Հարար
Պատմական այս գյուղը Հակարի գետի ձախակողմյան բարձրադիր վայրում է՝ գետից մոտ 10 կմ արեւելք։ Նախկինում Արցախի Դիզակի մելիքության, այնուհետեւ Բերդաձոր գավառի կազմում գտնված Հարար գյուղում կիսավեր վիճակում պահպանվել է մոտ 10×5 մ արտաքին չափեր ունեցող միջնադարյան եկեղեցին: Ծովի մակերեւույթից մոտ 1300 մետր բարձրությամբ գտնվող այս սրբատունը կառուցվել է 12-13-րդ դդ., հնարավոր է՝ ավելի վաղ: 16-րդ դ. այն վերակառուցվել է եւ, ըստ 1671 թ. նույն եկեղեցում գրված Ավետարանի հիշատակության, կոչվել է Սուրբ Ստեփանոս: 1841 թ. եկեղեցին նորից է վերակառուցվել եւ վերանվանվել Սուրբ Հռիփսիմե: Ըստ մատենագրության՝ այս սրբատանը միջնադարում գրվել է 3 Ավետարան:
Մ. Մաշտոցի անվան Մատենադարանում պահվող «Մաշտոց» ժողովածուներից մեկի մասին հիշատակվում է. «Ստեղծվել է Պաղտասար դպիրի ձեռքով եւ Մարտիրոս քահանայի պատվերով, 1666 թվականին Հագարան երկրի Հարար գյուղում»: 2 տարի անց ստեղծվել է մեկ այլ «Մաշտոց», որի հիշատակարանում գրված է եղել՝ «ՌՃԺԷ թուին [=1668 թ.] … յերկիրս Հագարեան ի գեօղն, որ կոչի Հարար»: Եվ մի 3-րդ գրչագրի Ավետարանի հիշատակարանում կարդում ենք. «…արդ, գրեցաւ կենսաբեր սուրբ Աւետարանս ձեռամբ մեղապարտ եւ սուտանուն Պաղտասար դպրի, ի թուաբերութեանս Հայոց ՌՃԻ [=1671 թ.], ի յերկիրս Հագարեան, ի գեօղս որ կոչի Հարար, ընդ հովանեաւ Սրբոյս Ստեփաննոսի…»: Դեռեւս 20-րդ դարասկզբին Հարարի եկեղեցին գործող է եղել: «Արարատ» հանդեսը գրում է, որ 1905 թ. ապրիլին եկեղեցու քահանա է ձեռնադրվել Համբարձում Գրիգորյան Աղանյանցը: Այժմ պահպանված է Հարարի եկեղեցու հարավային պատը, որոշ չափով նաեւ՝ արեւմտյանը, որի մեջ խաչքար է ագուցված: Մուտքը հարավային կողմից է՝ սրբատաշ քարերով: Բարավորը խաչաքանդակով տապանաքար է: Մուտքի շեմը նույնպես տապանաքար է՝ 108x70x 35 սմ չափերով, որի աջ կողմում հազիվ երեւացող երկտողանի արձանագրություն կա: Ըստ Ս. Կարապետյանի՝ տապանաքարը 12-13-րդ դդ. գործ է՝ հետեւյալ գրությամբ. «… /ԿԱՆԳՆԵՑԻ ԶԽ/Ա/ՉՍ ԲԱՐԵԽ/ԱՒՍՈՒԹԻՒՆ ՄԱՒՐ ԻՄՈՅ ԹՈՒ … Ե …»: Մկրտության ավազանը, որ համարվում էր կորած, վերջերս գտնվել էր եւ պահվում էր գյուղի բնակիչներից մեկի տանը: Եկեղեցին կառուցված է հիմնականում սպիտակ թերթաքարերից՝ կրաշաղախով, պատերի մեջ ագուցված են մի քանի տապանաքար ու խաչքար: Հյուսիսային պատը կից է հողապատնեշին, եւ նրա կեսից ավելին քանդված է: Սուրբ խորանին կից ավանդատներ չկան: Միանավ շինության թաղը նստած է եղել 2 կամարի վրա, որոնցից այժմ միայն հետքերն են մնացել:
