Հայ ընթերցողին եւ հայ թարգմանական գրականությանը միանգամայն անծանոթ անուն է Իվան Նեչույ-Լեւիցկին, ով ուկրաինական դասական գրականության ամենակարկառուն դեմքերից է։ Նրա ամենահայտնի ստեղծագործությունը՝ «Կայդաշի ընտանիքը» վիպակը, որը գրվել է գրեթե հարյուր հիսուն տարի առաջ՝ 1878 թ., ներառվել է դպրոցական եւ համալսարանական ծրագրերում, դարձել գիտական հետազոտությունների եւ գրական վերլուծությունների անսպառ թեմա, գրավել Ուկրաինայի թատերական ու կինոգործիչների ուշադրությունը եւ բարձրացվել թատերաբեմ, նկարահանվել եւ ժամանակակից մեկնաբանությամբ ելել հեռուստաէկրաններ:
Իվան Նեչույ-Լեւիցկին ծնվել է 1838 թ. Կիեւից ավելի քան հարյուր կիլոմետր հեռու՝ Ռոս գետի գեղատեսիլ ափին փռված Ստեբլիվ գյուղում: Հոր որոշմամբ հոգեւոր ճեմարան, այնուհետեւ հոգեւոր ակադեմիա ավարտելուց հետո ապագա գրողը հետագայում հրաժարվում է հոգեւորականի կոչումից` մեծ հետաքրքրություն ցուցաբերելով գրականության նկատմամբ: Լինելով լավ կրթված` նա որոշում է իր հացը վաստակել ուսուցչությամբ, որպեսզի հնարավորություն ունենա ազատ ժամանակ զբաղվել գրականությամբ ու գրելով:
«Ուկրաինական գրողներից քչերին է հաջողվել նկարագրել ուկրաինացու բնավորությունն այնպես վառ ու ճշմարտացիորեն, ինչպես դա արել է Իվան Նեչույ-Լեւիցկին իր անկրկնելի վիպակում։ Ստեղծագործությունն ընթերցողին գրավում է ազգային կյանքի գունեղ մանրամասներով, գյուղական կյանքի բնօրինակ դրվագներով, հումորով նկարագրվող հերոսների բնավորություններով ու երկխոսություններով եւ, ընդհանրապես, հմայիչ գրելաձեւով»,- «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում ասաց հայագետ, թարգմանիչ, Հայաստանում Ուկրաինայի առաջին արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեքսանդր Բոժկոն։
Այսօր հայ ընթերցողի սեղանին է դրված վիպակի հայերեն թարգմանությունը, որի հնարավորությունը մեզ ընձեռել է թարգմանչուհի, արձակագիր, ուկրաինական դասական եւ ժամանակակից տասնյակ ստեղծագործություններ բնագրից առաջին անգամ հնչեցնող Ռաիսա Ղարագյոզյանը։ Ուկրաիներենի զարգացման արշալույսին գրված «Կայդաշի ընտանիքը» վիպակի թարգմանությունը դժվարամատչելի եւ աշխատատար գործ է, որը հաջողությամբ է պսակվել թարգմանչուհու վարպետության, պատասխանատվության եւ, իհարկե, ուկրաիներենի եւ Ուկրաինայի հանդեպ մեծ սիրո շնորհիվ: «Աշխատելով գրքի թարգմանության վրա` նա (Ռաիսա Ղարագյոզյանը.- խմբ.) ջանք չի խնայել հայերենի՝ իր մայրենի լեզվի, ողջ գեղեցկությամբ հնչեցնել այն: Դա ակնհայտ է դառնում գրքի թարգմանության առաջին իսկ էջերից՝ Իվան Նեչույ-Լեւիցկու վիպակում շռայլորեն առկա ուկրաինական ասացվածքներն ու դարձվածքները, հերոսների երկխոսությունները եւ թոնթորանքները, երբեմն հարազատ Սյունիքի համուհոտով բարբառ-բառուբանն այնպես տեղին, ճկունությամբ եւ հյութեղ վերարտադրելուց, որ թվում է, թե Իվան Նեչույ-Լեւիցկին այդ գործը գրել է հայերեն, իսկ հերոսները հայեր են, միայն թե ուկրաինական անուններով»,- ընդգծեց զրուցակիցս:
Իվան Նեչույ-Լեւիցկու առաջին վիպակը` «Երկու մոսկովկա» վերնագրով, լույս է տեսնում 1865 թ.: Դրան հաջորդում են նրա մյուս ստեղծագործությունները՝ վիպակներ ու պատմական ակնարկներ, որոնցում իսկույն աչքի է զարնում երիտասարդ գրողի ուրույն տաղանդը, իր ստեղծագործություններում սուր խնդիրներ արծարծելու նրա նպատակադրվածությունը եւ այն, որ ուկրաինական գրականության երկնակամարում սկսել է կայծկլտալ մի նոր ու վառ աստղ: Հասկանալով, թե որքան կարեւոր է հասարակ ուկրաինացիների համար Սուրբ գիրն ըմբռնելի դարձնելը, նա նույնիսկ ձեռնարկում է դժվար ընկալելի հին սլավոներենով հնչող Աստվածաշնչի ուկրաիներեն թարգմանության գործը:
Գրողը մի քանի օտար լեզուներ գիտեր, լավ տեղյակ էր այլ երկրներում տեղի ունեցող պատմական եւ սոցիալ-քաղաքական գործընթացներին, ուստի իր ստեղծագործություններում աշխատում էր գիտելիքները եւ փորձառությունը իմաստավորելու տեսանկյունից նայել ուկրաինական այն պատմական իրադարձություններին ու անցքերին, որոնց թոհուբոհով անցել էր ուկրաինացի ժողովուրդը, միաժամանակ նախանշում էր նոր ուղիներ:
1876 թ. Իվան Նեչույ-Լեւիցկին գրում է իր նշանավոր վեպը՝ «Միկոլա Ջերյան», որտեղ ի դեմս գլխավոր հերոսի՝ գրողն առաջինն ուկրաինական գրականության մեջ ստեղծեց խռովարարի կերպարը: Մյուս՝ «Թխպեր» վեպում գրողն անդրադառնում է մտավորականության թեմային: Այնուհետեւ տարվելով պատմությամբ` գրողի գրչի տակից դուրս են գալիս մի շարք պատմական ակնարկներ, որոնք պետք է նրա ծրագրած «Ուկրաինայի պատմության» հիմքը լինեին, սակայն այդ մտահղացումը գրողն այդպես էլ չկարողացավ իրականացնել: Փոխարենը, սակայն, նա իր ընթերցողներին նվիրեց երկու պատմավեպ՝ «Հետման Իվան Վիհովսկի» եւ «Իշխան Երեմիա Վիշնեւեցկի»` պատշաճը հատուցելով այդ ժանրին՝ որպես ուկրաինական ազգի ձեւավորման կարեւոր գործոններից մեկը: «Պատահական չէ, որ այդ տարիներին պատմական թեմային անդրադարձել են նաեւ հայ գրողներ Րաֆֆին, Մուրացանը, Ծերենցը` հիշեցնելով ազգին այն ժամանակների մասին, երբ հայերը մարտնչում էին օտար զավթիչների դեմ` իրենց լավագույն որդիների կյանքի գնով հայ ազգի գոյատեւության փաստը հաստատելով: Նույն բանը մենք տեսնում ենք Իվան Նեչույ-Լեւիցկու մոտ, որը հիշեցնում է ուկրաինացիներին, որ իրենց սեփական պատմությունն ունեն՝ լի դրամատիկական իրադարձություններով, որոնցում, սակայն, իրենց անփառունակ դերն են ունեցել ոչ սակավաթիվ կարկառուն պատմական դեմքեր, որոնց չմտածված վարքով Ուկրաինան դատապարտվել է հարյուրամյակներ տեւած գաղութացման»,- շեշտեց հայագետը:
Իվան Նեչույ-Լեւիցկուն, սակայն, ամենամեծ ճանաչումն է բերում «Կայդաշի ընտանիքը»: Բոժկոյի խոսքերով` դժվար թե ուկրաինական գրականության մեջ գտնվի մի այլ երկ, որում այնպես գեղարվեստորեն ու ճշմարտացիորեն նկարագրված լինեն ուկրաինացիների բնավորությունները, հոգեբանությունը, մտածելակերպը, եւ որն այնպես արդիական լինի, որքան այս գործը, չնայած այն գրվել է գրեթե մեկ եւ կես դար առաջ: «Վիպակը նահապետական Ուկրաինայի ասես փոքրացված օրինակը լինի, իր սեփական տունուտեղի, հողակտորի, իր սովորույթների ու ավանդույթների եւ իր հավատի պաշտամունքով Ուկրաինայի, բարոյականության իր չգրված օրենքներով, որոնք դարեր շարունակ կարգավորել են փոխադարձ հարաբերությունները ընտանիքի ներսում եւ համայնքում: Միեւնույն ժամանակ այն, փաստորեն, նահապետական գյուղի անկման պատմությունն է, երբ «տան միջի կռիվը» փլուզում է ընտանիքի ներդաշնակությունը, հայրերին ու որդիներին վերածում անհաշտ թշնամիների: Ընդ որում դա նկարագրվում է հումորով, մի բան, որ հատուկ է գրողի ստեղծած բոլոր գործերին, եւ վիպակի հաջողության մեջ այդ հանգամանքը, անշուշտ, մեծ դեր ունի,- մանրամասնեց նա, ապա շարունակեց,- Ուշադրություն է գրավում վիպակում շոշափված եւս մի թեմա՝ հրեականության դերը ուկրաինական գյուղի քայքայման մեջ, երբ ճարպիկ հրեա պանդոկատերը, գավառական պաշտոնյաներին կաշառելով, իր ձեռքում է կենտրոնացնում օղու առեւտուրը եւ գյուղացիներին խմեցնելով ու գրեթե անվճար նրանց հողակտորներին տիրանալով մեծ հաջողությունների է հասնում այդ ստոր գործում»:
Բոժկոն համոզմունք հայտնեց, որ «Կայդաշի ընտանիքը» կարդալով հայ ընթերցողը հնարավորություն կստանա խորասուզվել ուկրաինականության ինքնօրինակ աշխարհը, ինչը հնարավորություն կտա լավ ճանաչելու իր ժողովրդին, որի հետ հայերը կապված են պատմական եւ մշակութային դարավոր կապերով, ժողովուրդ, որի մասին, ցավոք, հաճախ աղոտ կամ մակերեսային պատկերացում ունենք։ «Հուսով եմ, որ հայերեն հնչող ուկրաինական վիպակը կընդլայնի իմացության սահմանները՝ ավելի մերձեցնելով հայերին եւ ուկրաինացիներին»,- ամփոփեց Օլեքսանդր Բոժկոն: