Արծաթե աստղը փայլում է ծովի վրա,
Ալիքը հանդարտ է, քամին` շնկշնկան,
Եկեք իմ արագաշարժ փոքրիկ նավակը
Սուրբ Լուչիա, Սուրբ Լուչիա…
Santa Lucia, santa Lucia!… Սիրում էր այս երգը, երգում ինքն իր համար, երգում էր իտալերեն, իսկ Հեմինգուեյի համար նա կիսով չափ Դոն-Կիխոտ էր, կիսով չափ` Համլետ, ինձ համար` Աթանես Ղամբարյան, թուրքական յաթաղանից հրաշքով փրկված, տառապալից ու կարոտաբաղձ հայացքով, Մասիսի վեհությամբ` որպես հայ ժողովրդի հարատեւության խորհրդանիշ… Քչերից մեկն էր, գուցե եւ առաջինը, ում մասին կարող եմ ասել` իմ կուռքն էր… Այդ դեմքը` խորունկ աչքերի փոթորկալից հույզերով, դեպի հեռուն ուղղված հայացքով ու դեպի ներս կանչող անդիմադրելի ձգողականությամբ…
Ճշմարտությունն այն է, որ հիշյալ բոլոր կերպարներն էլ բնութագրական ու կենսագրական էին Հրաչյա Ներսիսյանի համար, անգամ որպես Համլետ ակամա դարձել է սեփական մահաբեր նամակի սուրհանդակը. դա պատահեց, երբ գերմանացի մայոր Բերելը, որ փրկել էր Ներսիսյանի կյանքը, հեռացավ Թուրքիայից։ Այդ ժամանակ կարծես հենց դրան էլ սպասում էին. Ներսիսյանին տվեցին գաղտնի առաքույթ, որը նա պետք է հանձներ Կոստանդնուպոլսում ինչ-որ սպայի, բայց ինչ-ինչ պատճառներով Ներսիսյանը շեղվում է ուղուց եւ հետաքրքրության համար բացում փաստաթուղթը, իսկ այնտեղ` ոչ ավելի, ոչ պակաս, գրված էր. «Այս ծրարը բերողը կասկածվում է լրտեսության մեջ եւ պետք է մահապատժի ենթարկվի»։ Բարեբախտաբար, կրկին փրկվում է եւ սկսում մտածել անելիքների, ապագայի մասին…
Որոշ աղբյուրների համաձայն՝ Հրաչյայի իսկական ազգանունը Քեչեչյան էր կամ Աճեմյան. հավանաբար, հետագայում, ազգանունը վերցրել է հոր անունից` Ներսես… Հրաչյա Ներսեսի Ներսիսյանը ծնվել է Նիկոմեդիայում, 1895 թ. նոյեմբերի 24-ին, մահացել նույն ամսին` 1961 թ. նոյեմբերի 6-ին Երեւանում։
Փոքրիկ ընտանիքի հայրն արհեստավոր էր, միջոցները սուղ էին, բայց կարողանում են Հրաչյային ուսման տալ Կոստանդնուպոլսի ֆրանսիական` Սեն-Բարբ, ապա` ամերիկյան Ռոբերտ քոլեջներ, հայկական Եսայան վարժարան, որոնցից ոչ մեկը չի ավարտում։ Փոխարենը լեզուներ է սովորում մորաքրոջ ամուսնու` արվեստասեր Գրիգոր պապի ընտանեկան հավաքույթներում, որտեղ ներկա էին լինում ժամանակի անվանի ստեղծագործողները՝ ինչպես Դանիել Վարուժանը, Կոմիտասը։ Միջավայրը նպաստավոր էր լեզուներ սովորելու համար. նա սկսում է վարժ տիրապետել հայերենին, անգլերենին, ֆրանսերենին, իտալերենին, արաբերենին, թուրքերենին, գրում ոտանավորներ եւ փորձում դրանց համար երաժշտություն հորինել։ Թատրոնի մասին չէր էլ մտածում։ 1915 թ. զորակոչվում է թուրքական բանակ՝ որպես թարգմանիչ։ Նույն թվականին սկսվում է հայերի կոտորածը։ Որպես տաճկական զինվոր` երեք տարի թարգմանչական աշխատանքներ է կատարում Մերձավոր Արեւելքի եւ Միջագետքի երկրներում`մատնված հոգեկան խռովքի ու ապատիայի. այն, ինչ կատարվում էր աշխարհում եւ սեփական ազգի ու սիրելիների հետ, գիտակցությունը մերժում էր ընկալել, ի վերջո` թեւաթափ, 1918 թ. վերադառնում է Պոլիս։
Թուրքական յաթաղանից դիպվածով փրկված Ներսիսյանին բանտախուց են գցում մուսուլման գերիների հետ։ Սրանք իրենց ժամին սկսում են աղոթել։ Ներսիսյանը հետեւում է նրանց շարժումներին եւ ճշտությամբ կրկնում, սակայն մեկը նկատում է, որ նա մուսուլմանական աղոթքի ոչ մի բառ չգիտի. սկսում են ծեծել, կանչում բերդի պարետին։ Սա իսկույն գլխի է ընկնում, որ նա հայ է, վախենում է եւ հասկացնել տալիս, որ չմատնի իրենց, ավելին` թուրք պահակախմբի ներկայությամբ դաժանաբար ծեծում է եւ կարգադրում գցել մենախուց։ Նույն գիշեր պարետը գաղտնի այցելում է Ներսիսյանին, հուշում, որ մահապատժից խուսափելու միակ փրկությունը գերմանական բանակի շտաբ մտնելն է` որպես թարգմանիչ։ Ներսիսյանի իմացած լեզուների մեջ գերմաներեն չկար, ուստի պարետից խնդրում է ֆրանսերեն-գերմաներեն բառարան եւ երեք օրում այդ բառարանով գերմաներեն սովորում. չորրորդ օրը պետք է գնար գերմանական շտաբ… Ներկայանալով գերմանացի մայորին՝ մի քանի անգիր արած արտահայտություններ է անում, բայց ոչ մի հարցի չի կարողանում պատասխանել։ Հուսահատ Ներսիսյանն արդեն մտքում հրաժեշտ էր տալիս կյանքին, երբ զայրացած մայորն սկսում է հայհոյել ֆրանսերեն։ Ներսիսյանը` օգտվելով առիթից, իսկույն նրան պատասխանում է ֆրանսերենով։ Արիստոկրատ գերմանացին հիանում է նրա անթերի առոգանությամբ։ Ներսիսյանը փրկվում է` հինգ տարի ծառայելով գերմանական բանակում։
Ճակատագրի բերումով` հայրենիքում, արդեն Երկրորդ համաշխարհայինի ավարտից անմիջապես հետո, ինչպես որդին` Լեւոն Ներսիսյանն է վկայում հոր մասին, որ «ժողովրդի կողմից սիրված մարդ էր էս աշխարհում», ինչ-որ մի «թշվառական» ներկայացման մեջ գերմանացի սպայի դեր է խաղում ու, բեմ մտնելիս, արժանանում որոտընդոստ ծափահարությունների. երկրորդ ներկայացումից հետո գլխի են ընկնում, որ չի կարելի գերմանացի սպայի մուտքը ողջունել ծափահարություններով, թեեւ ծափահարություններն ուղղված էին արտիստին եւ ոչ գերմանացուն. երրորդ ներկայացմանը նրան հանում են դերից… Ներսիսյանի դերասանությունն սկսվել էր դեռ Պոլսում, որտեղ նկարահանվել էր թուրքական ֆիլմերում, ընկերոջ հրավերով մասնակցել Պենկլյան օպերետային խմբի թուրքերեն ներկայացումներին` իբրեւ երգչախմբի շարքային անդամ, այնուհետեւ հրապուրվել Մկրտիչ Ջանանի հայ դրամատիկական ընկերությամբ, խաղացել Սեւումյանի բեմադրություններում։ Նրա տաղանդն արդեն դրսեւորվել էր Թուրքիայում, եւ նրան նկատել ու գնահատել էին թատերական միջավայրում։ Օվի Սեւումյանին, որ մտադրվել էր Պոլսի երիտասարդ տաղանդներին բերել հայրենիք, չի հաջողվում` մահվան պատճառով, ինչը ծանր հարված էր թատրոնի եւ անձամբ Ներսիսյանի համար, որ կորցնում է ուսուցչին ու բարեկամին։ Հայրենիք գնալու ծրագիրն իրագործում է Վահրամ Փափազյանը, ով 1922 թ. Հրաչյայի, Մկրտիչ Ջանանի եւ մի քանի այլ երիտասարդների հետ ուղեւորվում է Բաթում։ Հրաչյա Ներսիսյանը միառժամանակ մնում է Բաթումում, խաղում «Երկաթե թատրոնում», վերջնականապես Երեւան է տեղափոխվում 1923 թ. ու նվաճում ոչ միայն հայ, այլեւ ԽՍՀՄ հանդիսատեսի սիրտը, արժանանում բարձր պարգեւների, իր տաղանդով ու անձնական հմայքով հայտնի դառնում աշխարհին։
Ինչպես Վիլյամ Սարոյանի ընտանիքը, այնպես էլ Հրաչյայի քույրը եղեռնից փրկվել էր Ամերիկա ուղեւորվող նավով։ Այնտեղ նա դարձել էր հայտնի ճաշարանատեր. նրա այցելուները Հոլիվուդի հանրաճանաչ դերասաններն էին, որպիսի պատկերացում էլ կազմել էր եղբոր մասին, եւ, հաջողացնելով գալ Հայաստան, եղբորը մի ճամպրուկ մոդայիկ փողկապներ էր բերել` կարծելով, թե որեւէ բանի կարիք չի ունենա ԽՍՀՄ ժողովրդական արտիստը, բայց շփոթմունքի էր մատնվել` տեսնելով աղքատիկ պայմանները, որում ապրում էր սիրված դերասանը։ Չգիտեմ, թե ինչպիսի հարստություն էր Ներսիսյանի համար հայրենիքը, բայց որ հայրենիքը հարուստ էր նրանով, անժխտելի է… Ինչպես կենդանության օրոք էին նրան ձեռքից ձեռք փախցնում, այնպես էլ նրա դագաղը ձեռքից ձեռք էր փոխանցվում` ոտքով տանելով մինչեւ վերջին հանգրվան` Կոմիտասի անվան այգու պանթեոն` Վիլյամ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» պիեսի համար գրված՝ Առնո Բաբաջանյանի երաժշտության հնչյունների ներքո, պիես, որը վերջինը եղավ մեծ արտիստի խաղացանկում…
Եվ ինչպես կենդանության օրոք, այնպես էլ մահվանից հետո Երեւանն ապրում էր Հրաչյայի շնչով. հայտնի «Առագաստ» սրճարանում նրա լուսանկարի ներկայությունից լույս ու ջերմություն էր հորդում ու մթնոլորտը դարձնում մշակութային. անգամ ավազի վրա դանդաղ եփվող սուրճից… արվեստի հոտ էր գալիս: