Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 8, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Աղավնատան ամենամեծ դահլիճը, ամենամեծ բեմը

Որտեղ 2013-ին ելույթ ունեցավ «Ակունք» ազգագրական համույթը

Հոկտեմբերի 28, 2021
Այլք
Աղավնատան ամենամեծ դահլիճը, ամենամեծ բեմը
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
326
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայկական երգի ու պարարվեստի ասպարեզում արդեն 45 տարվա պատմություն ունի «ԱԿՈՒՆՔ» ազգագրական համույթը, որը ստեղծվել է 1976 թ. Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում՝ բանասիրական գիտությունների թեկնածու, ազգագրագետ, բանահավաք Մարո Մուրադյանի կողմից։ 1977 թ. նոյեմբերի 6-ին Երեւանի պետական համալսարանում կայացել է խմբի առաջին ելույթը, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել հանրության շրջանում։

Հոկտեմբերի 26-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի Մարո Մուրադյանի անվան «Ակունք» ազգագրական համույթը համերգով հանդես եկավ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում: Պատահաբար իմացա համերգի մասին, որի սկսվելուն կես ժամ էր մնացել։ Մտովի տեղափոխվեցի Քաշաթաղ եւ գնեցի համերգի տոմս։ Մինչ համերգի սկսվելը ճեմասրահում տեսա «Ակունքի» երկարամյա գեղարվեստական ղեկավար ու երգերի անզուգական կատարող Սարգիս Ալավերդյանին, ով առողջական խնդիրների պատճառով հանդիսատեսի կարգավիճակում էր։ Հիշեց 2013 թ. հոկտեմբերի 6-ին Քաշաթաղի շրջանի Աղավնատուն գյուղում իրենց խմբի համերգը։ Տեղեկացրեց, որ այժմ համույթը ղեկավարում է Արթուր Շահնազարյանը, եւ ներկայացրեց նրան՝ կոմիտասագետ, խազագետ, ազգային երգ ու պարի շատ լավ գիտակ։ Հավելեց նաեւ՝ օրվա համերգում ընդգրկված են նոր երգեր, որոնք մշակել է Կոմիտասը, եւ առաջին անգամ են հնչելու։ Սկզբում դահլիճը դատարկ էր, սակայն շուտով լցվեց հայ ազգագրական երգ ու պարի սիրահարներով։

Համույթի ղեկավար Ա. Շահնազարյանը ողջունեց հանդիսատեսին եւ տեղեկացրեց, որ համերգը կկայանա 2 մասից։ 1-ին մասում հնչեցին հայ ժողովրդական երգեր` հիմնականում նվիրված աշխատանքին։ Ա. Շահնազարյանը նշեց՝ հայ մարդը ցանկացած աշխատանք՝ երեխա օրորելիս, իլիկ մանելիս, սանդ ծեծելիս, խնոցի հարելիս, վար անելիս եւ բոլոր մնացած գործերն անելիս երգել է։ Հավելեց նաեւ, որ այսօր միայն հայ երգարվեստում են պահպանվել հաց արարելու մասին երգեր։ Այսինքն՝ հայը հողը հերկելիս, սերմը ցանելիս, արտը ջրելիս, բերքը հնձելիս, ցորենն աղալիս, հացը թխելիս դարձյալ երգել է։ Անդրադառնալով «Նուբարներ» երգերին, որոնք մի քանի տեսակ են երգվում, ասաց, որ Կոմիտասի աշակերտ Սպիրիդոն Մելիքյանը մշակել է այդ երգերի՝ Սասունի ու Մուշի տարբերակները, որոնք հնչեցին առաջին անգամ։ Համերգն սկսվեց հենց հաց արարելու եւ իլիկ մանելու տեսարանով։ Անզուգական երգերի կատարմամբ հսնդես եկավ «Ակունքի» հիմնադիրներից Սարգիս Բաղդասարյանը, ով չնայած ծերունական տարիքին` հայ ազգագրական ու ռազմահայրենասիրական երգերը կատարում է անթերի ու առանձնակի վարպետությամբ։ Երգերի ազգագրական կատարումները համույթի անդամների կողմից հնչում էին սրտաբուխ ու գերող։ Ծափերը չէին դադարում։

Համերգի երկրորդ մասում հնչեցին ու կատարվեցին Շատախի, Սասունի երգեր ու պարեր։ Առավել ոգեւորեցին ռազմահայրենասիրական երգերը՝ պարային կատարումներով ուղեկցված։ Համերգի երկրորդ մասում դահլիճում նույնպես պարում էին։ Համերգին ներկա էր նաեւ «Բեկոր» ազգագրական պարի խումբը՝ պարուսույց Հարություն Բաղդասարյանի գլխավորությամբ։ «Բեկորը» նույնպես պարեց «Ակունքին» զուգահեռ։ Համերգի ողջ ընթացքում ակամայից հիշում էի «Ակունքի» քաշաթաղյան համերգը։ Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորում հաճախ էին համերգներ կազմակերպվում, հատկապես՝ տոնական օրերին, սակայն այլ է, երբ ճանաչված երգիչներն ու համույթներն իրենց արվեստը հրամցնում են հեռավոր, այսպես ասած` աշխարհից կտրված գյուղերում: Ու 2013 թ. հոկտեմբերի 6-ին Քաշաթաղի շրջանի Աղավնատուն գյուղի բնակչությանը մոտ մեկ ժամ հաճելի անակնկալ մատուցեց մեր ժողովրդի լավագույն երգի ու պարի ազգագրական համույթներից «Ակունքը»: Ուսուցչի օրվա առթիվ Արցախ էին եկել մի քանի խմբեր եւ համերգներով հանդես էին գալիս տարբեր շրջաններում։ «Ակունքը» ճանաչված երգիչներ Դավիթ Ամալյանի եւ Մկրտիչ Մկրտչյանի հետ Մարտակերտում իր նվերն էր մատուցել շրջանի ուսուցիչներին մասնագիտական տոնի առթիվ: Երեւան վերադառնալիս «Ակունքի» երգիչները, չնայած անձրեւային եղանակին եւ ճանապարհի դժվարությանը, համաձայնեցին հասնել Աղավնատուն: Երբ հասան Բերձոր, արդեն մթնում էր, բայց պետք է անպայման համերգ տային Աղավնատանը։ Սակայն խմբին տեղափոխող «Մերսեդես» մակնիշի միկրոավտոբուսը չէր կարող անցնել Աղավնատուն գնացող ճանապարհով։

Գյուղը շրջանի հարավարեւելյան կողմում է՝ Բերձորից մոտ 35 կմ հեռու, Հակարի գետի ձախակողմյան բարձրադիր ձորակներում։ Պատմական Հարար գյուղը, Խաչգետիկը նույնպես մտնում էին Աղավնատուն համայնքի մեջ, եւ միասին ունեին մոտ 140 բնակիչ։ Բերձոր-Կովսական գլխավոր ճանապարհի 30 կմ-ից հետո ձախ բարձրացող ոլորապտույտ ոչ բարվոք ճանապարհով անցնում էինք մոտ 5 կմ եւ հասնում Աղավնատուն ու Խաչգետիկ, այդքան էլ պետք է անցնեինք Հարար հասնելու համար։ Նույն ճանապարհը շարունակվում էր դեպի Հադրութի շրջան՝ Արփագետիկ, Սպիտակաշեն, Խծաբերդ… Աղավնատան համայնքի ղեկավար Նազիկ Մելքոնյանը զանգահարեց եւ տեղեկացրեց, որ հանդիսատեսը համույթին է սպասում։ Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ, երջանկահիշատակ Արտուշ Մխիթարյանի, մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Հարութ Ավանեսյանի հետ կազմակերպեցինք «Ակունքի» այցն Աղավնատուն։ Երթեւեկեցինք «ՈՒԱԶ» եւ «Նիվա» ամենագնացներով։ Ճանապարհին զրուցեցի համույթի գեղարվեստական ղեկավար Սարգիս Ալավերդյանի հետ: Ներկայացրեց համույթի պատմությունը, նվիրյալներին։

Սկզբնական շրջանում «Ակունքում» ընդգրկված էր Արեւմտյան Հայաստանի Վան, Մուշ, Սասուն, Շատախ եւ այլ բնակավայրերից 1915 թ. տեղահանված բնիկ հայ բնակչության առաջին կամ երկրորդ սերունդը ներկայացնող մոտ 30 հոգի։ 1981 թ. Ստեփան Պողոսյանի շնորհիվ համույթը պաշտոնապես գրանցվել է որպես Ազգային ռադիոյի եւ հեռուստատեսության պետական համույթ։ Այդ տարիներին հանդես է եկել ՀԽՍՀ տարբեր շրջաններում, արտասահմանյան շատ երկրներում։ Խմբի ծրագրերում ընդգրկված են պատմական Հայաստանի տարբեր ազգագրական գոտիների երգեր, պարեր եւ երաժշտական նմուշներ, որոնք ներկայացնում են ամենատարբեր ժամանակաշրջանները՝ սկսած հեթանոսական շրջանից մինչեւ մեր օրերը։

«Ակունքի» նահապետ Սարգիս Բաղդասարյանն անհանգիստ էր՝ պետք է դահլիճը տեսներ, որոշակի հարցեր կարգավորեր, որպեսզի համերգը պատշաճ կայանար։ Վերջապես տեղ հասանք՝ 35 կմ մառախլապատ ու ջրափոսերով լի ճանապարհն անցնելով մոտ 1.5 ժամում։ Մեծ ուրախությամբ դիմավորեցին «Ակունքին» գյուղապետն ու դպրոցի տնօրենի որդին՝ Հայկ Միրոնյանը, ուսուցիչները, որոնց օրվան էր նվիրված համերգը։ Դահլիճը դպրոցի միջանցքն էր։ Երկհարկանի փոքր չափերով շենք էր՝ կառուցված վերաբնակեցման տարիներին՝ նախատեսված մոտ 50 աշակերտի համար։ Նույն շենքում էր նաեւ համայնքապետարանը։ Անակնկալի եկավ Ս. Բաղդասարյանը` ինչպես պետք է ելույթ ունենան այդ պայմաններում։ Լուսավորությունն էլ թույլ էր, որն ընթացքում որոշակիորեն կարգավորեցինք, մինչեւ համույթի անդամները կզգեստափոխվեին։ Հանդիսատեսը համայնքի ողջ բնակչությունն էր՝ մանուկ ու դպրոցական, երիտասարդ ու տարեց։ Մի կերպ տեղավորվեցին դպրոցական աթոռներին, շարվեցին պատերի տակ։ Ու սկսվեց համերգը։ Ելույթից առաջ Սարգիս Բաղդասարյանը ողջունեց ներկաներին՝ ասելով, որ այստեղ համերգ տալը մեծ պատիվ է իրենց համար, քանի որ եկել են ուրախացնելու արյունով ազատագրված հայոց պատմական հողը շենացնողներին՝ նորօրյա հերոսներին:

Կարծում եմ՝ «Ակունքի» լավագույն ելույթներից մեկն էր, որ տեղի ունեցավ աշխարհից կտրված այս գյուղում։ Չէին դադարում ծափերը, եւ չէին կտրվում ազգագրական, ռազմահայրենասիրական երգն ու պարը։ Իր հմայող ձայնով երգում էր նաեւ  համույթի մեներգիչ Անդրանիկ Հովհաննիսյանը, ով վախճանվեց 2020 թ. գարնանը։ Եղավ նաեւ հյուրասիրություն՝ հայ մարդուն վայել։ Համայնքի ղեկավար Նազիկ Մելքոնյանը տեղեկացրեց, որ համայնքում կա 38 ընտանիք՝ 137 բնակչով, որից 50-ը երեխաներ են: Դպրոցում կա 24 աշակերտ եւ 9 ուսուցիչ՝ 6 լրակազմ դասարաններով: Առաջին դասարանում սովորում են 2 աշակերտ, 12-րդում՝ 1:

«Նայում եմ ձեր աչքերին, եւ հուզմունքը խեղդում է ինձ. այն լուսավոր կետն եք, որ 3 գյուղերով համախմբվել եք այս փոքր դպրոցում, որը, սակայն, մեզ համար ամենամեծ դահլիճն է, այս հատակը՝ ամենամեծ բեմը: Հավատում եմ, որ կգա օրը, եւ կմեծանա համայնքը, յուրաքանչյուր բնակավայր կունենա իր մեծ դպրոցը: Շնորհակալ եմ, որ դուք այստեղ եք. հաղթանակը կլինի կատարյալ, եթե ազատագրված հողում հայը բնակվի, բնակավայրը շենանա»,- եզրափակեց խոսքը ճանաչված երգիչ Սարգիս Բաղդասարյանը:

Ուշ էր արդեն, որ վերադարձանք Աղավնատուն համայնքից եւ Սյունիքի Տեղ գյուղ հասանք նոր բացված ճանապարհով, որը Հակարի գետի աջ ափով հասնում էր Կոռնիձոր եւ շարունակվում։ Տեղ գյուղում սպասում էր համույթի «Մերսեդեսը», որը շարժվեց դեպի Երեւան։ Մենք վերադարձանք Բերձոր։

…«Առնո Բաբաջանյան» համերգասրահում կայացած համերգի ողջ ընթացքում ոգեւորված էի. հնչում էին երգեր, որոնք վաղուց են եղել ինձ ուղեկից, սակայն մտքով Քաշաթաղում էի, Հարարում, Խաչգետիկի փոքրիկ դպրոցում, 1993 թ. ազատագրված մեր հայրենիքում, որը 25-27 տարի վերահայացրեցինք, շենացրեցինք ու 2020-ին կրկին թողեցինք թուրքին…

Թեգեր: «Ակունք» ազգագրական համույթերգիչմշակույթ
Կիսվել1Tweet1Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Նրան գնահատում են եւ օգնում

Նրան գնահատում են եւ օգնում

Սպարապետի կերպարով ոգեշնչված

Սպարապետի կերպարով ոգեշնչված

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    429 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Իրանը չի ընդունում արցախյան պատերազմի արդյունքները

    35 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist