«Եվրոպայից միայն Եվրոպան է երեւում, իսկ Շուշիից եւ՛ Եվրոպան է երեւում, եւ՛ աշխարհի մյուս կողմերը».
Ստեփան Աղաջանյան
Հայաստանը ծով չի ունեցել, բայց ունեցել է ծովակալներ ու ծովանկարիչներ, «օտար» բնության սիրահարներ ու երազողներ, ովքեր հպարտություն են ներշնչել հայ ժողովրդին իրենց արմատներով, ազգային պատկանելությամբ. սրա հետ մեկտեղ հայ ժողովուրդն ունեցել է հայրենի բնությամբ, նրա պատմությամբ ու ազգային առանձնահատկություններով տոգորված գործիչներ ու արվեստագետներ, ովքեր ուշադրության ու մեծարանքի են արժանացել նաեւ օտարների կողմից, քանզի ազգային մշակույթն ու բարոյականությունն առավելս են ընդգծում համընդհանուր մարդկային որակները…
Տվյալ ժողովրդի պատմության, աշխարհագրական տարածքի, ազգային որակների ու կենսագրության մասին պատկերացում կարելի է կազմել ոչ միայն պատմական փաստաթղթերից, վավերագրերից ու արձանագրություններից, այլեւ մշակույթից, այն մատուցելու կերպից ու առանձնահատկություններից, քանզի մշակույթն առավել խոսուն, հուզական, հանրամատչելի ու շոշափելիորեն է պատկերում այն, ինչը թվերով ու փաստերով ներկայացնում է պատմությունը։ Այդպես էլ հայ ժողովրդի տեսակի, նրա ճակատագրի, դրամատիզմի, ազգային ողբերգականության, ինչպես եւ լուսավոր ներաշխարհի գունապնակի երանգներով է հարուստ ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Ստեփան Աղաջանյանի վրձնաշխարհը։ Բավական է դիտել Աղաջանյանի դիմանկարները, որպեսզի այդ վրձնաշխարհը բացվի ողջ էությամբ ու բնույթով, պատմի թե՛ հեղինակի, թե՛ նրա կերպարների ու այդ կերպարները մարմնավորող անձնանց մասին, եւ ցանկություն առաջանա առավել խորանալու պատկերասրահի ներքին շերտերը բացող գաղտնիքների մեջ։
Անհնար է թռուցիկ հայացքով բավարարվել աղաջանյանական կերպարաշարի ցանկացած դրվագի պատկերով, քանզի այն մտածել է տալիս, ստիպում կանգ առնել, հետաքրքրվել, պարզել ինչն ու ինչուն, ինչպեսը, գնալ ժամանակի խորքերը, քննել պատմությունն ու աշխարհագրությունը, ճանաչել կերպարի իրական դեմքը։ Այս իմաստով բավական ուշագրավ են շուշեցի նկարչի հոր եւ մոր դիմանկարները` ազգային կոլորիտով, զուսպ, բայց եւ անչափ խորքային։ Աղաջանյանը ծնողների դիմանկարները կերտել է 1900 թ., երբ վերադարձել է ծննդավայր։ Դիմանկարներում գերիշխում են մուգ գունավորումը, զուսպ, բայց եւ խոսուն արտահայտչամիջոցները, դրամատիզմը. ապրված կյանքից իմաստնացած, մտահոգ, բայց եւ ազնվական կեցվածքով, հաստատակամ դիմագծերով, ազգային տարազով. աչքի են ընկնում ձեռքերը ու նրանց խորհրդանշական լեզուն։ Տղամարդը, որի վրա է ընտանիքի հոգսն ու պատասխանատվությունը, ասես, հիմնականում ձեռնունայն է. աջ ձեռքն ազատ է, թվում է` դատարկ, հույսի սպասումով, իսկ ձախը հենված է սեփական գոտուն, ինչը նշանակում է, որ, այնուամենայնիվ, հույսն իր վրա է։ Կնոջ մտահոգության մեջ նաեւ խաղաղություն կա. բացի այն, որ մեջքին ուժեղ ամուսին ունի, նաեւ Աստծու վրա է հույսը, ինչը հուշում են բազկակալին թեթեւակի հենված աջը եւ ձեռքերի մեջ հանդարտորեն համրվող տերողորմյան։ Ծնողների դիմանկարներով Աղաջանյանը բացահայտել է ազգային հատկանշական գծեր ու բնութագրեր. ժամանակաշրջանը, տարազն ու կենցաղը (գորգերով ինտերիերն ու բազմոցը), դժվարին կյանքն ու հպարտորեն այն հաղթահարելու ազնվական տեսակը (ուղիղ կեցվածք, զուսպ դիմագծեր), աշխատասիրությունը (ձեռքերի ու մատների գծերը), բարությունը, տղամարդու եւ կնոջ առանձին դերակատարությունը ընտանիքում, սիրված կնոջ հարգվածությունն ու ապահովվածությունը։
