Գրեթե 35 տարի առաջ՝ ի թիվ Գարդման աշխարհի այլ բնակավայրերի, հերթական անգամ հայաթափվեց նաեւ պատմական Լղարակ (այսօր՝ Բադա) գյուղը։ Ինչու եմ «հերթական» ասում…
Կանգնած էի ծովի մակերեւույթից 1260 մ բարձրության վրա գտնվող, հորդառատ, գեղատեսիլ ու հրաշալի մի վայրում, որի հայտնությունն ու գոյությունը դարերի ընթացքում սերտորեն կապված են Հայաստանի ու հայ ժողովրդի պատմության էջերի հետ։ Եվ մտածում էի, որ եթե այդ պահի դրությամբ իր ընդերքում բազում գաղտնիքներ պահող այս հողակտորը մեր երկրի կազմում շարունակեր բազմադարյա իր գոյությունը, ապա որքա՜ն փաստեր ի հայտ կգային պեղումների ընթացքում։ Ի միջի այլոց, չեմ չափազանցնում, ամբողջ տարածքը՝ նախկին եւ այժմյան չափսերով, ցայսօր էլ բազում շինությունների հետքեր է պահպանում։ Այնպես որ, պարբերաբար ի հայտ էին գալիս այդտեղ պատմական տարբեր ժամանակահատվածներին պատկանող թոնիրներ, կավե սպասք, աղբյուրների ջրերը հայտնի-անհայտ ճյուղավորումներով տանող խողովակներ, տարբեր արհեստանոցների մնացորդներ եւ զանազան իրեղեն նմուշներ։
Եվ այդ ամենի մասին տակավին 1910 թ. Քաջբերունին է Վաղարշապատում լույս տեսնած «Արարատ» ամսագրի էջերում փոքրիշատե մանրամասն իր «Բադա գյուղի ավերումը» աշխատության մեջ նկարագրել։ Իսկ նույն օրն ահա այդ բարձունքի վրա իմ զրուցակիցն էր Բադայի միջնակարգ դպրոցի ռազմագիտության ուսուցիչ Նիկոլայ Ղուկասյանը, ով հակված էր խոսել գյուղի 400 տարվա պատմության մասին։ Նկատի ուներ, հավանաբար, նրա առաջին հիշատակությունը մատենագրության մեջ։ Վ. Հակոբյանի եւ Ա. Հովհաննիսյանի համահեղինակությամբ 1978 թ. Երեւանում տպագրված «ԺԷ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններում» այս առնչությամբ ասվում է հատկապես, թե 1620 թ. գյուղն առաջին անգամ որպես գրչօջախ է նշվել։
-Այո,- հաստատում է ուսուցիչը,- գրություն կա, որը մի հոգեւորական է թողել։ Հիմա դժվար թե հիշեմ ճշգրիտ։
Այդ գրությունն ասում է հատկապես, որ Հակոբ երեցը ձեռագիր «Ավետարան» է ընդօրինակել՝ շեշտելով, թե. «…ի դուռն Ս. Բարձրահամբաւ Ս. Խորանաշատու եւ ընդ հովանեաւ Ս. Աստուածածնիս, Ս. Վանական վարդապետիս եւ Գրիգոր վարդապետիս եւ Ս. Յովանիսիս, ի ծորս Զակամայ, ի գիւղս որ կոչի Լըղարակ»։
Նիկոլայի հայր Պողոսը կրթություն ստացած մարդ էր, աշխատել էր գյուղատնտես, տնօրեն, Ադրբեջանի գյուղատնտեսության նախարարության ինչ-որ բաժնի պաշտոնյա եւ հնարավորություն ուներ ծանոթանալ այնպիսի փաստաթղթերի հետ, որոնք մյուսներին գուցե անհասանելի էին։ Եվ նա, ուսումնասիրելով Ղուկասյան տոհմի բոլոր յոթ ճյուղերի պատմությունը, հաղորդել էր, որ պաշտոնական արձանագրություններում հայկական Լղարակը մյուս գյուղերի ցանկում ակնարկվել է 17-րդ դարի կեսերից։ Չգիտեմ՝ գոյություն ունե՞ն փաստաթղթերը, որոնք տեսել էր Պողոս Գրիգորի Ղուկասյանը, թե՞ շուտով վերացել են Բաքվի հրահանգով, սակայն 1770-ականներից սկսած պահպանվում են վկայություններն անդադար կողոպուտների ենթարկվող, դատարկվող ու դարձյալ մեր հայրենակիցիներով վերաբնակեցվող գյուղի մասին։
-Գրող, պատմաբան եւ հոգեւորական Մակար Բարխուդարյանցը իր «Արցախ» չափազանց արժեքավոր գրքում նշում է, որ 19-րդ դարում այս բնակավայրը շենացրել են կրկին Ջրաբերդի, Փամբակի եւ Կարա-Մուրատի ու այլեւայլ բնակավայրերից գաղթած մեր հայրենակիցները։
-Ցանկացած շրջանի աղբյուրներն ամենատարբեր տվյալներն են տալիս,- պատասխանում է զրուցակիցս։- Եվ դա բնական է այնքանով, որ ամեն դարաշրջան միեւնույն աղետներն է բերել մեր մարդկանց։ Դրանց հետեւանքով նրանք կոտորվել են, քշվել են, ժամանակավոր ապաստարաններ գտել այստեղ-այնտեղ ու հետ դարձել, երբ կրկին վիճակը քիչ թե շատ հանդարտվել է։
1840 թ. արդեն ի հայտ են գալիս վիճակագրական տվյալները։ Համաձայն դրանց՝ այդ ժամանակ այստեղ ապրում էր 194 մարդ։ Բարեկամս ոչ միայն կարդացած մարդ եւ ուսուցիչ էր՝ Բադայի գյուղխորհրդի քարտուղարն էր ժամանակին եւ Շամխորի շրջանի պատգամավոր. տիրապետում էր թվերին եւ տվյալներին։ Ապա, տարիների ընթացքում պատկերը հետեւյալ տատանումներով է փոխվել. 1851 թ.՝ 558 մարդ, 1879՝ 1157, 1900՝ 1754, 1976՝ 1526:
-1950-ին Բադայում 850 տնտեսություն կար,- շարունակում է նա։- Հաջորդ թվականից սկսվեց միգրացիան, ինչը նպաստեց, բնականաբար, բնակչության թվի պակասին։ Այցելությանս պահի դրությամբ՝ 1987 թ. ամռանը գոյություն ուներ 320 տնտեսություն (1275 մարդ)։
-Իսկ ի՞նչ հաջողություններ ունեցաք տոհմի ուսումնասիրության հարցում։
-Հայրս միանգամայն իրավացի էր յոթ եղբայրների կապակցությամբ, որոնցից յուրաքանչյուրը դարձավ մեկ ճյուղի հիմնադիր, իսկ բոլորիս համախմբում է մեկ ազգանունը։
Տեղի ազգատոհմերի ուսումնասիրության առումով ուշագրավ է 1862 թ. ռուսերեն լեզվով կազմած մի փաստաթուղթ, որում ներկայացված է Բադայի տնատերերի անվանացանկը։ Կարդում ենք այդտեղ բազում անուններ՝ Հակոբ Ղուկասյան, Ղեւոնդ Շուշանյան, Սարգիս Ղուկասյան, Մարտիրոս Մարտիրոսյան…
-Այս պահի դրությամբ քանակական առումով մեծ են Ղուկասյան, Սարգսյան եւ Արաբաջյան տոհմերը։
Մենք՝ ես ու Նիկոլայ Ղուկասյանը, շատ բան ունեինք քննարկելու եւ երկար էինք զրուցել։ Չգիտեմ ռազմավարության մասին, բայց հատկապես իր ծննդավայրին վերաբերող հարցերում մարդը պարզապես անգերազանցելի էր։
-Կար, անշուշտ, հին Բադան՝ գետի ձախ ափին։ Փռված սուր կատարով աչքի ընկնող Դիքջա սարի փեշին։ Մի քանի տոհմեր էին այդտեղ։
Ի՞նչ պետք է անեին լեռներով շրջապատված այդ վայրում, եթե ոչ՝ գյուղատնտեսական գործեր։ Բինայ կա (այդպես են լղարակցիներն ու շրջակա գյուղերի բնակիչներն անասնապահության համար հարմար տարածքները կոչել)՝ տեղին էր կենդանապահությանը զարկ տալը։ Լայն տարածում էր ստացել շերամաբուծությունը։
1887 թ. Թիֆլիսում տպագրված (դարձյալ՝ ռուսերեն) տվյալների համաձայն՝ գյուղում ապրում էին 25 տուն բնակիչներ։ Իսկ Նոր Բադան, եթե հավատանք «Նոր դարի» 1889 թ. հրապարակմանը, հիմնվել է 1866 թ.՝ Ներքին Լղարակից գաղթած հայորդիների կողմից։ Ե. Լալայանն իր «Գանձակի գավառ» աշխատության էջերում (1899 թ., «Ազգագրական հանդես», Թիֆլիս) այսպես է մեկնաբանում վերահաստատման պատճառը. անտանելի շոգը ստիպել էր մարդկանց տեղափոխվել ավելի բարձր։
Ավելի տրամաբանական է, սակայն, Քաջբերունու բացատրությունը. «Նոր կամ Մեծ Բադան Լըղարակի բարձրութեան վէրայ կազմուել է մօտ երկու դար առաջ, ըստ որում՝ բնակիչները բազմանալով թուով եւ բարօրութեամբ՝ չէին կարող զետեղուել ձորի հին, սահմանափակ գիւղում, ուստի բնականաբար պէտք է տեղափոխուէին այժմեան հարմար տեղը, որ տարածութեամբ, բարձրադիր հարթութեամբ, սղբիւրների առատությամբ եւ այլ առաւելութիւններով աւելի համապատասխանող է»։
-Մեծ Բադա ասելով,- մեկնաբանում է զրուցակիցս,- պետք է նկատի ունենանք ութ կետերի վրա փռված մի տարածք։ Դրանք են այժմյան Քամանդարը, Սարբուլախը, Չարչին, Թալան, Շենը, Լղարակը, Ձորը, Նովերը։
Մինչ նոր ողբերգությունները, վայրը 19-րդ դարի վերջին հայկական հանդեսներում հիշատակվում է որպես բազմամարդ եւ հարուստ գյուղ։ Որոշ աղբյուրներ, սակայն, այլ տվյալներ են ներկայացնում։ Այսպես, օրինակ, Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում, ի թիվ բազմաթիվ գրությունների, պահպանվում են նաեւ Ա. Քամալյանի տետրերը, որոնցում, ի միջի այլոց, կա գրանցված 1890-ականների ականատեսի պատմությունը. «Լղարակցիք դժգոհ էին իրանց տնտեսական վիճակից, վարելահողերը դամիա են, աշունքը ցորեն են ցանում, գարունքը գարի, այգիներ ունեն ամեն մինը մի կտոր, պտուղ-մտուղ լինում են, տարեվէրջն էլ մի քանի թունգի զկռաջուր է լինում, ջեջից դառջուր (օղի) մզում, լավ վատ կառավարում են մինչեւ տարին բոլորում է…»:
-Հիմա ի՞նչ է զբաղվածությունը։
-Այն, ինչ միշտ էր,- ժպտաց ուսուցիչը.- գյուղատնտեսությունը։ Նույն անասնապահությունն ու հողագործությունը։ 1500 հեկտար վարելու պիտանի հող ունենք՝ մեծամասամբ ցորենի եւ կարտոֆիլի համար հատկացված, 400 հեկտար էլ՝ արոտավայր։
Շարունակությունը` հաջորդիվ
Արթուր ՂՈՒԿԱՍՅԱՆ
Վալենսիա, հատուկ «ՀՀ» -ի համար