Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 22, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Մարտի 31-ի հերոսամարտը

Ապրիլի 1, 2022
Այլք
Մարտի 31-ի հերոսամարտը
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
414
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

2020 թ. դեկտեմբերի 1-ից Արցախ-Սյունիք միավորող Քաշաթաղի շրջանը կրկին մնաց գերության մեջ։ Կրկին մի մեծ անջրպետ առաջացավ մեր երկրի սրտում։ Արդեն կորցրած հայրենիքի Վակունիս գյուղի մասին շատ էի գրում, երբ մերն էր, հայացել էր, եւ այստեղ մեր երեխաներն էին ապրում, դպրոց հաճախում, ոգեշնչվում այն հերոսներով, ովքեր ազատագրել էին հայրենի երկիրը 1993 թ. գարնանը։

Պատմական Մեծ Հայքի Արցախ աշխարհի Վայկունիք գավառի կենտրոնն է եղել, հավանաբար, դարեր շարունակ Վակունիս գյուղը, որը Բերձորից մոտ 40 կմ հյուսիս ընկած Շալուա գետի ձախակողմյան բարձրադիր հարթության վրա է: Վակունիսը եւ շրջակա բնակավայրերը, բացառությամբ Ալիղուլի-Ղազարապատ գյուղի, հայաթափ էին եղել 18-րդ դարի երկրորդ կեսից։ Ղազարապատում հայերն ապրել են մինչեւ 1918 թ.։ Իսկ մնացած բնակավայրերը բնակեցվել էին քրդերով, որոնք էլ չարիք էին Արցախի ու Սյունիքի հայության համար։ Գյուղի կենտրոնում պահպանվել է հայոց եկեղեցու ավերակը, որի պատերի մեջ ագուցված բազում խաչքար-տապանաքարեր կան։ Հավանաբար եկեղեցու հարեւանությամբ է եղել բնակավայրի հանգստարանը, եւ սրբատունը կառուցելիս օգտագործել են շիրմաքարերը որպես անկյունաքար ու բարավոր։ Խորհրդային տարիներին այս հանգստարանն ամբողջությամբ է քանդվել, իսկ շիրմաքարերը, ինչպես նկատվում է հայաթափ բոլոր բնակավայրերում, քրդաթրքերն օգտագործել են իբրեւ շինաքար իրենց տները եւ պետական հիմնարկներ, ճանապարհներ կառուցելիս։

1993 թ. մարտի վերջին Վակունիսում տեղի ունեցավ հերոսամարտ, որի ընթացքում նահատակվեցին Սիսիանի զորամիավորման մի վաշտի 11 ազատամարտիկներ՝ հրամանատար Վուրգ Ոսկանյանի հետ։ Տարածքը վերստին հայացավ 1994 թ. գարնանից սկսած: 1996 թ. Վակունիսի մոտակա Խաչինտափում սկսեց գործել քառամյա դպրոց, բայց շուտով ավելացավ բնակչության թիվը, եւ անհրաժեշտություն առաջացավ քառամյան դարձնել միջնակարգ։ Դպրոցը տեղափոխվեց Վակունիս։  Վերահայացած Վակունիսի դպրոցը 2001 թ. մարտի 31-ից կոչվում է այստեղ նահատակված հրամանատար Վուրգ Ոսկանյանի անունով: Նույն օրը մեծ շուքով բացվեց նաեւ նահատակներին նվիրված հուշակոթող-խաչքարը՝ հարեւանությամբ պայթած մեքենայի: Ամեն տարի հերոսամարտի օրը կամ ապրիլ ամսին Վակունիսի դպրոցում տեղի էին ունենում հերոսներին նվիրված հուշ-ցերեկույթներ, ելույթ էին ունենում դպրոցի սաները՝ հավաստելով, որ տեր են մնալու հայ քաջորդիների սուրբ արյամբ ազատագրված եւ վերստին հայացած հող հայրենիին: Նույն հանդեսներին ներկա էին լինում հերոսների մարտական ընկերները, հարազատներ, ՀՀ ԵԿՄ անդամներ, պատանի երկրապահներ, Քաշաթաղի շրջվարչակազմի ներկայացուցիչներ, տարածքի բնակավայրերի բնակիչներ, դպրոցականներ, հյուրեր, հաճախ՝ երգիչներ Մկրտիչ Մկրտչյանը՝ Մկոն, Արսեն Գրիգորյանը՝ Մրոն, Լեյլա Սարիբեկյանը, Դավիթ Ամալյանը, ուրիշներ: Քաշաթաղի շրջանի հարավային թեւում ազատագրված գյուղերից մեկը կոչվում էր Վուրգավան՝ ի պատիվ հերոսի:

Դպրոցում կազմակերպված հանդեսներին «Սիսական» ջոկատի այն տղաները, ովքեր մասնակցել էին 1993 թ. մարտի 31-ի հերոսամարտին, պատմում էին, թե ինչպես եղավ այդ մարտը։ Քարվաճառի ազատագրման համար Լաչինի կողմից հարձակման համար ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի հրամանով նախատեսվել էր Վուրգ Ոսկանյանի 54 հոգուց կազմված վաշտը: Մարտի 29-ին Վուրգը Լաչին-Բերձորում, որն ազատագրվել էր 1992-ի մայիսի 18-ին եւ դարձել տարածքի ազատագրման համար ռազմական հենակետ, ներկայանում է այդ ուղղության հրամանատար Հարոյանին: Տղաներն ստանում են մարտական առաջադրանք ու շարժվում դեպի հյուսիս՝ Քարվաճառի ուղղությամբ: Մարտակերտի շրջանի Վանք գյուղից Չորմանով Լաչինի շրջան պետք է մտներ «Սիսական» ջոկատի մեկ այլ վաշտ, որպեսզի միավորվեին եւ շարժվեին հյուսիս: Մարտի 30-ի խորհրդակցության ընթացքում միջանցքի հրամանատար Հարոյանի հրամանով Էջմիածնի ջոկատը, Դուշման Համոյի գլխավորությամբ, նույնպես շարժվոմ է Քարվաճառի ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ Վակունիսը պետք է դատարկ լիներ թշնամուց: Մարտի 31-ին Վուրգն իր մարտիկներով անցնում է մոտ քառասուն կմ ճանապարհ՝ Շալուա գետի հովտով, ապա թեքվում աջ ու բարձրանում դեպի Վակունիս, որը բավականին մեծ մակերեսով հարթ տարածքում է՝ ծվարած Չորմանի սարերի տակ: Այստեղով ճանապարհը շարունակվում է դեպի աջ՝ Չորման, այնուհետեւ արդեն Մարտակերտի շրջանի սահմանն է։ Իսկ Վակունիսից դեպի հյուսիս Խաչինտափ պատմակամ մեկ այլ գյուղն է, որի մոտ միջնադարում հայ մարտիկները կոտորել են թշնամու մեծաքանակ ասպատակողների։ Հետագայում քրդերն այդ վայրում գերեզմանաթումբ են հիմնել՝ ձիաքար տապանաքարերով՝ կողքին՝ փոքր մեջիդ։

Խաչինտափից անտառամիջյան ճանապարհը տանում է Մովսեսաշեն (նախկին՝ Քուրդհաջի) եւ շարունակվում դեպի Քարվաճառ։ Վաշտի մեքենաների շարասյան առջեւում հրամանատար Վուրգի մեքենան էր եղել, հետեւակի մարտական մեքենան, վերջում՝ «Ուրալը»: Երբ վաշտը անցնում է սարահարթի կեսից ավելին, տղաները նկատում են, որ գյուղում չորսփողանի զենիթային համակարգ կա, թշնամու զինվորներ են շարժվում, դիրքավորվում: Սարահարթի աջ կողմում խոր ձոր կա, եւ Վուրգը հրամայում է տղերքին՝ քաշվեն ու դիրքավորվեն ձորի երկարությամբ: Ամբողջությամբ բաց ու հարթ տարածք է այս մարտադաշտը, եւ տղաներին պատսպարվելու տեղ չկար: Մնացել էր 200-300 մետր ճանապարհ, որ մտնեին գյուղ, եւ հանկարծ աշխատում է թշնամու հրետանին, ճարճատում են ինքնաձիգները։ Անսպասելի հարձակումը եւ անհարմար դիրքը դժվարացնում են տղաների վիճակը: Հարթ գետնին դիրքավորված՝ պատասխանում են թշնամուն: Վուրգը, Մայիսը, Բակուրը կրակելով փորձում էին ապահովել տղերքի նահանջը: «Ուրալի» տակ էր դիրքավորվել նաեւ գնդացրորդ Վոլոդյան, ով փորձում էր շարքից հանել թշնամու չորսփողանի զենիթային համակարգը: Շուտով մարտադաշտում հայտնվում է թշնամու տանկը: Հրայր Եղիազարյանը նռնականետով փորձում է խփել, չի հասցնում. տանկը հետ է գնում, իսկ թշնամու դիպուկահարն սպանում է Հրայրին, ով ուզում էր 2-րդ արկն օգտագործել: Ձեռքից վիրավորվում է Վուրգը: Բուժքույր Ալինան եւ Բակուրը հասնում են օգնության, վիրակապում: Վուրգը շարունակում է ղեկավարել մարտը եւ հրամայում՝ կրակելով կազմակերպված դեպի ձորը նահանջել: Կարգադրում է, որ Վոլոդյան եւ մյուս տղաներն «Ուրալի» տակից դուրս գան: Սա նրա նախավերջին հրամանն էր:

2-րդ անգամ հրամանատարը վիրավորվում է ճակատից, սակայն շարունակում է մարտը, մարտիկներ Արամին եւ Վահրամին ուղարկում տանկի հետեւից: Այդ ընթացքում թշնամու տանկի արկը պայթեցնում է «Ուրալը», որի տակ դիրքավորված տղերքը զոհվում են: Արդեն մթնշաղին՝ ժամը 19:30-ին, Վուրգը հրամայում է բոլորին շտապ նահանջել, նրա վերջին հրամանն էր… Մթության քողի տակ նահանջում են ողջ մնացած տղերքը: Այս մարտում նահատակվում են Վուրգ Արշակի Ոսկանյանը, Վոլոդյա Մկրտիչի Կարապետյանը, Հրայր Պարգեւի Եղիազարյանը, Վարդան Մարտիրոսի Բաբայանը, Զոհրակ Պալինոսի Գեւորգյանը, Ալբերտ Ռուբիկի Ազարյանը, Գեւորգ Իսահակի Ավետիսյանը, Վալերիկ Շուրկայի Ավետիսյանը եւ Լավրենտ Հրանտի Նազարյանը: Անհետ կորածներ են Վահան Ռաֆիկի Սիմոնյանը եւ Մելսիկ Արշակի Աթանեսյանը: Վուրգի եւ իր վաշտի նահատակ ու անհետ կորած տղաներին նվիրված խաչքար-հուշակոթող է կանգնեցված նրանց պայթած «Ուրալ» մեքենայի մոտ՝ Վուրգավան տանող ճանապարհի եզրին: Խաչքարին, որը դարձել էր սրբավայր, տղաների անուններն են քանդակված: Տոնական եւ հիշատակի օրերին նվիրված հանդեսներ էին այդտեղ կատարում վակունիսցիները՝ փառաբանելով քաջերին: Արցախյան գոյամարտում այս գյուղի համար սա վերջին մարտն էր։ Նույն ժամանակ ազատագրվեց Լաչինի ողջ շրջանը Աղավնո, Հոչանց ու Շալուա գետերի ավազանով։ Միայն հարավային թեւում մարտերը շարունակվեցին նաեւ ամռանը։

Վուրգ Ոսկանյանը ծնվել է 1941 թ. մայիսի 28-ին ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի Բռնակոթ գյուղում: Եղել է Սիսիանի թիվ 1 միջն. դպրոցի զինղեկը: Նրա անվամբ է կոչվում Սիսիանի թիվ 4 միջն. դպրոցը։ 2015 թ. այստեղ կայացած միջոցառման ժամանակ նահատակ տղաների մարտական ընկեր Մ. Ջավադյանը հույս հայտնեց, որ յուրաքանչյուր տարի ավելի շատ երեխաներ կմասնակցեն նման միջոցառումների, բարի ծառայություն ցանկացավ դպրոցի շրջանավարտ Կարեն Հարությունյանին, ով այդ պահին հայրենի սահմանն էր պահում: Զինվորական եղբայրներ, Սիսիանի մարտական ջոկատի ազատամարտիկներ Ժորա եւ Մկրտիչ Դիլանյանները հաճախ էին կազմակերպում այց Վակունիս։ «Զոհվելը հեշտ է,- ասաց Ժորան,- ազատագրած երկիրը պահելն ու շենացնելն է դժվար…»:

Նահատակ ազատամարտիկ Վոլոդյա Կարապետյանի որդին՝ Գոռը, ասաց, որ արդեն 5-րդ անգամ է գալիս այստեղ եղբոր հետ. «Զգում եմ հպարտություն, նաեւ ուժ ու եռանդ եմ ստանում՝ տեսնելով տեղի կամային բնակիչներին։ Այս հողը սրբավայր է եւ շատերիս է կապում գյուղի հետ։ Հորս ավագ զավակն եմ. 13 տարեկան էի, երբ նա զոհվեց: Բնակվում էինք Անգեղակոթ գյուղում, հայրս տարածքի 4 գյուղերի ազատամարտիկներից ջոկատներ էր կազմում: Մի անգամ գաղտնի մտա Նախիջեւանի դիրքերը տանող նրանց մեքենան, եւ միասին տեղ հասանք: Հայրս երբ տեսավ՝ ջղայնացավ, բայց քիչ հետո հպարտ էր ինձ համար»: Էլի հիշողություններ պատմեց հերոս հոր ու նրա մարտական ընկերների մասին, որոնց մի մասն անցել է անմահության ճանապարհով, մի մասը կենդանի լեգենդ են: Այսօր նորից գերված է Վակունիսը, իսկ նույն Վակունիսի դպրոցի սաներից 2020-ի հուլիսին բանակ զորակոչվեց 18-ամյա Ժիրայր Գագիկի Մարգարյանը, ով 6 քույրերի միակ եղբայրն էր ու ավագը։ Հաճախ էր մասնակցում դպրոցական հանդեսներին, ընթերցում հերոսների կենսագրական տվյալներ, նրանց խոսքերից։ Պայծառ ու մշտապես ժպտերես Ժիրայրը հպարտ էր, որ արդեն զինվոր է եւ իր քույրերի, ողջ հայ աղջիկների պաշտպանն է դառնալու։ Ընդամենը 2 ամիս ծառայած Ժիրայրի հետ հոկտեմբերի կեսերից ծնողներն այլեւս չկարողացան կապ հաստատել։ Բանակ զորակոչվելուց մեկ տարի անց գտնվեց քաջորդու աճյունը։ 2021 թ. հուլիսի 21-ին զինվորական կարգով Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի գերեզմանոցում հուղարկավորեցին անմահ հերոսին։ Դպրոցի զինղեկ՝ 1990 թ. Ստեփանակերտում ծնված Հարութ Ալեքսանդրի Պետրոսյանը մշտապես հայրենասիրություն էր քարոզում իր սաներին, հաճախ դասերն անցկացնում տղերքի հուշակոթողի մոտ։ 2017 թ. ամուսնացել եւ տեղափոխվել էր Վակունիս։ 2020 թ. սեպտեմբերի 29-ին, որպես պահեստազորային, մասնակցել է պատերազմին։ Սկզբում եղել է Ֆիզուլիում, հոկտեմբերի 15-ից՝ Մարտունիում։ Նահատակվել է պատերազմի վերջին օրը՝ նոյեմբերի 9-ի գիշերը ԱԹՍ֊ի հարվածից։ Ցավ է. այսքան հերոսացում եւ հայրենիքի կորուստ…

Թեգեր: Արցախպատերազմ
Կիսվել2Tweet1Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Երջանկությունն ըստ Աստվածաշնչի

Խորենը մեծ էր, բարդ էր, թռիչքային…

Խորենը մեծ էր, բարդ էր, թռիչքային…

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • «Բրաբիոն ծաղիկ որոնողը…»

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    33 Կիսվել են
    Կիսվել 13 Tweet 8
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    36 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist