Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Հուլիսի 3, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Առայժմ միակը Հայաստանի տարածքում

Նոյեմբերի 23, 2021
Այլք
Առայժմ միակը Հայաստանի տարածքում
21
ԿԻՍՎԵԼ ԵՆ
2.1k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը հիմնադրվել է 1968 թ. հոկտեմբերի 19-ին՝ Երեւան քաղաքի 2750-րդ տարեդարձին նվիրված։ Այժմ թանգարանը գործում է «Կարմիր բլուր» եւ «Շենգավիթ» մասնաճյուղերով։ Այն միակ հնագիտական արգելոց-թանգարանն է Երեւանում եւ կարեւոր ուրարտագիտական կենտրոն տարածաշրջանում։

«Կարմիր բլուր» կոչվող հատվածը, որի վրա բացվել են ուրարտական Թեյշեբաինի ամրոցի մնացորդները, Երեւանի հարավ֊արեւմտյան ծայրամասում է, Հրազդան գետի ձախ ափին։ Հնավայրը հայտնաբերվել է 1936 թ.։ Երկրաբան Ալեքսանդր Դեմյոխինը բլրի հարավարեւելյան լանջին պատահաբար բազալտե բեկոր էր գտել, որը հինգ տող սեպագիր արձանագրության մի մասն է եղել։ Քարը հանձնվել է Հայաստանի պատմության պետական թանգարան։ Սեպագիր արձանագրությունը վերծանվել է վիմագրագետ, հնագետ-պատմաբան, բանասեր, պատմական գիտությունների դոկտոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Կարո Ղաֆադարյանի կողմից։ Պարզվել է՝ արձանագրությունը վերաբերում է մ. թ. ա. VII դարի կեսերին. պարզ կարդացվել է ուրարտական թագավոր Ռուսայի՝ Արգիշտիի որդու անունը։ Հայտնագործությունից հետո Կ. Ղաֆադարյանի ղեկավարությամբ կատարվել են տեղանքի հետախուզական աշխատանքներ, եւ բացահայտվել է՝ բլրի գագաթն ու լանջերը ծածկված էին հնագույն շինությունների փլված պատերի քարերով, կարմիր հողի առատ շերտով, որն առաջացել էր հում աղյուսի այրված, քանդված պատերից։ Այդ հողի գույնի հետեւանքով բլուրն անվանվեց Կարմիր բլուր։

Նոյեմբերի 20-ին հնագետներ Գագիկ Սարգսյանի եւ Լեւոն Մկրտչյանի հետ այցելեցի «Կարմիր բլուր» հնավայր, որի տարածքում հոկտեմբերի 7-ից պեղումներ են իրականացվում։ Մեր այցի պահին աշխատանքներն ընթանում էին։ Պեղումները կատարվում են «Էրեբունի» թանգարանի արշավախմբի կողմից։ Աշխատանքները ղեկավարում է արգելոց-թանգարանի տնօրեն, հնագետ, ուրարտագետ, պատմական գիտությունների թեկնածու Միքայել Բադալյանը։ Արշավախմբի կազմում են փոխտնօրեն Վահե Սարգսյանը, գիտահետազոտական վերականգնման եւ ամրակայման բաժնի ղեկավար Մանվել Ղալաչյանը, վերականգնող Սուրեն Մանուկյանը, «Կարմիր բլուր» մասնաճյուղի պատասխանատու, ԵՊՀ հնագիտության մագիստրանտ Արման Եղիազարյանը, մասնաճյուղի աշխատակից Գագիկ Հովհաննիսյանը եւ բանվորական աշխատանքներ կատարողները։ Հաճախ պեղումներին մասնակցել են նաեւ կամավորականներ, ինչպես նաեւ ուսումնական նպատակով երեխաներ են եկել եւ սիրով աշխատել, իհարկե՝ ոչ կարեւոր հատվածներում։ Այս տարվա համար նախատեսված աշխատանքները գրեթե ավարտվել են եւ պեղված տարածքում կատարվել են նաեւ դրոնային նկարահանումներ։

Ընթացքում զրուցեցի Մ. Բադալյանի հետ, ով տեղեկացրեց, որ պեղումները սկսվել են հայ-ավստրիական արշավախմբի կողմից։ Ավստրիական արշավախումբն աշխատել է միջնաբերդից հարավ ընկած հատվածում, որտեղ հայտնաբերվել է փոքր մակերեսով գոմ։ Ավստրիացի ուրարտագետ, Ինսբուկի համալսարանի դոկտոր Վալտեր Կունտները տեղեկացրել է, որ Մ. Բադալյանի հետ 3 տարի առաջ են որոշել համագործակցել ուրարտական պատմությամբ։ Նրա խոսքով՝ համատեղ ուժերով ցանկալի արդյունքի կհասնեն, իսկ Կարմիր բլուրը Հայաստանի համար կարեւոր նշանակություն ունեցող տարածք է։ Հայկական խումբն աշխատում է միջնաբերդից հարավ-արեւելք ընկած հատվածում, որտեղ դեռեւս գարնանը «Կարմիր բլուր» մասնաճյուղի այն ժամանակվա ղեկավար, այժմ՝ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի փոխտնօրեն, ուրարտագետ Վահե Սարգսյանն ամրոց տանող հատվածում անձրեւից հետո նկատել էր հզոր պատերի հետքեր։

«Ուսումնասիրություններից հետո պարզեցինք՝ գործ ունենք մեծ համալիր-կառույցի հետ։ Նշեմ՝ պեղումները շատ կարեւոր են Հայաստանի հնագիտության համար։ Պեղումների աշխատանքը ֆինանսավորվում է հայ գինեգործների կողմից։ «Գինու ազգային կենտրոն» ՀԿ-ի համակարգմամբ մի շարք գինեգործական ընկերություններ եւ անհատներ ապահովել են անհրաժեշտ ֆինանսավորումը։ Նոր հայտնաբերված կառույցը համարվում է ուրարտական արքաների ձիերի ախոռ։ Սա Հայաստանում բացառիկ երեւույթ է»,- նշեց Մ. Բադալյանը եւ հավելեց՝ նման եռամաս կառույցներ, որոնք հիմնականում կառուցվել են Ռուսա 2-րդ արքայի կողմից, հայտնաբերվել են Մակուի մոտ գտնվող Բաստամ (Ռուսախինլի), Այամիս ուրարտական քաղաքներում։ Սակայն այստեղ՝ Կարմիր բլուրում հայտնաբերվածն ավելի ներկայանալի է պարունակող նյութով՝ խեցեղեն, կենդանիների, հիմնականում ձիերի ոսկորներ, ցլի ատամ եւ այլն։ Նյութերը տրվել են հետազոտության տարբեր լաբորատորիաներում։

Պեղումներից հայտնաբերված կառույցի վերջնական տեսքը, նպատակը կբացահայտվեն վերջնական աշխատանքից հետո, որը նախատեսված է շարունակել 2022 թ.։ Սակայն արդեն պարզ է՝ հայ հնագիտության համար գտնվել է եզակի կառույց, որը ներկայացնում է ուրարտական շրջանի ախոռ։ Սրանց հայտնաբերման համար արդեն հայտնի ուրարտագետներ, հնագետներ շնորհավորել են պեղումներ իրականացողներին։ Մ. Բադալյանը նշեց նաեւ, որ մոտ ժամանակներս կկատարվեն չափագրման աշխատանքները, ինչում իրենց աջակցել է հնագետ Լեւոն Մկրտչյանը՝ օդային լուսանկարահանումով։ Շնորհակալություն հայտնեց Լեւոնին՝ իրենց աջակցելու, չափագրման եւ լուսանկարահանման աշխատանքները հեշտացնելու համար։ Բացի հնագիտական աշխատանքներից, կարեւորվում են նաեւ հնաբուսաբանական, հնակենդանաբանական ուսումնասիրությունները։ Արդեն կատարել են գեոմորֆոլոգիական հետազոտություններ։ Հողի որոշ նմուշներ ուղարկվելու են Կոպենհագեն, Ռուսաստան, կենդանիների ոսկորները՝ Գերմանիա՝ որոշելու դրանց բաղադրությունը։

«Պեղված կառույցը ճարտարապետական հատակագծով խիստ նման է հայկական միջնադարյան քարավանատների հատակագծին: Նշանավոր հետազոտողներ Յակոբսոնը եւ ճարտարապետներից Վարազդատ Հարությունյանը վաղուց նկատել էին` հայկական միջնադարյան քարավանատների ակունքները պետք է գան գոմից, ախոռից: Այս պեղումներից մենք հնագիտորեն դա ֆիքսեցինք: Իսկ սա ժառանգականության կարեւոր դրսեւորում է: Մենք էլ ենք կարծում՝ բացել ենք Կարմիր բլուրի` Թեյշեբաինի քաղաքի արքայական ախոռներից մեկը, որն իրոք մոնումենտալ կառույց է: Զուգահեռ պատեր են, սալահատակ, փոքրիկ պատ, իրար զուգահեռ գնացող չորսական, այսինքն` ութ սյան խարիսխներ: Եվ միջնամասում տարածք, որտեղով մարդն էր անցնում, կերակրում խոշոր եղջերավոր անասուններին, ավելի հավանական է՝ ձիերին»,- ասաց Մ. Բադալյանը եւ կարեւորեց նաեւ հայտնաբերված շինությունների հետագա պահպանումը՝ այն պետք է կոնսերվացվի եւ դառնա զբոսաշրջիկների համար հասանելի վայր։

Շինությունների պատերն ունեն 1,5-2 մ լայնություն, կառուցված են կոպտամշակ քարով, հիմնականում բազալտով եւ կավաշաղախով։ Հայտնաբերված սյան բազալտե խարիսխներից (մոտ 60 սմ տրամագծով) մեկի մոտ նաեւ ածուխ կա։ Վահե Սարգսյանը տեղեկացրեց, որ այրված գերանից է մնացել ածուխը։ Վերջերս բացված բավականին լավ պահպանված սալահատակը ախոռի ճանապարհն է։ Վ. Սարգսյանը տեղեկացրեց նաեւ՝ հնավայրն զբաղեցնում է մոտ 40 հեկտար տարածք։ Մինչեւ 90-ական թթ. այստեղ նաեւ այգիներ են եղել, եւ ծառերը կտրվել են հիմնականում վառելափայտի նպատակով տարածքի բնակչության կողմից։ Հնավայրի արեւմտյան կողմում կա 3 թաղամաս, որտեղ պեղումներից բացվել են բնակելի տներ՝ բավականին կանոնավոր հատակագծերով։ Ուրարտուի կարեւորագույն ռազմավարական եւ տնտեսական կենտրոններից Թեյշեբաինի քաղաքը կործանվել է մ.թ.ա. VI դ. սկզբին։ Ինչպես ցույց են տվել պեղումները՝ քաղաքը հանձնվել է առանց կռվի։ Բնակչության մի մասը տեղափոխվել է միջնաբերդ եւ կառուցել ժամանակավոր կացարաններ։ Պեղումներից պարզ դարձավ, որ թշնամու գրավումից առաջ Թեյշեբաինին արդեն անկում էր ապրել, պահեստները եւ շտեմարանները կամ դատարկ էին, կամ կիսադատարկ։

Ըստ խորհրդային հնագետ, արեւելագետ, պատմաբան Բորիս Պիոտրովսկու, ում ղեկավարությամբ ավելի քան 30 տարի (1939-71 թթ.) Կարմիր բլուրում աշխատել է կոմպլեքսային հնագիտական արշավախումբ, սկյութները քաղաքի վրա հարձակվել են հանկարծակի, գրավել միջնաբերդը եւ ավերել այն։ Մ.թ.ա. VI դարի սկզբին Թեյշեբաինի քաղաքի եւ նրա միջնաբերդի ավերումից հետո այստեղ կյանքը չի վերականգնվել։ Ամրոցի անունը հաջողվել է որոշել 1946 թ., երբ արշավախմբի կողմից թիվ 11 կացարանի դռան մոտ գտնվել է բրոնզե դռան փականը՝ սեպագիր արձանագրությամբ. «Ռուսա Արգիշտիի որդու, Թեյշեբաինի քաղաքի ամրոց»։ Այսինքն՝ մի քաղաք, որը կառուցվել է ի պատիվ ուրարտական պատերազմի եւ տարերքի աստված Թեյշեբայի։ 1941 թ. գտնվել էր այդ աստծո բրոնզե արձանը։

Հնավայրից հայտնաբերված նյութերը պահպանվում եւ այցելուներին են ներկայացվում Էրեբունի թանգարանի ցուցասրահներում։ Հուսանք՝ գալիք տարի կատարվող պեղումների ընթացքում նոր բացահայտումներ կարվեն։ Սակայն կարեւոր է, որ «Կարմիր բլուր» հնավայրն էլ ունենա թանգարան։

Թեգեր: ԷրեբունիԿարմիր բլուրպեղումներ
Կիսվել8Tweet5Կիսվել1
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Լոռու նոր Ասպետները

Լոռու նոր Ասպետները

Տաղանդավոր վիպասանը, խանդավառ ծերունին

Տաղանդավոր վիպասանը, խանդավառ ծերունին

Ամենաընթերցվածը

  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    Բարի անուն, լուսավոր հետագիծ

    15 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հերոսների ոգին անմահ է

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    129 Կիսվել են
    Կիսվել 52 Tweet 32
  • Հայ զինվոր-ռազմիկի վարքականոնը

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist