Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մայիսի 18, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Օձասարի հազարամյա վկան

Դեկտեմբերի 23, 2021
Այլք
Օձասարի հազարամյա վկան
33
ԿԻՍՎԵԼ ԵՆ
3.3k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

ՀՀ Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանի Նարեկ գյուղից ուղիղ գծով մոտ 2.5 կմ հարավ-արեւելք՝ Ազատ եւ Վեդի գետերի վերին հոսանքում, Չորառու հեղեղատի ավազանում, Վեդի քաղաքի հյուսիսարեւմտյան հատվածում է տեղացիների անվանումով Իլկասար բարձունքը։ Հեռվից, հիրավի, իլիկի գլխի է նման այս սարը։ Ասում են՝ սարի տարածքում շատ են օձերը, եւ այդ պատճառով Իլկասարը կոչվում է նաեւ Օձասար։

Գեղամա լեռնաշղթայի հարավային  հատվածում՝ Երանոսի լեռնաշղթայի հարավարեւմտյան կողմում է հետաքրքիր տեսքով ու ժայռերով հարուստ Իլկասար-Օձասարը։ Ընդհանրապես, այս հատվածում, չնայած Գեղամա լեռնաշղթայի հյուսիսային հատվածի հետ համեմատած, ցածր են լեռնագագաթները, սակայն ունեն այնպիսի գեղեցիկ տեսք, որ կարելի է նմանեցնել կենդանիների։ Որոշների գագաթների հողը ժամանակի ընթացքում մաքրվել է, եւ ցից ժայռերն են հսկում տարածքում։ Այնուամենայնիվ, Իլկասարն առանձնանում է իր տեսքով ու բարձրությամբ։ Եվ սա են դարեր առաջ հաշվի առել մեր պապերն ու սարի գագաթին ամրոց հիմնել: Ամրոց, որին ստորոտից հասնելու համար մեկ ու կես ժամ պահանջվեց։ Աշխարհագրական Հ. 39, 59, 02, 3 եւ Ա. 44, 41, 24, 1 կոորդինատներում, ծովի մակերեւույթից 1465 մ բարձրության վրա է ամրոցը՝ կառուցված վաղ միջնադարում։ 

Իլկասարի հարաբերական բարձրությունը ստորոտից մոտ 400 մ է, ինչի պատճառով էլ սարն ունի կոնի տեսք, իսկ բարձրանալը դժվար է։ Եղանակային պայմանները դեռ թույլ տվեցին բարձրանալ սարը եւ ուսումնասիրել հազարամյակների պատմություն ունեցող բերդ-ամրոցի ավերակները։ Դեկտեմբերի 14-ին հենց մեր ուզած եղանակն էր, եւ հնագետներ Գագիկ Սարգսյանի ու Լեւոն Մկրտչյանի հետ հերթական ամրոցն ուսումնասիրելու գնացինք։ Միակ խանգարող հանգամանքը թույլ մառախուղն էր, որ սկզբում անտեսանելի էր պահում տարածքը։ Անցնելով Նարեկ գյուղը՝ քիչ անց քանդված կամրջի մոտով թեքվեցինք աջ եւ այգիներ տանող ճանապարհով  հասանք սարի ստորոտ։ Ե՛վ Նարեկ գյուղից դուրս եկած ճանապարհին զուգահեռ, եւ՛ Իլկասարի ստորոտի մոտ կան գետերի չոր հուներ, այստեղից՝ Չորառու անվանումը։ Պատահաբար ընտրեցինք վերելքի ուղին եւ լեռան արեւմտյան կողմով՝ հեղեղատով բարձրացանք գագաթը, որը պատված է մարդու ձեռքով ստեղծված պարսպապատով։ Այս հատվածում սարը բաժանված է 2 մասի։ Ձախակողմյանը ցածր է, սակայն ամբողջովին ժայռապատ։ Ժայռերի մեջ քարանձավներ են երեւում, հնարավոր է՝ ժամանակին եղել են բնակելի։ Իսկ մեր ճանապարհին տեղ-տեղ կառույցների հետքեր էին նկատվում. պատաշարեր, հիմքեր։

Մինչ ամրոցին հասնելը՝ Օձասարի 2 հատվածների միջնամասում, որը հեռվից աղեղնաձեւ է, մի փոքր շինություն կար՝ ծածկված թիթեղով։ Պարզվեց՝ նորակառույց մատուռ է՝ Սուրբ Երրորդություն անունով. մի քարի վրա էր նոր փորագրված։ Այստեղ հանդիպեցինք Նարեկ գյուղի դպրոցի 10-րդ դասարանցիներ Սարո Առաքելյանին եւ Արմեն Մնացականյանին, ովքեր ուխտի էին եկել մատուռ եւ ցանկացել էին եւս մեկ անգամ սարը բարձրանալ ու հասնել հնավայր։ Ասացին՝ յուրաքանչյուր տարի մեկ-երկու անգամ բարձրանում են Օձասար, իսկ մատուռը կառուցվել է իրենց գյուղացի  (արմատներով՝ ՀՀ Մարտունու շրջանից) բարերարի կողմից։ Մատուռից բավականին վեր է ամրոցը։ Այս հատվածից հարավային կողմում, եռաշերտ լեռների թիկունքում իր վեհությամբ երեւում էր մշուշապատ Մասիսը։ Կարծում եմ՝ պարզ օրերին ավելի վեհ տեսարան կլինի։ Վերջապես երեւում է հարավային պարիսպը՝ բոլորաձեւ պատած սարի գագաթը։ Պարսպից ներքեւ՝ հարավարեւելյան կողմում, ժամանակին գործել է ամրոց բերող ճանապարհը, որն սկիզբ է առնում բլրի արեւելյան ստորոտից։ Հնարավոր է՝ այս հատվածում նաեւ դարպասներ են եղել ժամանակին։ Բնական ժայռերն են եղել դարպասներ պահող կողապատերը։ Պատմական ճանապարհի հետքը երեւում է, ամրոցի գործուն ժամանակ երեւի երիվարներով են բարձրացել այդ ճանապարհով։

