Երբ առաջին անգամ ընթերցեցի Ռաֆ Բարաթյանի բանաստեղծական շարքերը, դրանք իմ ուշադրությունը գրավեցին իրենց թարմ մտածողությամբ, անմիջականությամբ ու անկեղծությամբ, երեւույթների խոր, փիլիսոփայական ընկալմամբ: Հետագայում դրանք տեղ գտան հաջորդաբար հրատարակված նրա հինգ ժողովածուներում՝ ապացուցելով գրական աճի, ստեղծագործական բուռն ընթացքի եւ պոեզիայի նկատմամբ ունեցած հավատամքի մասին: Այդ կապակցությամբ թերթերում ու հանդեսներում տպագրված գրախոսականներն ազդարարեցին երիտասարդ, խոստումնալից բանաստեղծի մուտքը համահայկական գրական դաշտ: Հեղինակի լուսավոր պոեզիայով խանդավառված՝ ես էլ, իմ հերթին, խոսք գրեցի մամուլում նրա նոր գրքերի մասին՝ նպատակ ունենալով քաջալերել եւ ընթերցողների լայն շրջանակներին հաղորդակից դարձնել Լոռվա աշխարհի նորօրյա պոետներից եւս մեկի՝ Ռ. Բարաթյանի նրբահյուս ստեղծագործություններին, նրա խորախորհուրդ, հորդաբուխ եւ զրնգուն ձայնին…
Ակնկալում էի, որ Ռաֆն իր ընթերցողներին կներկայանա բանաստեղծությունների ընտրանիով, որոնք, ենթադրվում է, պիտի ժողովվեին հրատարակած նախորդ գրքերից: Սակայն այնքան հախուռն էր նրա ստեղծագործական հունձքը, որ շատ կարճ ժամանակահատվածում հասցրեց նոր գիրք կազմել եւ ժողովածուի մեջ ընդգրկել բացառապես թարմ, ցողաթաթախ գործեր… Իսկ թե այն բանաստեղծական հնարքներից ու թեմատիկ առումով որքան է բազմաշերտ եւ տարողունակ, կարելի է եզրահանգել նրա փիլիսոփայական դիտարկումներից. հայրենիք, սեր, մայրական սեր, վիրավոր Արցախ, հարազատ բնաշխարհ եւ այլն: Իսկ այդ ամենի հիմքում ազատատենչ հայն է, բռնությունների դեմ ընդվզող քաղաքացին, կյանքը հայրենիքին զոհաբերած ու «Եռաբլուրում» ննջող մարտիկը, այսօր սահմանին կանգնած զինվորը, որ հանուն հող հայրենիի, մոր, սիրած աղջկա՝ պատրաստ է կրկնել արցախյան պատերազմներում հերոսացած տղաների սխրանքը:
Բանաստեղծական խոսքը հակիրճ է եւ հստակ, ուղղորդող, շատ հաճախ ենթատեքստային շղարշներով ագուցված: Եվ կարեւորն այն է, որ երեւույթների իմաստային բացահայտումներն ու եզրահանգումներն արվում են տրամաբանորեն շաղկապված՝ ստեղծագործության ծնունդը քաղցր տառապանքի շնորհիվ դարձնելով առավել համոզիչ, խորքային եւ ամբողջական: Իսկ ընթերցողին այլ բան չի մնում, քան փորձել ընկալել բանաստեղծի երեւակայության աշխարհը, նրա հոգու ճիչը, աղերսներն ու տագնապները՝ սերն ու կարոտը առ հայրենիք: Թախիծն ու լույսը միահյուսելով իրար, Ռաֆ Բարաթյանը երբեմն ստեղծագործական այնպիսի հնարքների է դիմում, որ պատկերային գունեղ նկարագրությունների մեջ դժվարանում ես «կռահել», թե գերզգայուն գեղագետի ձեռքին ավելի շատ գրի՞չն է խոսում, թե՞ վրձինը…
Եվ նրա «վրձնահարվածների» արդյունքում արժեւորվում, նոր իմաստ ու բովանդակություն են ստանում տողը, բառն ու հանգը, որոնք այնքան համահունչ են հեղինակի նկարագրին: Իսկ հասկանալու համար, թե ինչպես է «Գիշերածաղիկը» բուրում եւ իր գույներով «խելքահան անում» սիրահարներին, բավական է ընթերցել Ռաֆ Բարաթյանի ընտրանին եւ, որպես «էջանշան», սիրած բանաստեղծությունների կողքին խնամքով շարել նրա գունեղ ծաղկաթերթերը…
«Մեղայածեսը», իմ խորին համոզմամբ, հետպատերազմյան շրջանում ծնունդ առած ու գեղարվեստական արժեք ներկայացնող լավագույն գրքերից է, որտեղ ամփոփված են հեղինակի սերը, տագնապն ու ցավը՝ նոր մարտահրավերների թիրախում հայտնված հայրենիքի նկատմամբ: Փորձելով վերծանել իրարամերժ երեւույթները, նա չի հուսահատվում եւ շարունակում է լույսի շող որոնել երկրի, զարկված Արցախի վիրավոր վերքերն ամոքելու համար: Հավատալով հայ զինվորի բազկի ուժին, նրա զորությանը, բանաստեղծը համոզված է, որ բազում դժվարությունների միջով անցած Հայաստան աշխարհն արժանապատվորեն հաղթահարելու է հերթական ծանր փորձությունը: Արցախի ձեռքից բռնած՝ գնալու է Արեւին ընդառաջ եւ անպայման հաղթելու է չարին…