Ծանոթանալով հին՝ հիմնականում կավածեփ, աղյուսաշար տներով մեր մայրաքաղաքի ոչ այնքան վաղ անցյալի պատմությանը, երբ ուժեղ քամիների ժամանակ քաղաք կոչվածը կորսվում էր փոշիների ամպի մեջ, ակամայից հիշում ես այն հայ մեծահարուստներին, ովքեր հիմնվել են օտար քաղաքներում եւ սեփական միջոցներով շքեղացրել դրանք՝ կառուցելով շենքեր, շինություններ, հիվանդանոցներ, հյուրանոցներ: Դրանցից շատերն այսօր էլ են հիացնում, հպարտությամբ լցնում մեր հոգիները՝ ավաղ, ծառայելով օտարներին՝ Բաքու, Թբիլիսի, Ռոստով, Կալկաթա, չգիտես էլ ինչ, չգիտես էլ ուր…
Այդ երեւելի մարդկանցից է 20-րդ դարասկզբի հայտնի նավթարդյունաբերող, բարերար, Թիֆլիսի «Ազգային բարեգործական ընկերության» հիմնադիր Միքայել Արամյանցը՝ մտերիմ ընկերն ու գործընկերը Ալեքսանդր Մանթաշյանի, որի հետ Բաքվում զբաղվում էր սեւ ոսկու արդյունաբերությամբ եւ առաջիններից էր, որ իր կապիտալի մեծ մասը տեղափոխեց հայոց իշխան Բակուրի հիմնադրած Բաքու՝ սեւ ոսկին՝ նավթը երկաթուղով, ցիստեռներով տեղափոխելու համար:
Թիֆլիսահայ մեծանուն գործարարը եղել է մշտական հոգաբարձուն եւ հովանավորը հանրահայտ Ներսիսյան դպրոցի, որտեղ ուսանել են հայ մշակույթի բազմաթիվ դեմքեր: Նրա միջոցներով կառուցված «Արամյանցի հիվանդանոցը», որն այսօր գիտեն որպես Թբիլիսիի թիվ 1 կլինիկական հիվանդանոց, լավագույններից է վրաց մայրաքաղաքում: Գեղեցկատես բազմաթիվ շենքեր, կառույցներ, որոնք զարդարում են բարեկամ երկրի գլխավոր քաղաքը, նույնպես հայ առատաձեռն բարեգործի անվան հետ են կապված: Դրանցից հայտնի է «Մարիոտ» հյուրանոցը, որը նա կառուցել է իր սիրելի նավի՝ «Մաժեստիկի» նմանությամբ:
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, երբ եղեռնից մազապուրծ գաղթականներն ապաստանում էին Էջմիածնում, տարբեր երկրներում՝ այսուայնտեղ, բարեսիրտ գործարարն ապաստարաններ է կառուցել տնավեր խլյակների համար, փրկել կործանման երախից:
Բայց գալու էին կոմունիստական բռնատիրության անսանձելի ժամանակները. խորհրդային կարգերի հաստատումից հետո Միքայել Արամյանց ազնվատոհմիկ մեծահարուստ գործարարը զրկվելու էր սեփական քրտինքով կուտակած իր ողջ կարողությունից, հասարակական կյանքում գրաված պատվարժան ու մեծահարգ մարդու իր դիրքից, արհամարհվելու էր ու 1924 թ. վախճանվելու կատարյալ սովի ու աղքատության մեջ:
Նրա մարմինն ամփոփվելու էր Թիֆլիսի հայկական Խոջեվանքի գերեզմանատանը: Ստալինյան արյունոտ ու պիղծ ժամանակաշրջանում ավերվելու էր գերեզմանատունը, իսկ 1990-ականներին դրա տեղում կառուցվելու էր վրացական Սամեբա տաճարը: Ասել է թե՝ ոչնչացվելու էին հազարավոր աճյուններ, որոնց թվում նաեւ վրաց մայրաքաղաքի համար այնքա՛ն գործեր արած Արամյանցինը… Այստեղ են ասել՝ դե մի խենթացի…
Բայց այսքանով չամփոփենք, չմոռանանք Արամյանցի դղյակի մասին. 1898 թ. մեծահամբավ նավթարդյունաբերողը վրաց իշխան Մելիքովից Ախթալայում հողամաս է գնում եւ այնտեղ ստեղծում ագարակ: Նույն թվականին, դարձյալ Ախթալայում, վրաց իշխան Բարաթովից գնում է 2700 դեսյատին հողամաս եւ այնտեղ շվեյցարական ոճով դղյակ կառուցում: Արամյանցը ճամփորդելիս տեսել էր մի դղյակ շվեյցարական Ալպերում եւ ցանկանում էր նմանն ունենալ Ախթալայում: Դրա համար թիֆլիսահայ ճարտարապետ Բուզօղլուն ուղարկում է Եվրոպա:
Հետաքրքիր է Բարաթովից կալվածքի գնման պատմությունը. վրացի իշխանը պարտքեր ուներ եւ կալվածքը գրավ էր դրել պետական հողային բանկում: Չկարողանալով մարել պարտքերը եւ չկամենալով էժան կորցնել կալվածքը՝ Բարաթովը դիմոմ է Արամյանցին եւ նրանից մեծ գումար փոխ առնում բանկի պարտքը մարելու համար: Բայց քանի որ խաղամոլ եւ վատնող էր, փոշիացնում է նաեւ այդ գումարը եւ բանկի տոկոսները չի վճարում: Բանկն ստիպված աճուրդի է հանում կալվածքը: Որպեսզի իր տված գումարը չկորչի, Արամյանցը վճարում է բանկի տոկոսները: Փաստորեն, գնում է կալվածքը, այնտեղ բնակեցնում մեծաքանակ արեւմտահայ գաղթականների, աշխատանքային գործիքներ բաժանում նրանց, նշանակում աշխատավարձ: Սկսվում է հողի մշակությունը: Մեծ բարերարը հանքերում աշխատող բանվորների երեխաների համար 1905 թ. Ախթալայում դպրոց է բացում, ծառատունկ կատարում, նռնենիներ տնկում, կալվածքն ու դղյակը շրջապատում շքեղությամբ ու գեղեցկությամբ: Դղյակի բոլոր սենյակները կահավորում է Եվրոպայից բերված գեղեցիկ կահ-կարասիով, ճոխ սպասքով: Կալվածքն ամբողջությամբ զարդարում է գեղեցիկ ծառերով: Կալվածքի կառավարիչ է նշանակում իր եղբորորդի Իշխան Աբրահամի Արամյանցին:
Ազնվատոհմիկ գործարարը դղյակում իր շուրջն է հավաքում ժամանակի նշանավոր մշակութային գործիչներին, հաճախ կազմակերպում գրական, մշակութային երեկոներ: Ախթալայում Արամյամցի հրավերով հանգստացել եւ որս են արել Ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Ա Խրիմյանը, Հովհաննես Թումանյանը, Շիրվանզադեն, Վարդգես Սուրենյանցը, Ֆեոդոր Շալյապինը, Վսեւոլոդ Մելիխորը, այլ մեծեր…
Արամյանցի դղյակը, որը ցարական Ռուսաստանի օրոք Լոռվա ձորում էլեկտրական լուսավորությամբ լուսավորվող միակ շինությունն էր, հետխորհրդային տարիներին տարբեր նպատակների էր ծառայելու՝ «Դեբեդ» վերանվանումով տուրիստական հանգրվան: 1992-ին Հայաստանի արհեստակցական միությունների կոնֆեդերացիան սեփականության իրավունքով այն հանձնում է Տուրիզմի եւ էքսկուրսիաների հանրապետական խորհրդին, որն էլ, իր հերթին, 2005-ին ընդամենը 1 մլն 200 հազար դրամով վաճառում է ամերիկահայ մի գործարարի…