Վերջապես հասնում ենք պարսպապատի տակ։ Աջ կողմում՝ ժայռերի պռնկին ոչ մեծ ուղղանկյուն կառույցի պատեր են պահպանվել. գլխավոր աշտարակներից մեկն է եղել։ Այս հատվածում մոտ 3 մ բարձրություն ունի պարիսպը՝ կառուցված կոպտատաշ տեղական ֆելզիտ քարով, որը շատ-շատ է տարածքում։ Պարսպի վերջին շերտի քարերն ավելի մեծ են, քան մնացածները։ Բարձրանում ենք վեր։ Մոտ 4 մ լայնություն ունի արտաքին պարսպապատը։ Դրսի կողմերը շարված են համեմատաբար մեծ քարերով, իսկ մեջը տարբեր չափերի քարեր են։ Կրաշաղախ չկա։ Վերջերս նույն արշավախմբով այցելեցինք Կոտայքի մարզի Թեղենիք գյուղի տարածքում գտնվող Թղիթ ամրոց, որը, ըստ հնագետների, կառուցվել է Վանի թագավորությունից հետո՝ Երվանդունիների օրոք: Կա կարծիք, որ ավելի հին պատմություն ունի Թղիթը եւ երկար դարեր է ծառայել մեր ժողովրդին։ Այստեղ եւս պարսպապատերը կառուցված են առանց շաղախի, ունեն մոտ 7 մ լայնություն։ Այս 2 ամրոցները կառույցով նման են, հնարավոր է՝ նույն ժամանակ են հիմնվել, նույն թագավոր-իշխան-կուսակալի կողմից։ Երկու հնավայրի դեպքում էլ զգացվում է՝ կառուցողը եղել է հզոր տիրակալ։ Երկրորդ շերտի պարիսպը, համեմատած առաջինի, նեղ է, ունի մոտ 2 մ լայնություն, քանդված է, եւ սպիտակ կրաշաղախը հավաստում է միջնադարի մասին։

Ընդհանրապես շրջանաձեւ տեսք ունի ողջ ամրոցը՝ բոլորաձեւ պատած բլուրի գագաթը՝ 109-115 մ շառավղով։ Որոշ հատվածներում ամրոցի տարածքն ամրացված է եռաշերտ պարիսպներով։ Արեւելյան կողմում ժայռապատ է բլուրը, սակայն բոլոր թույլ հատվածներում պատեր են շարված։ Բլրի գագաթին՝ կենտրոնական մասում, եղել է միջնաբերդը։ Հանգետ Լ. Մկրտչյանը գտնում է, որ դղյակն է՝ 26×30 մ չափերով։ Դղյակ-միջնաբերդի տարածքում կան 10-ից ավելի շինությունների հիմքեր ու պատեր։ Հյուսիսային կողմում երկշերտ պարիսպ կա։ Սարալանջին կպած պարսպի արտաքին շերտը կառուցված է բավականին մեծ քարերով, որոնք կտրված են մոտակա ժայռերից եւ անմշակ՝ հարթ մակերես ունեն։ Այս հատվածով նույնպես ճանապարհ է բարձրացել դեպի ամրոց։ Արեւելյան կողմում պարիսպը կառուցված է դարձյալ մեծ քարերով, ունի կրաշաղախ։ Քարերը կտրված են մոտակա ժայռերից, որոնց վրա տեղ-տեղ զգացվում է դարեր առաջ կատարված աշխատանքի հետքը։ Հավասար մասերի է բաժանված մեծ քարը, բայց ինչ-ինչ պատճառներով կտորները մնացել են տեղում։ Նման երեւույթ տեսել եմ Քարաթաղի շրջանի Քաշունի եւ Միրիկի ամրոցների տարածքում, Տիգրանակերտում, այլուր։

Մինչ ես ու Գ. Սարգսյանն ուսումնասիրում ու լուսանկարում էինք ամրոցի պարիսպները, մնացած շինությունների պատերն ու հիմքերը, Լեւոնը դրոնով նկարահանումներ կատարեց, եւ ստացվեց ամրոցի ամբողջական տեսքի լուսանկարը։ «Ամրոցը անմատչելի բլրի գագաթին է եւ փակում է դեպի Խոսրովի անտառ տանող լեռնային ճանապարհը։ Հավանաբար, հիմնվել է Խոսրով Կոտակի օրոք եւ կազմել Դվինի պաշտպանական համակարգի մաս։ Այստեղից Արարատյան դաշտը հայտնվում է ափիդ մեջ»,- ասում է հնագետ Լեւոն Մկրտչյանը։ Ամրոցագետ-հնագետ Գագիկ Սարգսյանի հետ մոտ 5 տասնյակ հնադարյան ամրոց ու բնակատեղի ենք հայտնաբերել միայն Քաշաթաղի շրջանում։ Ուսումնասիրել ենք նաեւ  Քարվաճառի ու Հադրութի շրջաններում հայտնիները, գտել նորերը։ Հնագետը գտնված մի քանի կտոր խեցիներից ենթադրում է, որ ամրոցը վաղ միջնադարում էլ է գոյություն ունեցել եւ շարունակել գոյատեւել մինչեւ ուշ միջնադար։ 

Թեգեր: Օձասար
Կիսվել13Tweet8Կիսվել2
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Ամենայն հայոց բանաստեղծի մուսան

Ամենայն հայոց բանաստեղծի մուսան

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31
  • Հետաքրքիր է իմանալ

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist