Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Հայ գիտնականները գյուրզայի խայթոցի դեմ հակաթույն են ստացել

Ինչ ունեինք մինչ այս, եւ ուրիշ ինչ են ցույց տվել հետազոտությունները

Դեկտեմբերի 11, 2021
Այլք
Հայ գիտնականները գյուրզայի խայթոցի դեմ հակաթույն են ստացել
8
ԿԻՍՎԵԼ ԵՆ
813
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Լեւոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի գիտնականները ստացել են գյուրզայի խայթոցների դեմ հակաթույն: «Գրանցումից հետո այս հակաթույնը կարող է ներկայանալ ներքին եւ արտաքին շուկայում: Այն իր էֆեկտիվությամբ չի զիջում շուկայում առկա միջազգային արտադրողների դեղորայքին»,- «ՀՀ»-ի հետ զրույցում ասում է գիտական խմբի ղեկավար, ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր Նաիրա Այվազյանը:

Իսկ ի՞նչ է, մինչ այս Հայաստանը գյուրզայի հակաթույն չունե՞ր, որ նոր է ստացել, եւ գիտենք, որ գյուրզայի թույնն օգտակար հատկություններ ունի, ինչը պարզվել է հետազոտությունների արդյունքում։ Ինչի՞ մասին է խոսքը, եւ ի՞նչ կարող է այն մեզ տալ։ Այս եւ այլ հարցերի պարզաբանումները ներկայացնելուց առաջ մի փոքր նախապատմություն անենք, որպեսզի պարզ դառնա գիտական աշխատանքի ամբողջ ծավալը, եւ, ընդհանրապես, հասկանալի լինի, թե ինչ է անում Ֆիզիոլոգիայի ինստիտուտը։

Նաիրա Այվազյանը մեզ հետ զրույցում բացատրում է, որ ներկայում ինստիտուտի կողմից իրականացվում է 10 գիտական ծրագիր՝ Գիտության կոմիտեի աջակցությամբ: Այս տարվա իրենց երկու խոշոր կիրառական դրամաշնորհները ենթադրում են ֆարմակոլոգիական/կենսատեխնոլոգիական պատրաստի պրոդուկտների մշակում եւ ստացում, որոնցից մեկն իրականացվելու է բելոռուս գործընկերների հետ: Այն կապված է ոսկյա եւ արծաթյա նանոմասնիկների ստացման հետ, որը կարող է կիրառվել օնկոթերապիայի մեջ: Ինստիտուտը սերտ համագործակցում է Ռուսաստանի, մասնավորապես՝ Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի գիտական կենտրոնների հետ: «Մենք ոչ միայն պահպանում ենք Սովետական Միությունից մնացած ավանդական կապերը, այլեւ դրանք բարձրացնում ենք նոր որակական մակարդակի: Ընդլայնվել է համագործակցությունը Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի բաժանմունքների՝ մասնավորապես հեռավորարեւելյան մասնաճյուղի հետ»,- նշեց Ն. Այվազյանը: Համատեղ ուսումնասիրում են օվկիանոսային ֆաունայի ներկայացուցիչների արտադրած կենսաբանական ակտիվ նյութերի կիրառումը նեյրոդեգեներատիվ հիվանդությունների բուժման մեջ: Նոր եւ հետաքրքիր ծրագիր է՝ հիմնված մեր նախորդ տարիներին ունեցած թույների եւ կենսաբանական ակտիվ նյութերի հետ աշխատելու փորձի վրա:

Եվ ամենամեծ ծրագիրը, որը ներկայում իրականացնում է ֆիզիոլոգիայի ինստիտուտը, կապված է հայկական իժերի թույնի դեմ հակաթույնի ստացման հետ: Այն նպատակաուղղված ծրագիր է արդեն պրոդուկտի ստացման համար. «Մենք կկարողանանք առաջարկել մեր արտադրանքը տարածաշրջանի երկրներին, որոնք ունեն նմանատիպ օձատեսակներ, ինչու չէ, նաեւ մեթոդաբանության առումով կարող ենք նոր մշակումներ առաջարկել եվրոպական երկրների գիտական կենտրոններին: Արդեն ստացել ենք հակաթույնի նախատիպը, որը փորձարկվել է, եւ այդ մասին տպագրվել է գիտական հոդված Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանի հանդեսում»: Այս տարի ինստիտուտի ընդհանուր ֆինանսավորման մեջ դրամաշնորհայինը հասել է 50 տոկոսի, սակայն ֆինանսավորման մեծ մասը բյուջետային է:

Խոսենք գյուրզայի հակաթույնից։ Խոսքն անդրկովկասյան գյուրզայի մասին է, որը ենթատեսակ է եւ խիստ տարբերվում է միջինասիականից եւ միջերկրականից։ Գանք մեր հարցին՝ մինչ այս մենք չունեի՞նք գյուրզայի հակաթույն։ Նաիրա Այվազյանը բացատրում է. «Սովետական Միության ժամանակ թույները շատ ուսումնասիրված չէին։ Ամբողջ երկրի՝ սովետմիության համար կար մի կազմակերպություն, որ արտադրում էր հակաթույն։ Դա Ուզբեկստանի համապատասխան կառույցն էր։ Բայց այդ կառույցը, բնականաբար, հակաթույն էր արտադրում իրենց մոտ առկա գյուրզայի թույնի դեմ։ Իսկ միջինասիական գյուրզայի ենթատեսակը մեզ մոտ առկա՝ անդրկովկասյան գյուրզայի թույնից շատ ռադիկալ է տարբերվում։ Այսինքն՝ բաղադրամասերի միայն 4 տոկոս համընկնում կա։ Մի խոսքով՝ համարվում է հնաոճ պրոդուկտ։ Ինչպես ստանում էին 1976 թ., այնպես էլ հիմա են ստանում՝ ձիերի իմունիզացիայի միջոցով…»։

Ահա սա է հասնում Հայաստան։ Ի դեպ, Ուզբեկստանում, այսպես ասած, «խառը պրոդուկտ է», կենդանիներին իմունիզացիա են անում 3 տեսակի թույնով՝ միջինասիական գյուրզայի, կոբրայի, տափաստանային էֆայի։ Իսկ այս օձատեսակները մեզ մոտ չկան։ Այսինքն՝ հակաթույնը, որ գալիս է Հայաստան, պարունակում է «շատ փոքր տոկոս հակամարմիններ», որոնք կարող են օգտակար լինել։ Գիտական տերմինաբանությամբ ասած՝ «ներկայում Հայաստանում առկա է միայն մեկ կոմերցիոն պրոդուկտ, որն Ուզբեկստանի արտադրանքի պոլիվալենտ հակաթույնն է, սակայն նախատեսված է միջինասիական գյուրզայի խայթոցի դեմ եւ պարունակում է նաեւ կոբրայի եւ էֆայի թույնի հակամարմիններ, ինչը հաճախ ծայրահեղ ուժեղ ալերգիկ ռեակցիայի պատճառ է»։

Հիմա ՀՀ ԳԱԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտի գիտնականները ստացել են հենց անդրկովկասյան գյուրզայի խայթոցների դեմ հակաթույնը: Բացի այդ ինչպես նշեց ինստիտուտի տնօրենը, հետազոտությունների արդյունքում պարզել են, որ գյուրզայի թույնը դրսեւորում է յուրահատուկ հակաքաղցկեղային եւ հականեյրոդեգեներատիվ հատկություններ. «Տարածաշրջանում բնակվող գյուրզայի ենթատեսակն իր թույնի բաղադրության մեջ պարունակում է օբտուստատին ցածրամոլեկուլյար սպիտակուցը, որն ի վիճակի է կանգնեցնել ուռուցքի աճը՝ խախտելով մետաստազների բջիջների կապը միմյանց հետ: Այս թույնը դրսեւորում է յուրահատուկ հակաքաղցկեղային եւ հականեյրոդեգեներատիվ հատկություններ, ինչը կարող է հիմք լինել նոր տեսակի դեղորայքների մշակման համար»։

Հետազոտություններում ներգրավված գիտնականների մեծ մասը երիտասարդ մասնագետներ եւ հայցորդներ են: Աշխատանքներում  ներգրավվել են նաեւ ԵՊՀ մագիստրատուրայի ուսանողներ: Գիտական արդյունքներն ստացվել են ֆիզիոլոգիայի ինստիտուտում գործող բազային թեմայի շրջանակներում, ինչպեսեւ Գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորված՝ 18T-1F224 «MACROVIPERA  LEBETINA  OBTUSA թույնի դեմ սիճուկի ստացումը խոյերի իմունիզացիայի միջոցով» թեմատիկ ծրագրի (ղեկ.՝ Նաիրա Այվազյան), գիտության կոմիտեի հայ-բելառուսական համատեղ դրամաշնորհային՝ «Macrovipera lebetina obtusa գյուրզայի թույնի А2 ֆոսֆոլիպազների եւ դեզինտեգրինների կառուցվածքա-ֆունկցիոնալ հետազոտությունները» ArmBel-Ap18_1f-4 (ղեկ.՝ Գայանե Կիրակոսյան) ծրագրի եւ ANSEF-ի (ԱՄՆ) biochem-5308  «Macrovipera lebetina obtusa օձի թույնի ֆոսֆոլիպազ A2-ի ազդեցությունը քաղցկեղային բջիջների վրա» (ղեկ.՝ Նարինե Ղազարյան) դրամաշնորհային ծրագրերի շնորհիվ:

Խոյերի իմունիզացիայի միջոցով փորձարկումը «որակյալ պրոդուկտ է տվել»։ «Բայց պետք է հասկանալ, որ սա նախատիպն է»,- ասաց Նարինե Այվազյանը։ Դեռ պետք է անցնեն ուղեգրանցում, կլինիկական հետազոտություններ։ Որոշակի գործընթացներից հետո միայն կարելի է արտադրանքը հասցնել շուկա։ Դա արդյունք կտա եւ՛ տնտեսական, եւ՛ առողջապահական ոլորտներում։

Ի դեպ, հավելենք, որ գյուրզայի թույնը յուրահատուկ հակաքաղցկեղային եւ հականեյրոդեգեներատիվ հատկություններից զատ այլ հատկություններ էլ ունի։ Ուսումնասիրությունները շարունակվում են։ Նոր պաթոլոգիաներ էլ են ուսումնասիրվում։ «Մեզ հետ կապ է հաստատել առավել խոշոր INOSAN ֆրանսիական հակաթույնի արտադրողը՝ խնդրելով ստուգել նաեւ իրենց արտադրանքի ակտիվությունը մեր էնդեմիկ օձատեսակների թույնի դեմ: Ռուսաստանյան գիտաժողովներն էլ հիմք են նոր համագործակցության, որն արդեն 2021 թ. ձեւակերպվել է որպես Գիտության կոմիտեի հայ-ռուսական համատեղ դրամաշնորհային ծրագիր (2021/2022թթ. 20RF-073 «Կենդանական թույների նեյրոպրոտեկտորների ուսումնասիրումը Պարկինսոնի եւ Ալցհեյմերի հիվանդությունների in vitro եւ in vivo մոդելներում»), որն այժմ իրագործման փուլում է՝ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հեռավորարեւելյան բաժանմունքի Գ. Բ. Ելյակովի անվան կենսաօրգանական քիմիայի խաղաղօվկիանոսյան ինստիտուտի հետ համատեղ»,-եզրափակեց Ն. Այվազյանը։

Թեգեր: գիտությունԳիտությունների ակադեմիաօձ
Կիսվել3Tweet2Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
«Լեզուն արյուն է, այդ արյունը չի կարելի փոխել…»

«Լեզուն արյուն է, այդ արյունը չի կարելի փոխել…»

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist