«Բանասիրական ֆակուլտետի ուսանողները հաճախ բացակայում էին իմ դասերից եւ Հովհաննես Շիրազի հետ գնում էին որեւիցե մի տեղ ու ժամերով նստում: Հետո գալիս էին մի թղթով, որի վրա Շիրազը գրած էր լինում, թե «իմ ընկերն է, խնդրում եմ օգնեք…»: Ես օգնում էի նրանց, որովհետեւ ասում էի, որ եթե ոչ մի բան էլ չլինի, Շիրազից հաստատ մի բան սովորած կլինեք…
…Քանի որ ՀԽՍՀ ղեկավարները հիմնականում ռուսախոս էին, նրանց հայերեն սովորեցնողներ էին պետք, եւ Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Յակով Զարոբյանի հետ ես եմ հայերեն պարապել: Մեքենան գալիս էր, ինձ տանում էին կենտկոմ, դասը պարապում էի, ու հետո նորից հետ էին բերում: Հիանալի գրագետ մարդ էր, եւ ես նրան հանձնարարեցի երեք գիրք կարդալ՝ «Սամվել», «Վարդանանք» եւ «Պապ թագավոր», ինչից հետո նրան ճանաչողներն ինձ ասում էին, որ Զարոբյանը ավելի հայրենասեր է դարձել…»:
Հովհաննես ԲԱՐՍԵՂՅԱՆ
Համոզված եմ՝ բոլոր նրանք, ում ժամանակին բախտ է վիճակվել թեկուզ կարճատեւ մի դասընթացում այս մեծ ու խորագիտակ լեզվաբանի ուսանողը լինել, պատկառանքով, երախտագիտությամբ են վերհիշելու կամ տալու նրա անունը: Նա՝ խստապահանջ, բայց երբեւէ ուսանողին թեւաթափ չանող մեր առինքնող դասախոսը, որի վաստակը հայ լեզվաբանության մեջ անսակարկելի է ու ծանրակշիռ. «Արդի հայերենի բայի եւ խոնարհման տեսություն», «Մանուկ Աբեղյանի հինգ հոլովի տեսությունը եւ նրա հին ու նոր քննադատությունները», «Հայերենի խոսքի մասերի տարբերակման տեսությունները», «Հայերենի խոսքի մասերի ուսմունքը»: Բոլորը չթվարկենք: Մեծավաստակ գիտնականը, սակայն, առավել հայտնի է որպես «Ուղղագրական-ուղղախոսական տերմինաբանական բառարանի», ինչպես նաեւ «Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարանի» ու հանրակրթական դպրոցի 4-րդ եւ 5-7-րդ դասարանների համար նախատեսված «Հայոց լեզու» դասագրքերի համահեղինակ:
Ուշագրավ է վերոնշյալ աշխատություններից մեկի՝ տեղանունների բառարանի ստեղծման պատմությունը: «Իմ ուսանողության տարիներին, երբ բնակվում էի հանրակացարանում, դարձել էի Հրաչյա Աճառյանի հարեւանը,- իր 90-ամյա հոբելյանի առիթով վերհիշել է մեծանուն գիտնականը:- Տեղանունները մենք գրել ենք Աճառյանի հանձնարարականով. Աճառյանն է մեզ խորհուրդ տվել զբաղվել տեղանունների բառարանով՝ ասելով, որ ինքը պետք է գրեր, բայց արդեն ծեր է: Այդ բառարանի անունը մենք դրեցինք «Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան», քանի որ եթե գրեինք «Հայաստանի պատմական տեղանուններ», ապա մեզ կմեղադրեին Թուրքիային պատերազմ հրահրելու մեջ…»:
Ասենք, որ ականավոր գիտնական-դասախոսը պրոֆեսորներ՝ պատմաաշխարհագրագետ, պատմական գիտությունների դոկտոր Թադեւոս Հակոբյանի եւ պատմաբան, աղբյուրագետ, պատմական գիտությունների դոկտոր Ստեփան Մելիք-Բախշյանի հետ է համահեղինակ հնգհատորյա կոթողային այս աշխատության, որը, փաստորեն, հենց պատմական Հայքի տեղանունների գրեթե ամբողջական բառարանն է: Ի դեպ, գործընկերների վախճանով պայմանավորված, նա միայնակ է խմբագրել ու հրատարակության պատրաստել հիշյալ բառարանի վերջին երկու ստվարածավալ հատորները: Տիտանական մի աշխատանք, որն արժանացել է նախագահական մրցանակի:
Լեզվաբանի հիշողություններում անջնջելի են եղել հայ մեծերից շատերը: Վարպետին՝ Ավետիք Իսահակյանին, անդրադարձել է իր թեկնածուական ատենախոսության առիթով. «Հենց նրա շնորհիվ էր, որ բարձր գնահատական ստացա: Իմ ատենախոսության թեման բայի խոնարհման ձեւերն էին հայերենում, եւ ինձ այն ժամանակ «բայի մարքսիստ» էին ասում: Ես աշխատանքում որոնել եւ գտել էի Իսահակյանից մի երկտող՝ «Կխորտակեմ կամարները երկնային, / Եվ չեմ թողնի դու մեռնիս…», որտեղ բանաստեղծը սահմանական, ըղձական եւ ենթադրական եղանակները խառնել եւ դարձրել էր մի ամբողջություն»: Եվ Իսահակյանը, որ այդ ժամանակ նստած է եղել նախագահությունում, որպես համաձայնության նշան՝ գլխով է արել, եւ դահլիճը պայթել է ծափերից…
Վաստակաբեռն հայագետը, որ անցել էր Մեծ հայրենականի ռազմի դաշտերով, խրամատներում Թումանյանի քառյակները արտագրելիս, ընկել էր ռմբակոծությունների տակ, վիրավորվել մի քանի անգամ եւ փրկվել հրաշքով: Ճակատագիրը նրան վերապահել էր գիտական երկարամյա կյանք, բեղմնավոր գործունեություն՝ ի շահ հայ լեզվամշակույթի, ի շահ սերնդակրթման: Նա ինքը լինելով երեւելի մտավորական, այս դասի մարդկանց առանձնացնում էր երեք խմբի՝ հանճարներ, տաղանդներ, մեծանուններ: Նրա համոզմամբ՝ հանճարների նժարին էին Սայաթ-Նովան, Եղիշե Չարենցը, Հովհաննես Թումանյանը, Ավետիք Իսահակյանը, Խաչատուր Աբովյանը, Հրաչյա Աճառյանը, Ջիվանին ու Վիկտոր Համբարձումյանը: Իսկ ո՞ր դասում էր ինքը: Հավանաբար, այն անխոնջ մշակների, ովքեր իրենք չեն նժարում սեփական վաստակը, բայց մնում են հայոց ոգեղենի ակոսներում իբրեւ լույսի սերմնացաններ…