«Այն ժամանակ, երբ կազմավորվել է հայ գրականությունը, ժամանակակից Եվրոպայի մեծ ազգերից ոչ մեկը գոյություն չուներ…»
«Ամենքին հայտնի է, որ հայերեն այբուբենի համակարգը գլուխգործոց է: Հայերենի հնչյունական համակարգի ամեն մի հնչույթ նշված է հատուկ տառանշանով, եւ համակարգն այնքան լավ է հաստատված, որ հայ ազգին տվել է հնչյունական համակարգի վերջնական արտահայտություն, որ մինչեւ օրս պահպանվել է առանց որեւէ փոփոխություն կրելու, առանց բարելավման կարիք զգալու, որովհետեւ նա սկզբից եւեթ կատարյալ էր»:
Անտուան Մեյե
Հենց հայոց լեզվի համակարգային կատարելությունը, լեզվի կենսունակությունը, ճոխությունը, ճկունությունը, առանձնահատկությունն են հրավիրել աշխարհահռչակ լեզվաբանների ուշադրությունը` զբաղվելու հայերենի, հայ գրականության ուսումնասիրությամբ, յուրացնելու այդ լեզվով խոսող ազգի պատմությունն ու մշակույթը, անցած ուղին, հաղորդակից լինելու նրա խնդիրներին, սատարելու նրան։ Հայերենի ուսումնասիրությամբ զբաղվել են ամերիկացի, անգլիացի, ավստրիացի, արաբ, բելգիացի, դանիացի, թուրք, իտալացի, լեհ, հոլանդացի, հույն, շվեդ, շվեյցարացի, ուկրաինացի, չեխ, պարսիկ, ռումինացի, ռուս, վրացի, իսկ առավել շատ` ֆրանսիացի ու գերմանացի լեզվաբաններ, դե իսկ գերակշիռ ու ծանրակշիռ է նաեւ հայ լեզվաբանների դերն այս հարցում։
Հայագիտությամբ զբաղվել է այնպիսի նշանավոր լեզվաբան, ինչպես ֆրանսիացի Անտուան Մեյեն, ում հետաքրքրության ոլորտը բավականին ընդարձակ էր թե՛ գիտական, թե՛ հասարակական, մարդկային հարաբերությունների տեսակետից։ Նա պատմահամեմատական լեզվաբանության, հնդեվրոպական համեմատական լեզվաբանության, այդ թվում եւ հնդեվրոպական լեզուների տաղաչափության, լատինական, հունական, սլավոնական լեզուների, իրանագիտության, հայագիտության վերաբերյալ աշխատությունների հեղինակ է։ Անտուան Մեյեն ծնվել է 1866 թ. նոյեմբերի 11-ին` Ֆրանսիայի Մուլեն քաղաքում, նոտարի ընտանիքում։
Հիմնավոր լեզվաբանական կրթություն է ստացել Սորբոնի համալսարանում, աշակերտել Մարսել Բրեալին, Ֆերդինանդ դը Սոսյուրին, իսկ Օգյուստ Կարիերիից սովորել ժամանակակից հայերեն։ Հայերենի հանդեպ հետաքրքրությունը նրան տանում է Վիեննայի Մխիթարյան միաբանություն, որտեղ էլ գրաբար է ուսանում Հակովբոս Տաշյանի մոտ։ Անտուան Մեյեն, սովորելով հայերեն, հետաքրքրություն է դրսեւորում նաեւ Հայաստանի ու հայ ժողովրդի հանդեպ. առաջին անգամ Հայաստան է այցելում 1891 թ., երկրորդ անգամ` 1903-ին։ Էջմիածնի մատենադարանում զբաղվում է բանասիրական աշխատանքով, ուսումնասիրում գրաբարի հնչյունաբանությունը։ 1902-1905 թթ. գրաբար ու ժամանակակից հայերեն է դասավանդում Արեւելյան կենդանի լեզուների դպրոցում, 1906-1936 թթ. հնդեվրոպական լեզուների համեմատական քերականություն եւ ընդհանուր լեզվաբանություն՝ Քոլեժ դը Ֆրանսում։ 1919 թ. Ֆ. Մակլերի եւ ուրիշների հետ հիմնում է «Սոսիետե դեզ էտյուդ Արմենիեն»-ը («Հայագիտական ընկերություն»), 1920 թվին՝ «Ռեւյու դեզ էտյուդ Արմենիեն»-ը («Revue des etudes Armռniennes»), 1921-ին՝ «Ռեւյու դեզ էտյուդ սլավ»-ը («Revue des etudes Slaves»)։
Զբաղվելով տարբեր լեզուների համեմատական քերականությամբ՝ Մեյեն հանգում է այն եզրակացության, որ «…չկա ավելի հստակ քերականություն, քան գոթերենինը, հին հայերենինը եւ հին սլավոներենինը: Այս հանգամանքի շնորհիվ հնարավոր եղավ ամուր հիմքերի վրա հաստատել եւ հստակորեն ուրվագծել գերմանական լեզուների, հայերենի եւ հին սլավոներենի համեմատական քերականությունը»: «Հայերենի բարբառային դիրքը» (1896 թ.) առաջին հայերենագիտական ուսումնասիրության մեջ Մեյեն որոշել է հայերենի դիրքը հնդեվրոպական լեզուների շարքում, հայերենը համարել առանձին լեզվաճյուղ, որն իր համակարգով բավական հեռացել է հնդեվրոպական մայր լեզվից։ 1903 թ. լույս է տեսնում «Դասական հայերենի համեմատական քերականության ուրվագիծ» աշխատությունը, որում քննում է հայերենի քերականությունն ամբողջությամբ, ուշադրության առնում հայոց լեզվի պատմական զարգացման ընթացքն ու առանձնահատկությունները։ Մեյեն անդրադարձել է ձեւաբանության հարցերին, ձեւույթների շարահյուսական կիրառություններին, հայերենի այբուբենին, ուղղագրությանը, տառադարձությանը, բառաբարդմանը, ստուգաբանությանը, գրել «Հին հայերենի տարրական դասընթաց» (1913 թ., գերմաներեն) դասագիրքը, իսկ «Հետազոտություններ հայերենի համեմատական շարահյուսության վերաբերյալ» աշխատությունը, ցեղակից լեզուների համեմատությամբ, իր տեսակի մեջ միակն է եւ մեծ ավանդ է հայերենի համեմատական շարահյուսության ուսումնասիրության գործում։ Բացի այն, որ Մեյեն ամենայն պատասխանատվությամբ զբաղվել է լեզվագիտությամբ եւ իր գիտական գործունեության սահմաններում հատկապես ներառել հայագիտությունը, նրան մտահոգել են նաեւ հայ ժողովրդի առջեւ ծառացած խնդիրները. նա խիստ քննադատության է ենթարկել ցարիզմի կողմից հայկական դպրոցների փակումը, Թուրքիայի ցեղասպան քաղաքականությունը…
Հենց այնպես չէ կամ զուտ անձնական համակրանքի խնդիր չէ, որ Մեյեն հետաքրքրվում էր հայագիտությամբ ու Հայաստանով. նա ծանրակշիռ գիտնական էր, եւ նրա համակողմանի գիտելիքները թույլատրում էին հայկական մշակույթը գնահատել աշխարհի մասշտաբով. նա վստահաբար նկատում է. «Արվեստի պատմաբանները միաձայն ընդունում են, որ ճարտարապետության բնագավառում 5-9-րդ դարերում հայերը եղել են ստեղծարարներ: Այն ժամանակ, երբ Ֆրանսիա անունը նույնիսկ գոյություն չուներ, Հայաստանը մեծ դեր է խաղացել պատմության մեջ, այն ժամանակներում, երբ ֆրանսերենը դեռեւս չէր տարբերվում լատիներենից, գոյություն ուներ հայերեն կարեւոր գրականություն: Այն ժամանակ, երբ կազմավորվել է հայ գրականությունը, ժամանակակից Եվրոպայի մեծ ազգերից ոչ մեկը գոյություն չուներ. ո՛չ Ֆրանսիայի մասին կարող էր խոսք լինել, ո՛չ էլ Անգլիայի: Հայ ազգի գրական հեղինակություններն այնպիսի հնություն ունեն, որ շատ դարերով գերազանցում են Արեւմտյան Եվրոպայի ազգերի մեծամասնության հեղինակություններին»: Հենց հայ ժողովրդի ստեղծարարությունն է, որ հարգանք է պատճառում մեծ գիտնականին եւ ցավեցնում սիրտը նրա տառապանքների ու հալածանքների հանդեպ։
«Հայ ազգը իսկապես յուրահատուկ է,- գրում է նա,- …ազգ, որին պետք է հաշվի առնել, որովհետեւ նա մարդկության մեջ արտահայտում է յուրօրինակ բան: Նա մարդկությանը բերում է իր անձնական շեշտը: Հայերի իրավունքներն ունեցողը, ճշմարտությունից բացի, այլ բանի կարիք չունի: Ոչ մի ազգ իր գոյության կամքն ավելի ուժեղ չի արտահայտել երկու հազար տարվա ընթացքում, որքան հայ ազգը: Ոչ մի ազգ ավելի համառությամբ չի պահպանել եւ ավելի խնամքով չի մշակել իր սեփական լեզուն: Հայ ազգը կրել է քաղաքական բոլոր աղետները: Նա հաճախ եղել է իրենից ուժեղ հարեւանների ավարը, բայց ազգը երբեք չի կորցրել որեւէ մեկ ուրիշից տարբեր լինելու զգացումը: ԺԴ դարից ի վեր հայերը ոչ մի տեղ չեն ունեցել անկախություն, ոչ էլ իսկական ինքնավարություն: Բայց նրանց եկեղեցին պահպանվել է իր վարդապետություններով, իր ծեսերով, իր պաշտոնյաների աստիճանավորումով: Հայոց լեզուն շարունակել է խոսվել եւ գրվել: Վերարտադրվել են հին աշխատություններ եւ գրվել նորեր: Այն փաստը, որ ազգը բնորոշվում է իր սեփական բնույթը պահպանելու կամքով, ոչ մի տեղ այնքան ակնհայտորեն երեւան չի գալիս, որքան հայերի մոտ: Վրա են հասել ներխուժումներ, թալան, ջարդեր. ազգը աննկուն պահպանել է այն, ինչ նրան տարբերում է մյուս ազգերից: Հայ ազգը ճանաչում է իրեն: Ի հեճուկս հալածանքների` նա պահպանում է իր գոյությունը: Հալածանքի պատճառով իրենց երկրից արտաքսված մի խումբ հայեր հենց որ հավաքվում են մի հեռավոր երկրում, այնտեղ հիմնում են տպարան եւ հայերեն լրագիր»:
Այսպես է ճանաչել մեզ Անտուան Մեյեն, ճանաչենք եւ մենք ու սիրենք մեր ազգը, գնահատենք մեր մշակույթը, պահպանենք ու հարգենք մեր լեզուն, որպես ճանաչել ու գնահատել են մեծերը, եւ մեր խոնարհումը բերենք նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել մեր մշակույթի, լեզվի, ազգային արժեքների ուսումնասիրության ու պաշտպանության գործում…