Այստեղ պահպանված 2 խաչքարն էլ արձանագրություն չունեն: Անմշակ սեւագույն բազալտե խաչքարերից մեկն ունի մոտ 75x75x30 սմ չափեր, մյուսը՝ 100x85x28 սմ: Գերեզմանոցը պահող բլրակի գագաթին են՝ հարավարեւմտյան կողմում, թփերի տակ: Տապանաքարերը բլրակի ներքին մասում են, տեղահանված են: 121x80x36 սմ չափերով ուղղանկյուն տապանաքարն ունի հետեւյալ արձանագրությունը. «ԱՅՍ Է ՏԱՊԱՆ ՀԱՐԱՐԵՑԻ / ՄԱՐՏԻՐՈՍԻ ՈՐԴԻ ԴԱՎԻԹԻՆ, /ՕՎ ՈՐ ԳԱՐՏԱՅ. ՌՄՂԵ [1846 թ.] / ՄԵԿ ԲԵՐԱՆ Ա[ՍՏՈՒԱ]Ծ ՈՂՈՐՄԻ ԱՍԻ»: Մոտակա մեկ այլ՝ գրեթե նույն չափերի տապանաքարի եռատող արձանագրությունն է. «ԱՅՍ Է ՏԱՊԱՆ ՀԱՐԱՐԵՑԻ ԴԱՎԻԹԻՆ, ՈՐԴԻ ՊՕՂՈՍԻ, / ԹՎԻՆ ՌՄՁԶ [1837 թ.]»: Տապանաքարի աջակողմյան անկյունը կոտրված է. բարեբախտաբար, կոտրված մասը տեղում է, ունի զարդանախշեր: Երրորդ արձանագիր տապանաքարն ունի 95x40x30 սմ չափսեր: Նույն արձանագրությունը շրջափակված է զարդանախշ շրջանակով. «ԱՅՍ Է ՏԱՊԱՆ48 / ՄԵԿ ՈՐԴԻ Ս/ԱՐ/ԳՍԻ Ա[ՍՏՈՒԱ]Ծ ՈՂՈՐՄԻ. / 1871 ԱՄԻ»: Տապանաքարի հակառակ երեսին 2 խաչ է քանդակված՝ մեջտեղում՝ հավերժության նշանը: Գերեզմանոցի հյուսիսարեւմտյան կողմում ճանապարհի հետք կա, որի 2 կողմում քարեր են շարված: Հնարավոր է՝ դրանք շիրմաքարեր են, որոնք թյուրքերը շարել են ճանապարհի եզրերին. Քաշաթաղի շրջանի մի շարք գյուղերում եւս այդպես են վարվել՝ Մազրայում, Զիրիկում, Մովսեսաշենում եւ այլն: Հին գերեզմանատեղից մի ճանապարհ է իջնում դեպի Հակարի գետի ափ: Ճանապարհն անցնում է քարանձավային համալիրի մոտով: Կա 40-ից ավելի քարանձավ, եւ դա, հավանական է, ժամանակին բնակատեղի է եղել:
Եղեգնու ձորի սրբատունը
Քաշաթաղի շրջանի Ներքին Ջիջիմլի գյուղից 1 կմ հյուսիս-արեւելք՝ ՀՀ Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղից 2.3 կմ հարավ-արեւելք, կտրտված ռելիեֆով անմարդաբնակ, անջրդի ու անօգտագործելի ձորում, որին կոռնիձորցիները «Եղեգնու ձոր» անունն են տալիս, կա մեկ այլ ժայռափոր եկեղեցի: Այն փորված է ձորի հարավահայաց լանջի հրաբխային բռեկչայի (հատակապատում) տակ նստած մանրահատիկ կավահողի հաստ շերտի մեջ եւ ամբողջովին ձեռակերտ է: Հուշարձանի կոորդինատներն են՝ 39 32 08,5 N. 46 33 10,2 E. Alt.1000 մ.: Եկեղեցու դիմաց բացվում է մոտ 3 մ լայնությամբ փոքր հրապարակ, որից հետո կտրուկ զառիթափ է: Եկեղեցու արեւմտյան եւ արեւելյան կողմերի բռեկչայի ուղղահայաց մերկացումների եւ նրա կրնկի շփման գծի մեջ բացված են բնական ու ձեռակերտ ոչ խորը անձավներ ու ժայռածածկեր: Շրջակայքում բնակավայրի, գյուղատեղիի հետքեր չեն նկատվում:
Եկեղեցին միանավ բազիլիկ է՝ ուղղանկյուն խորանով: Հարավային ճակատից բացված միակ մուտքի եզրագծերը փլուզված են: Ուղղանկյուն սրահը պսակված է երկկենտրոն թաղ հիշեցնող, մինչեւ 3.28 մ բարձրությամբ առաստաղով: Ուղղանկյունուն մոտեցող սեղանաձեւ խորան առանձնանում էր սրահից նեղ, ելուստավոր, ժամանակին կամարակիր մույթերով: Խորանն ունի բարձր (0.8 մ) բեմ եւ այնտեղ տանող մեկ աստիճան՝ հյուսիսային մույթի տակ: Այն, ի տարբերություն սրահի, պսակվում է կտրած կիսագնդի նմանվող ցածր գմբեթարդով: Խորանի բեմի ճակատային գիծը քայքայված է եւ այսօր ներկայացնում է կոր բացվածք: Խորանի հյուսիսային պատին պահպանվել է նեղ, կամարակապ որմնախորշ: Սակայն չկա մկրտության ավազան, որը հուշում է՝ մատուռ-եկեղեցին եղել է աղոթարան տարածքի ճգնավորների համար: Այդ է վկայում նաեւ այն, որ տարածքում գերեզմանոցի հետք չկա, այսինքն՝ ժայռափորը որեւէ բնակավայրի չի պատկանել: Սրահի ու խորանի հատակները հողածածկ են: Եկեղեցու պատերն ու առաստաղը ներքուստ սվաղված են եղել հունցած կավի սեւացած սվաղով, որը հիմնականում պահպանվել է: Ուշագրավ է եկեղեցու լուսավորության կազմակերպումը: Ամենայն հավանականությամբ, մուտքի վրա՝ հարավային ճակատից, բացված է եղել հիմնական լուսավորությունն ապահովող պատուհանը, որը ներկայումս փլուզված է:
Եկեղեցաշինության կանոնիկ պահանջներից է արեւմտյան ճակատի լուսամուտը եւ խորանի արեւելահայաց պատուհանի առկայությունը: Այս պարագայում, երբ եկեղեցին արեւելքից եւ արեւմուտքից, առանցքով ամբողջ ծավալով ընկղմված է կավաշերտի մեջ, խորանին արեւելքից պատուհան բացելը գործնականում անհնարին է: Ուստի խորանի հարավային պատի վերնամասից փորված-բացված է 3 մ երկարությամբ, 0.7 մ տրամագծով կլոր օդանցք-պատուհան, որ, մասամբ ուղղված լինելով դեպի արեւելք, կրում էր արեւելյան պատուհանի իմաստը: Մոտավորապես նման սկզբունքով լուծված է նաեւ արեւմտյան պատուհանի խնդիրը: Արեւմտյան պատի կենտրոնի վերնամասից մի կոր, դեպի դուրս լայնացող սողանցք-պատուհանը՝ մոտավորապես Զ շրջագծով, շրջանցելով մուտքի եզրագիծը, դուրս է գալիս հարավային ճակատ: Այսպիսով՝ լուծվում է երկու պարտադիր պատուհանների խնդիրը, որոնք, ճիշտ է, բավարար լուսավորություն չեն տալիս, բայց ելքը դեպի արեւելք ու արեւմուտք ապահովում են: Եկեղեցում որեւէ արձանագրություն կամ զարդարանք չկա: Նրա կառուցման ու գոյատեւման մասին լռում են նաեւ սկզբնաղբյուրները: Դատելով կառուցվածքից ու շինարարական տեխնիկայից՝ եկեղեցին կարելի է թվագրել 14-15-րդ դարերի: Ըստ ամենայնի՝ այն կառուցել ու օգտագործել են այս ձորերի անձավներում ծվարած ճգնավոր հոգեւորականները:
Հուշարձանը հայտնաբերել է ԵՊՀ հնագիտության եւ ազգագրության ամբիոնի եւ հայագիտական ինստիտուտի հնագիտական հետազոտությունների լաբորատորիայի համատեղ արշավախումբը՝ Կոռնիձորի բնակիչ Անդրանիկ Հայրապետյանի տեղեկատվությամբ: