Ճակատագրի բերումով հայերը սփռվել են աշխարհով մեկ, հայտնի դարձել իրենց գործունեությամբ, նվաճումներով, բարոյական բարձր հատկանիշներով. նրանցից շատերը եզակի դերակատարություն են ունեցել այլ պետությունների կայացման գործում` սկսած նախաքրիստոնեական ժամանակներից մինչեւ մեր օրերը. նրանց մեջ կան թագավորներ, կայսրեր, իրավական ու պետական ոլորտի բարձրաստիճան գործիչներ, հետախույզներ, արվեստի զանազան բնագավառների ներկայացուցիչներ, մարզիկներ: Նրանց շարքերում ոչ միայն տղամարդիկ են, այլեւ կանայք, ովքեր փայլել են թե՛ կանացի հմայքով, թե՛ հազվագյուտ ունակություններով, խելքով ու հոգատարությամբ…
Նրանցից մեկն էլ Ալենուշ Տերյանն է… Նրան ճանաչում են որպես «Իրանի ժամանակակից աստղագիտության մայր». Իրանի աստղագիտության պատմության մեջ առաջին արեւային աստղադիտարանի հիմնադիր, Իրանի ֆիզիկայի առաջին կին պրոֆեսոր, առաջինն էր, որ Իրանում դասավանդում էր աստղաֆիզիկա, այն դեպքում, երբ Իրանում չեն խրախուսվում կանանց նմանատիպ գործունեությունները, թեեւ պետք է նկատել, որ հայ կանայք իրենց համառության, աշխատասիրության, նվիրվածության շնորհիվ ստիպել են ընդունել ու ճանաչել իրենց…
Իրանում հայտնի է նաեւ փիլիսոփայության պրոֆեսոր Մարիա Բաղրամյանը, սակայն այսօրվա առիթը Ալենուշ Տերյանի ծննդյան օրն է` 9 նոյեմբեր, 1920 թվական։ Ալենուշը ծնվել է Թեհրանում, ուսյալ հայերի ընտանիքում. մայրը` Վարթո Տերյանը ծնվել էր Թավրիզում, նախնական կրթությունն ստացել Թեհրանում, մեկնել Շվեյցարիա, սովորել բեմական խոսքի արվեստ, վերադարձել Թեհրան, ամուսնացել Արտոյի հետ, միասին հանդես եկել բազմաթիվ ներկայացումներում, արժանացել «Իրան», «Միություն», «Իրանի աստղ», «Ազատ Իրան», «Օրենք», փարիզյան «Մերքուր դը Ֆրանս» ամսագրերի գովասանքին ու մեծարմանը, շուրջ 25-ամյա բեմական կյանքի հետ մեկտեղ (թատերական դերասան եւ ռեժիսոր) նաեւ ֆրանսերենի ուսուցչուհի էր։ Ալենուշի հայրը` Արտո Տերյանը, Նոր Ջուղայից էր, դերասան, ռեժիսոր, գրող ու թարգմանիչ, ներկայանում էր «Arizad» ծածկանունով, իսկ կյանքի վերջին 20 տարիներին նաեւ Իրանի «Սեփահ բանկի» տնօրենն էր։ Ծնողները տիրապետել են հայերենին, պարսկերենին, ֆրանսերենին։ Արտո Տերյանը Ֆիրդուսու բանաստեղծություններից հայերեն թարգմանությունների հեղինակ է, որոնք հրատարակվել են իր` «Արիզադի պոեզիայի հավաքածո» գրքում։ Ալենուշը ծնողների միակ զավակն էր, որ այդպես էլ չամուսնացավ եւ ողջ կյանքը նվիրեց գիտությանն ու իր ուսանողներին։ Կյանքի վերջին շրջանում, երբ արդեն պաշտոնաթող էր, սեփական բնակարանը նվիրել է Ջուղայի հայերին եւ կտակել բնակատեղի չունեցող ուսանողների համար հարմարավետ հանրակացարաններ կառուցել, իսկ ինքը ապրել է Թեհրանի Թոհիդ ծերանոցում։
Ալենուշը ծնողների նման հիմնավոր կրթություն է ստացել. 1947 թ. մայիսին ավարտել է Թեհրանի համալսարանի գիտության ֆակուլտետը, իսկ սեպտեմբերից աշխատանքի անցել նույն ֆակուլտետի ֆիզիկայի լաբորատորիայում, մեկ տարի անց նշանակվել լաբորատորիայի գործառությունների պետ։ Դրանով հանդերձ, չի կարողացել իր դասախոս Մահմուդ Հեսաբիին համոզել, որ օգնի կրթաթոշակի հարցում` ուսումը Ֆրանսիայում շարունակելու նպատակով. մերժման պատճառը կին լինելն էր. համարվում էր, որ կնոջ համար բավարար է ստացած կրթությունը։ Ի վերջո, Ալենուշին ֆինանսապես օգնում է հայրը, եւ նա մեկնում է Փարիզ, ուսումը շարունակում Սորբոնի համալսարանի մթնոլորտային ֆիզիկայի ֆակուլտետում, իսկ ասպիրանտի աստիճան ստանալուց հետո` 1956 թ., Սորբոնում դասախոսելու առաջարկություն ստանում, սակայն Ալենուշը վերադառնում է Իրան, անցնում աշխատանքի Թեհրանի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում, դասավանդում թերմոդինամիկա։
Իսկ երբ 1959 թ. Արեւմտյան Գերմանիան թոշակ է տրամադրում Թեհրանի համալսարանին արեւային ֆիզիկայի աստղադիտարանում 4 ամիս սովորելու նպատակով, Ալենուշ Տերյանն է ընտրվում որպես թոշակի շահառու. այս անգամ կին լինելու հանգամանքը, կարծես, չի խանգարում նրան։ 1964 թ. մայիսի 30-ին Տերյանն արժանանում է պրոֆեսորի կոչման, դառնում Իրանի առաջին կին պրոֆեսորը։ Գիտությունն ամբողջովին կլանում է Ալենուշին. նրա պահանջն ամենուր էր զգացվում: 1966 թ. նոյեմբերի 20-ին ընտրվում է Թեհրանի համալսարանի երկրաֆիզիկայի կոմիտեի անդամ, երեք տարի անց նշանակվում Թեհրանի համալսարանի երկրաֆիզիկայի հիմնարկի արեւային ֆիզիկայի հետազոտությունների խմբի նախագահ, աշխատանքի անցնում արեւային ֆիզիկայի աստղադիտարանում, որի հիմնադրման մեջ զգալի դերակատարություն ուներ։
Ալենուշ Տերյանն արժանացել է բազմաթիվ պարգեւների, հարգանքի ու սիրո, ինչպես որ ինքն էր անձնվիրաբար սիրում գիտությունը, իր ուսանողներին, ազգակիցներին, որոնց հանդեպ նաեւ պարտքի զգացում էր տածում եւ գործնական հոգատարություն ցուցաբերում։ Իրանի հեռուստատեսության «Իմաստուններ» ծրագիրը Ալենուշ Տերյանին ճանաչել է գիտության ասպարեզում անփոխարինելի դեմք, 2003 թ., Իրանի հեռուստատեսության պատվերով, նրա կյանքի մասին նկարահանվել է «Դեպի արեւ» վավերագրական ֆիլմը, իսկ 2006 թ. հուլիսին Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի կողմից արժանացել գնահատագրի ու շքանշանի։ Արդեն ծերանոցում Ալենուշ Տերյանն արժանացավ վերջին, գուցեեւ ամենասպասված ու հարազատ` Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի։
Ալենուշ Տերյանն աշխարհին ապացուցեց, որ հնարավոր է մեծ նվաճումների հասնել` լինելով ոչ միայն կին, այլեւ էթնիկ ու կրոնական փոքրամասնության ներկայացուցիչ։ Նա վախճանվեց 90 տարեկանում` 2011 թ. մարտի 4-ին։ Նրա աճյունը ճանապարհում էին Իրանի պառլամենտի պատգամավորներ, ուսանողներ, հայեր, նրան ճանաչողներ…
Ալենուշի նախկին ուսանողներից մեկը՝ պատգամավոր Հասան Գաֆուրիֆարդը նրա մասին պատմել է, թե «նա միշտ ասում էր, որ ինքը դուստր ունի` արեւ անունով, եւ որդի` լուսին անունով»։