Նկարչի բոլոր դիմանկարներն էլ օժտված են պատկերային խորքայնությամբ, այնպես, ինչպես գրողն է մանրամասն նկարագրում իր հերոսին` տալով նրա հոգեբանական նկարագիրը, մարդկային տեսակը, եւ դիտորդն ակամա ցանկանում է գնալ պատմության հետքերով, հայտնաբերել կերպարը մարմնավորող իրական մարդուն։ Այդ առումով հետաքրքրական է նաեւ Մարիետա Շահինյանի դիմանկարը` թե՛ նրան ճանաչողների, թե՛ անծանոթների համար։ Համեստ հագուստով, ընդգծված, աղեղնաձեւ հոնքերի տակից` մի կողմից` խաղաղ, մյուս կողմից` մտասեւեռ, սեւ, խոշորաչյա աչքերի ներհուն հայացքով, նուրբ դիմագծերով, ճակատի խոհուն ալյակներով երիտասարդ գեղեցկուհու պատկերը մտածելու եւ նրան ճանաչելու առիթ է տալիս` ո՞վ է նա… Մտավորական, հարուստ կենսագրությամբ ու գործունեությամբ` բանաստեղծ, գրող, թարգմանիչ, հրապարակախոս, հասարարակական գործիչ, որը խոշոր ներդրում ունի մշակութային ու ազգանվեր գործում։ Մարիետա Շահինյանը ռուսերեն է թարգմանել Սմբատ Շահազիզի, Հովհաննես Հովհաննիսյանի, Ալեքսանդր Ծատուրյանի, Ավետիք Իսահակյանի բանաստեղծությունները, հոդվածներ գրել Խաչատուր Աբովյանի, Հովհաննես Թումանյանի, Եղիշե Չարենցի, Գեորգի Յակուլովի, Մարտիրոս Սարյանի եւ այլոց մասին, ինչով էլ նպաստել է, որ ռուս ընթերցողն ու հասարակությունը ծանոթանան հայկական մշակույթին ու այն ներկայացնող մտավորականներին։
Աղաջանյանի յուրաքանչյուր դիմանկարի ու բնանկարի արժե առանձին-առանձին անդրադառնալ, ներկայացնել ու վերլուծել, շոշափել դրանց թեմատիկան, նյութն ու պատմականությունը, ժամանակային խնդիրները, նկարչի տաղանդին առնչվող մանրամասները, սակայն քանի որ մի հոդվածի, անգամ հոդվածաշարերի դեպքում անգամ անհնար է դա անել լիարժեքորեն, հարկ է, որ արդեն իսկ խոսենք հենց նրա ինքնադիմանկարներից ու կենսագրությունից։ 1909 թ., դիմանկարը կերտելիս, Աղաջանյանը ապրել է Դոնի Ռոստովում. այնտեղ անցկացված 15 տարիները` ստեղծագործական առումով, նա համարել է ամենաարդյունավետը, որտեղ, բացի դիմանկարներից, արարել է բնանկարների շարք, իսկ 1912-ից պատկերել մանկական դիմանկարներ` «Երեխայի գլուխ», «Գլխարկով տղան», «Տղայի դիմանկար», ինչը հազվադեպ էր հայ կերպարվեստում։
Կարիքը, սակայն, Աղաջանյանին ստիպում էր ոչ միայն ստեղծագործել, այլեւ նկարչություն դասավանդել` սկզբում Գոգոեւի գիմնազիայում, ապա Դումսկի նահանգի կերպարվեստի արվեստանոցում, իսկ երբ 1919 թ. Նախիջեւանում, Շահինյան քույրերի` Մարիետայի եւ Մագդալենայի ջանքերի շնորհիվ բացվեց Վրուբելի անվան դպրոցը, անվանի արվեստագետների հետ միասին Աղաջանյանն էլ սկսեց այնտեղ նկարչություն դասավանդել: Սակայն ուժերի ծաղկման շրջանում տակավին երիտասարդ Աղաջանյանի 1909 թ. ինքնադիմանկարն ամենեւին էլ զվաթ չէ ու չի վկայում Դոնի Ռոստովում անցկացրած երջանիկ տարիների մասին։ Դիմանկարից նայում են անսահման թախիծով ողողված, ասես կոպերի վրա քարացած արցունքի մարգարտահատիկներով խոշոր, սեւ աչքերը` միանգամայն անհարիր երիտասարդ, ավյունով լի երիտասարդ, գեղեցիկ դեմքին։ 1908 թ. մահացել էր սիրելի կինը, եւ ողբերգությունն իր կնիքն էր թողել ոչ միայն նկարչի հոգում, այլեւ այն արտացոլող հայելիներում։ 1925, 1926 թթ. դիմանկարներն արվել են արդեն Երեւանում, երբ նկարիչը 62-63 տարեկան էր։ Աղաջանյանը փոխադրվել է Երեւան 1921-22 թթ., դասավանդել մայրաքաղաքի Գեղարվեստական ուսումնարանում (1922-40 թթ.), հայրենիքում արարել լավագույն նկարների մեծ մասը, որոնցում լույսն առավել թափանցիկ է, իսկ գույները` ջերմ։ Տարիքի հետ դիմագծերը կոշտացել են, այտերի առվակները` խորացել, հայացքը դարձել է մտահոգ, ինչն էլ արտացոլվել է ուշ շրջանի ինքնադիմանկարներում` բացահայտելով տարիներով կուտակված հոգեկան աշխարհի խռովքները։
Աղաջանյանի ուսումնառության ու աշխատանքային քարտեզն սկիզբ է առնում Շուշիից, ապա տեղափոխվում Մարսել ու Փարիզ, այնուհետեւ Դոնի Ռոստով, ապա հանգրվանում Երեւանում։ Դեկտեմբերի 16-ը նրա ծննդյան օրն է, թվականը` 1863, ծննդավայրը` Շուշին, որտեղից, ինչպես վկայում է նկարիչը, երեւում են Եվրոպան, աշխարհի մյուս կողմերը, քանզի այստեղից են ծննդյան վկայական ստացել մեր անվանի, աշխարհահռչակ հայորդիները եւ իրենց ներաշխարհի հոգեպարար, պայծառ լույսը տարածել ամենուր, ամենայն մարդկայինի վրա…