Օրերս Օշականում տեղի ունեցած Թարգմանչաց տոնի շրջանակներում, ի թիվս այլոց, «Կանթեղ» մրցանակի էր արժանացել նաեւ գերմանուհի Բեթինա Վյորմանը՝ շուրջ 450 էջ կազմող իր թարգմանական գրքի համար: Իսկ երեկ Հայաստանի գրողների միությունում կայացավ բանաստեղծական այդ ժողովածուի շնորհանդեսը՝ թարգմանչուհու մասնակցությամբ:
Ողջունելով հյուրին՝ ԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը նշեց, որ հատորյակի կազմմանն աջակցել են Ալբերտ Նալբանդյանը, գերմանաբնակ բանաստեղծ Արամազդ Սեւակը, իսկ գիրքը հրատարակվել է Գերմանիայում՝ իր՝ թարգմանչուհու նախաձեռնությամբ եւ նրանց միջոցներով: Ավելին՝ թարգմանչուհին Հայաստան է եկել առանց հատուկ հրավերի, սեփական ծախսերով՝ իր հետ բերելով հրատարակության որոշակի տպաքանակ: Հիրավի, վեհանձն արարք: Նման պարագաներում, նշեց բանախոսը, որքան գեղեցիկ ու պատշաճ կլիներ, եթե մենք ի վիճակի լինեինք հրավիրելու, ինչ-որ կերպ աջակցելու մեր գրականության նորօրյա նվիրյալին: ԳՄ նախագահը երախտագիտության խոսք ասաց Բեթինա Վյորմանին իր տքնաջան աշխատանքի ու մեծարժեք այս գիրքը կազմելու, հրատարակելու, գերմանացի ընթերցողին ժամանակակից հայ պոեզիան ներկայացնելու համար:
Ինչպես ընդգծեց «Լիտերատուրնայա Արմենիա» գրական ամսագրի գլխավոր խմբագիր Ալբերտ Նալբանդյանը, մեզ համար այսպիսի թարգմանչուհիները պարզապես գյուտ են, իսկ Վյորմանը հատորյակի վրա աշխատել է տարուց ավելի՝ մեզ նվիրաբերելով սույն սքանչելի ժողովածուն: Նաեւ ասաց, որ թարգմանչուհու այս նախաձեռնությունը միայն սկիզբն է, դեռ նոր թարգմանություններ են լինելու:
Թարգմանված հեղինակներից Հենրիկ Էդոյանը եւս անկեղծացավ.
-Դժվար է գերագնահատել մեր սեղանին դրված գրքի արժեքը՝ մանավանդ մեր ապրած դժնի ժամանակներում՝ պատերազմից վիրավոր երկիր, անդառնալի կորուստներ, աղետաբեր համավարակ, տագնապներով ապրող ժողովուրդ, եւ այս իրավիճակում՝ ջերմացնող ու լուսավոր մի բան: Այս վերաբերմունքը համանման է Վալերի Բրյուսովի՝ 1916 թվականին ցուցաբերած նախաձեռնությանը՝ հայ պոեզիայի ստվարածավալ ժողովածուն ռուսերենով հրատարակելուն մեծ եղեռնից հետո…
Ասենք, որ Բեթինա Վյորմանն ինքն էլ է բանաստեղծ, եւ թարգմանությունների հաջողությունն առավելապես այս իրողությամբ է պայմանավորված: Նա շնորհակալություն հայտնեց գրողների տանը ջերմ հյուրընկալման, գնահատանքի խոսքերի, «Կանթեղ» մրցանակի արժանանալու համար: Ընդունեց նաեւ բանախոսներից մեկի այն ջերմ խոսքը, որ, այո, Հայաստանն այսուհետ նաեւ իր տունն է, եւ որ հայ պոեզիան իրեն շատ է դուր գալիս: «Ես ոչ միայն գոհ եմ, այլեւ երջանիկ»,- հավելեց նա:
Վերջում փաստենք, որ գրքում ներկայացված են 60-70-ականներին ասպարեզ իջած բանաստեղծներից մինչեւ ժամանակակիցներից շատերի գործերը: Նրանցից մի քանիսը ներկա էին միջոցառմանը եւ հանդես եկան երախտագիտության խոսքով: Ոմանք առաջարկեցին, որ նույնը ձեռնարկվի նաեւ այստեղ՝ Հայաստանում, ասել է թե, թարգմանաբար հայ ընթերցողին ներկայացվի Հայնեի, Գյոթեի հետնորդ-ժամանակակից բանաստեղծների ստեղծագործությունների ժողովածուն: Առաջարկը դրական արձագանք ունեցավ:
Հուսանք, որ այդ առաջարկը, անկախ դժվարություններից, անպայման իրողություն կդառնա: