Աշխատանքային այցով նախօրեին Երեւան են ժամանել Փոթիի նավահանգստի կոմերցիոն ղեկավար Իյան Ռավլինսոնը (Մեծ Բրիտանիա) եւ ֆինանսական ղեկավար Ջուլիան Անդրես Ֆերնանդեսը (Կոլումբիա)։ Վերջիններս նոր են նշանակվել նշված պաշտոններին եւ Երեւան էին ժամանել տեղում ծանոթանալու հայաստանյան իրենց գործընկեր միջազգային փոխադրող «Ապավեն» ընկերության գործունեությանն ու կարողություններին։
Ինչպես նշեց «Ապավենի» գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը, Փոթիի նավահանգստի նոր ղեկավարությունը ցանկություն էր հայտնել անձամբ ծանոթանալու միջազգային փոխադրող կառույցի առավելություններին, տեխնիկական հզորություններին, մեքենայական պարկին, պահեստավորման հնարավորություններին, կադրային ռեսուրսներին։ Քննարկվել են նաեւ երկկողմ համագործակցության հեռանկարները, արդյունավետության առավել բարձրացման ուղիները, միջազգային բեռնափոխադրումների արդիականացման եղանակներն ու պայմանները։
Փոթիի նավահանգստի սեփականատերն է աշխարհում առաջատարը համարվող դանիական «Մաեռսկ» (Maersk) ծովային ընկերությունը, որի հետ «Ապավենը» համագործակցում է ավելի քան երկու տասնամյակ։
«Մաեռսկը» մասնագիտացված է ծովային բեռնափոխադրումների եւ նավահանգիստների տերմինալների ծառայությունների մատուցմամբ: Գլխավոր գրասենյակը Կոպենհագենում է, իսկ դուստր ձեռնարկություններն ու գրասենյակները, որոնցում աշխատում է շուրջ 79 հազար մարդ, տեղակայված են աշխարհի ավելի քան 135 երկրում: 2018 թ. «Մաեռսկը» միջազգային շուկայում ճանաչվել է բեռնարկղերի առաքման համաշխարհային առաջատար՝ ունենալով 18 տոկոս մասնաբաժին: