Հող-բնական գոյացություն՝ կազմված ծագումնաբանորեն իրար հետ կապված հորիզոններից, որոնք ձեւավորվել են երկրի կեղեւի մակերեսային շերտերի վերափոխման հետեւանքով՝ ջրի, օդի եւ կենդանի օրգանիզմների ներգործության շնորհիվ։ Հողը երկրակեղեւի մակերեսային փխրուն շերտն է, որը փոփոխվում է մթնոլորտի եւ օրգանիզմների ազդեցությամբ, լրացվում է օրգանական մնացուկներով։ Ավազախառն կավահողերում անձրեւորդերի կենսազանգվածը հասնում է 2.5 միլիոն առանձնյակի կամ 1.2 տ՝ մեկ հեկտարին։ Բակտերիաների քանակը 1 գրամ հողում հաշվվում է հարյուրավոր միլիոններով։ Անձրեւների, հալչող ձյան ջուրը այն հարստացնում է թթվածնով եւ լուծում է հանքային աղերը։ Լուծույթների մի մասը պահվում է հողում, մյուս մասը գետերի միջոցով տարվում է օվկիանոս։ Հողը գոլորշիացնում է մազական անցքերով բարձրացող ստորերկրյա ջուրը։ Կատարվում է լուծույթների շարժում, եւ առաջանում է աղերի նստվածք հողի տարբեր հորիզոններում։ Հողում կատարվում է նաեւ գազափոխանակություն։ Գիշերը գազերի սառչելու եւ սեղմվելու ժամանակ հողի մեջ որոշ քանակությամբ օդ է թափանցում։ Օդի թթվածինը կլանում են կենդանիները եւ բույսերը, եւ այն մտնում է քիմիական միացությունների բաղադրության մեջ։ Օդի հետ հողի մեջ թափանցած ազոտը որսում են որոշ բակտերիաներ։ Ցերեկը հողի տաքանալու ժամանակ դուրս են գալիս գազեր՝ ածխաթթու գազ, ծծմբաջրածին, ամոնիակ։ Հողն անընդհատ զարգանում եւ փոփոխվում է։