու դաստիարակվում աշխարհի ամենաբարի երեխաները: Քաշաթաղի շրջվարչակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի բաժնի վարիչ Վարդուշ Մովսիսյանը, ով դասավանդել է նաեւ Գայային, ողջունեց ներկաներին, շնորհավորեց ներկա մանկավարժներին Ուսուցչի օրվա առթիվ: Շնորհավորելով Գայային՝ Վ. Մովսիսյանը նրա օրինակով նշեց՝ քաշաթաղյան դպրոցներում նման երեխաներ են կրթվել:
«Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ նախագահ Կարինե Մովսեսյանը, ով ժամանակին աշխատել է Բերձորի թիվ 2 միջնակարգում՝ ռուսաց լեզվի ուսուցչուհի, դասավանդել Գայային, նույնպես անդրադարձավ 44-օրյա պատերազմին, որը մեծ ցավ պատճառեց մեր ազգին եւ որը մեծ ծանրությամբ նստած է նաեւ երեխաների հոգու վրա: Գրքից հատվածներ ընթերցեց Երիտասարդ գրողների ընտանիքի անդամ Անգելինա Չոբանյանը, ով երկար ժամանակ չէ, ինչ ճանաչում է Գայային եւ գոհ է, որ իրենց շարքում կա նրա նման ստեղծագործող: Ստեփանակերտցի, Երեւանի Մ. Հերացու անվ. պետական բժշկական համալսարանի բուժֆակի երկրորդ կուրսի ուսանողուհի Լուսինե Ավանեսյանը պատերազմից հետո է հանդիպել Գայային, մտերմացել են: Կարծում է, որ արցախցի բոլոր պատանիների ու երիտասարդների հոգուց է գրված «Երբ որոտաց պատերազմը…» պատմվածքը: Աբովյանի դպրոցի ուսուցչուհի Ֆենյա Մելքումյանը, ով այժմ Գայայի դասղեկն է, բարձր է գնահատում իր սանի գիտելիքները, հայրենասիրությունը:
Վերջում Գ. Ասոյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին, մասնավորապես՝ Հովհ. Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանին, ով ներկա էր հանդեսին, եւ շատ հպարտ էր, որ այս նշանավոր մշակութային օջախում կայացավ իր առաջնեկ գրքի շնորհանդեսը: