1936 թ. մայիսի 5-ին Սպիտակ քաղաքում, իսկ ավելի ստույգ` Չուբարյանների ընտանիքում եւս մի Չուբարյան ծնվեց, իսկ ավելի ստույգ` ծնվեց Էդվարդ Վարդանի Չուբարյանը, ով հետագայում նույնքան բարձր էր պահելու գերդաստանի գիտամշակութային նշաձողը, որպես իր նախորդները, նաեւ հասակակիցները, այնուհետեւ ժառանգները…
Խոսել Չուբարյաններից մեկնումեկի մասին ու չհիշատակել մյուսներին, պարզապես մարդկային բնութագրի բացթողում կլինի, իսկ խոսել միայն Չուբարյան գերդաստանի մասին, դարձյալ խոսքը թերի կլինի, քանզի առիթը թույլ է տալիս խնդիրը դիտարկել առավել լայն առումով, բայց եւ խնդրի առավել լայն քննարկումը, իր հերթին, կարող է առաջացնել ծավալային խնդիրներ` նկատի առնելով հոդվածի տիրույթը։ Բայց որպեսզի հոդվածիս նախաբանն անհիմն չլինի, մի քանի շտրիխով բացեմ միտքս… Մտածելու տեղիք է տալիս` հայ ժողովրդի գենետիկ կո՞դն է թույլ տալիս սերնդեսերունդ զբաղվել, ասենք, գիտությամբ, արվեստով, ռազմական արվեստով, սպորտով, բժշկությամբ եւ այլն, թե՞ գործելու նպատակային ուղղվածությունն է հանգեցնում դրան… Ինչո՞ւ ստեղծվեցին Մեսրոպյան տառերը, երբ շատ ժողովուրդներ մինչեւ օրս էլ չունեն սեփական այբուբեն կամ տառատեսակ… Գոյատեւելու համառ կա՞մքն էր աշխատում, թե՞ ուղղակի չէինք ուզում հենց այնպես գոյատեւել. հպա՞րտ էինք, հավակնո՞տ, ինքնամեծա՞ր, թե՞ պատասխանատու կյանքի ու աշխարհի առջեւ, ինչո՞ւ էինք ձգտում ավելիին կամ կատարյալին, ի՞նչ գտանք ու ի՞նչ կորցրինք այդ ճանապարհին, ու ի՞նչ մնաց այսօր մեզ, մեր սերունդներին…
Հարցերը երբեմն ուղղակի կամ անմիջական պատասխանների կարիք չեն զգում, այլ մտորելու, կշռադատելու, ծանրութեթեւ անելու տեղիք են տալիս… Չէ որ պատահական չէ այն ամենը, ինչ կատարվում է, եւ շատ կարեւոր է մեր արձագանքն այն ամենին, ինչ կատարվում է. գնահատո՞ւմ, լռությա՞ն ենք մատնում, արհամարհո՞ւմ, թե՞ ընդդիմանում ենք իրադարձություններին ու սեփական արժեքներին, սոսկ գոյատեւելո՞ւ, թե՞ ապրելո՛ւ խնդիր ունենք, հետագիծ թողնելու, ինչպես որ երկնային մարմիններն են շարժվում հետագծով. չէ որ մենք էլ Տիեզերքի մի մասնիկն ենք, թեեւ կենցաղային մակարդակով չենք ընկալում դա` հաճախ հակադրվելով մեզնից «հեռու» գտնվող տիեզերական մարմիններին, բաժանելով երկիր ու երկինք հասկացությունները, այնինչ` մեր մոլորակը եւս լողում է Տիեզերքում եւ շարժման մեջ է, ինչպես մնացած բոլորը, սակայն այն իսկապես տարբեր է, քանզի ամենակենդանի մոլորակն է, որտեղ ապրում է բանականությունը, բանական էակը` մարդը… Հենց բանականության ուժն է, որ հիշողությամբ փոխանցվում է սերնդեսերունդ ու պահում կյանքը Երկրի վրա…
Հայ ժողովուրդն այդ իմաստով իսկապես հպարտանալու տեղ ունի իր արարչագործությամբ, որքան էլ նրա պատմությունն ու ժամանակը հագեցած լինեն դրամատիկ ու ողբերգական էջերով… Իսկ ժամանակի ու պատմության պատասխանատվությունը, ըստ էության, անհատներն են վերցնում իրենց վրա` ոչ միայն գործելով, այլեւ կրթելով ու դաստիարակելով սերունդներ. այդպես էլ ձեւավորվում են նշանավոր գերդաստանները, ինչպես Հովնաթանյանները, Աբամելիքները, Հասան-Ջալալյանները, Իսահակյանները, Ալիխանյանները, Նուբարյանները, Լազարյանները, Չուբարյանները եւ շատ-շատերը։ Հայտնի Չուբարյաններից են Գրիգորը (իրավաբան), Պողոսը (դաշնակցական գործիչ, «Շուշվա ջարդերը» զեկույցի համար ենթարկվել է հալածանքների, բոլշեւիկները նրան խեղդամահ են արել Կասպից ծովում), Ղուկասը (ակադեմիկոս, նկարիչ), Անահիտը (ֆիզիկամաթեմատիկական գիտ. դոկտոր), Սիրվարդը (կենսաբանական գիտ. թեկնածու), Եղյա Չուբարը («Սովետական Հայաստան» եւ շատ այլ թերթերի ու ամսագրերի գլխավոր խմբագիր, ստալինյան ռեպրեսիայի զոհ) եւ էլի Չուբարյաններ…
Օրվա հերոսը` Էդվարդ Չուբարյանը, երկնային գերխիտ մարմինների ֆիզիկայի հիմնադիրներից է, սպիտակ թզուկներ եւ նեյտրոնային աստղեր ոլորտների տեսաբան ֆիզիկոս, զբաղվել է գրավիտացիայի, Այնշտայնի հարաբերականության ընդհանուր եւ այլընտրանքային տեսություններով… Էդվարդի կրթությամբ ու դաստիարակությամբ զբաղվել են թե՛ ծնողները, թե՛ նրանց տանն ապրող մորաքույրը, ովքեր ուշադրությամբ ու հոգատարությամբ են վերաբերվել տղայի հետաքրքրություններին, քիչ դեր չի խաղացել եւ ժառանգական գործոնը, ազգականների համբավը։ Էդվարդի ծնողները նույնպես կրթված էին. հայրը` Վարդան Ծառուկի Չուբարյանը ծնունդով Ռոստովի մարզի Ղրիմ գյուղից էր, Սեւան-Հրազդան կասկադում աշխատել է որպես ինժեներ, Թիֆլիսում ծնված մայրը` Սիրանույշը, ռուսաց լեզվի ուսուցչուհի էր, բայց ամբողջ կյանքը նվիրել է ընտանիքին ու զբաղվել չորս երեխաներով, եւ զուր չեն եղել նրա ջանքերը. երեխաները հասարակությանը պիտանի` կյանքի մեծ ճանապարհ են անցել։ Էդվարդ Չուբարյանը, բացի այն, որ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր էր, կատարել է նաեւ մանկավարժական աշխատանք. լինելով ԵՊՀ պրոֆեսոր՝ ունեցել է հայտնի շրջանավարտներ, ինչպես հայ, այնպես էլ այլազգի ուսանողներ, ինչպես Գոհար Հարությունյանը, Հովիկ Գրիգորյանը, Վլադիմիր Պապոյանը (ԵՊՀ տեսական ֆիզիկայի ամբիոն), Յան Հորսկին (Չեխիա, Բռնոյի համալսարանի պրոֆեսոր), Վլադիսլավ Բալեկը (Սլովակիա, Բրատիսլավայի համալսարանի պրոֆեսոր), Հարալդ Պաուլը (Գերմանիա, Պոտսդամի աստղաֆիզիկայի ինստիտուտ) եւ ուրիշներ։
ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչ, ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Էդվարդ Չուբարյանի գիտական աշխատանքները դուրս են հանրամատչելիության շրջանակներից, սակայն քաջ հայտնի` ոլորտի գիտնականներին ու գիտությանը։ «Առանցքահամաչափ դաշտերն Այնշտայնի գրավիտացիայի տեսությունում» աշխատանքի համար Էդվարդ Չուբարյանը եւ Դավիթ Սեդրակյանը 1970 թ. արժանացել են ՀԽՍՀ Լենինյան կոմերիտմիության մրցանակի դափնեկրի կոչման։ Չուբարյանը պարգեւատրվել է նաեւ Խաչատուր Աբովյանի անվան, ԵՊՀ ոսկե, Ֆրիտյոֆ Նանսենի անվան մրցանակի մեդալներով։ Ականավոր հայ գիտնական Էդվարդ Չուբարյանը վախճանվել է 2021 թ. սեպտեմբերի 17-ին։
Էլեոնորա ՆԵՐՍԻՍՅԱՆ