Սույն գրքի առարկան ոչ թե, այսպես կոչված՝ «կամքի ազատությունն» է, որը, ցավոք, հակադրված է սխալ անվանյալ «փիլիսոփայական անհրաժեշտություն» ուսմունքին, այլ «քաղաքացիական» կամ «հանրային ազատությունը», այսինքն՝ անհատի հանդեպ հանրության օրինավոր կերպով գործադրվող իշխանության բնույթի եւ սահմանների հարցը: Վերջինս քիչ է հնչեցվում եւ գրեթե երբեք չի քննարկվել իր ընդ-հանուր գծերով, սակայն, աննկատ իր ներկայությամբ, խորապես ազդում է դարիս գործնական բնույթի հակասությունների վրա եւ, ամենայն հավանականությամբ, շու-տով ճանաչվելու է որպես ապագայի կենսականորեն կարեւոր հարցը:
Այս հարցն այնքան հեռու է նոր լինելուց, որ որոշակի իմաստով մարդկությանը զբաղեցրել է գրեթե ամենահեռավոր ժամանակներից, սակայն առաջադիմության ներկա դարաշրջանում, որտեղ մուտք են գործել մարդկության առավել քաղաքակիրթ մասերը, այս հարցը նոր պայմաններում է հայտնվել եւ պահանջում է նոր բնույթի ու առավել խորքային վերլուծություն….
Բռնակալության մյուս տեսակների պես՝ մեծամասնության բռնակալությունը ի սկզբանե եղել ու շարունակում է մնալ բիրտ, սարսափեցնող, հատկապես երբ դրսեւորվում է հանրային իշխանությունների գործողություններում: Բայց խորհող մարդիկ հանգեցին այն եզրակացությանը որ եթե հասարակությունն ինքն է բռնակալ՝ որպես հավաքական մի էակ, հասարակություն կազմող անհատների վրա, ապա դա նշանակում է, որ բռնակալությունը չի սահմանափակվում քաղաքական գործիչների ձեռքերով կատարվողով: Հասարակությունը կարող է եւ իրականացնում է իր սեփա-կան կարգադրությունները, եւ եթե նա սխալ կարգադրություններ է անում ճշտի փո-խարեն կամ կարգադրություններ է անում այն գործերում, որոնց նա չպետք է խառն-վի, ապա հասարակության բռնակալությունն ավելի ահռելի է դառնում, քան քաղա-քական ճնշման որեւէ այլ տեսակ. եւ թեպետ նա չի գործադրում պատժի ծայրահեղ ձեւեր, սակայն փախուստի քիչ հնարավորություններ է թողնում, ավելի խորն է թա-փանցում կյանքի մանրուքների մեջ եւ ստրկացնում է բուն իսկ հոգին:
Հետեւաբար, իշխանությունների բռնակալությունից պաշտպանությունը բավարար չէ. կարիք կա պաշտպանվելու նաեւ գերիշխող կարծիքի եւ զգացմունքների բռնակալությունից, հանրության այն միտումից, երբ փորձ է արվում այլ միջոցներով, քան քաղաքացիական պատիժներն են, պարտադրելու սեփական գաղափարները եւ վարքականոնը այն մարդկանց, որոնք դրանց համաձայն չեն, կաշկանդելու զարգա-ցումը եւ, եթե հնարավոր է, կանխարգելելու ամեն մի անհատականության գոյացում, որը ներդաշնակ չէ հանրության ուղենիշներին, եւ պարտադրելու բոլոր բնավորու-թյուններին ընդունելու հանրությանն անհրաժեշտ կաղապարը: Գոյություն ունի հան-րային կարծիքի՝ անհատական անկախության օրինական միջամտության որոշակի սահմանափակում. այդ սահմանը գտնելը եւ ոտնձգություններից պաշտպանվելը նույնքան անհրաժեշտություն է մարդկային գործերի բարօրության համար, որքան քաղաքական բռնատիրությունից պաշտպանությունը:
Թեպետ սույն եզրակացությունը ընդհանուր առմամբ, թերեւս, չի վիճարկվի, սակայն գործնական կողմը, այսինքն՝ թե որտե՞ղ տեղադրվի սահմանը, ինչպե՞ս ստույգ համապատասխանացվեն անհատական անկախությունը եւ սոցիալական հսկողությունը, դեռ մի հարց է, որի կարգավորումը նոր պիտի արվի:
Այն ամենը, ինչն արժեքավոր է որեւէ մեկի կյանքի համար, կախված է լինում մյուս մարդկանց գործողությունների առջեւ դրված սահմանափակումներից: Վարվելա-կերպի որոշ կանոններ կարող են պարտադրվել ամենից առաջ օրենքի միջոցով, նաեւ այն բաների վերաբերյալ հանրային կարծիքով, որոնք դուրս են օրենքի գործո-ղությունից: Թե ինչպիսին պետք է լինեն այդ կանոնները, մարդկային գործերի գլխավոր խնդիրն է, սակայն բացառությամբ մի քանի առավել հայտնի դեպքերի, մարդկությունն այս խնդրի լուծման ուղղությամբ նվազագույն առաջընթացի է հասել: Չկա երկու դար, չկա, թերեւս, երկու երկիր, որոնց լուծումները միանման լինելն, եւ մի դարաշրջանի կամ երկրի լուծումը չզարմացնի մյուսներին: Այնուամենայնիվ, ամեն մի դարաշրջանի կամ երկրի մարդիկ դրանում բնավ կասկած չունեն, կարծեք թե այս հարցում մարդկությունը միշտ համակարծիք է եղել:
Մարդկանց միջեւ կապերում կայունացած կանոնները թվում են ինքնին ակնհայտ եւ արդարացված: Նման համատարած պատրանքը լոկ մեկ օրինակն է սովորույթի մոգական ազդեցության, որը ոչ միայն, ինչպես ասացվածքն է պնդում, մարդու երկրորդ բնույթն է, այլեւ շարունակաբար ընկալվում է որպես առաջինը: Սովորույթի ազդեցությունը, որը կանխում է վարքագծի այն կանոնների որեւէ թերըմբռնում, որոնք մարդկությունը պարտադրում է անհատին, հատկապես ընդգրկուն է լինում, քանի որ խոսքը մի բանի մասին է, որը սովորաբար հիմնավորելու կարիք չի լինում՝ ուրիշի համար լինի, թե ինքն իր համար: Մարդիկ ընտելացել են հավատալու, եւ այդ հավատը քաջալերվում է փիլիսոփայի դերին հավակնող անձանցից, թե սեփական հույզերը, իրենց իսկ բնույթով, ավելի հավաստի են, քան դատողությունները, եւ ուրեմն, վերջիններս անհրաժեշտ էլ չեն: Իրենց վարվելակերպի կարգավորման մեջ մարդկանց կարծիքների ուղեցույցն այն գործնական բնույթի սկզբունքն է, թե ամեն ոք հոգու խորքում վստահ է, որ բոլորից էլ հարկ է պահանջել իրենին նման վարվելակերպ, իսկ նրանք, ում ինքը համակրում է, հավանություն են տալիս իր վարվելակերպին….
Արդ, առաջին կանոնն այն է, որ անհատը հաշվետու չէ հասարակության առջեւ իր գործողությունների համար, քանի դեռ դրանք չեն շոշափել իրենից բացի որեւէ այլ անձի շահերը: Խորհուրդ, խրատ, համոզում, նախազգուշացում՝ ուղղված մյուս մարդ-կանց (եթե դա անհրաժեշտ է նրանց բարօրության համար)՝ լոկ սրանք են այն միջոց-ները, որոնցով հանրությունը կարող է հիմնավորապես արտահայտել տվյալ անձի վարքագծի հանդեպ իր հակակրանքը կամ անհամաձայնությունը:
Ըստ երկրորդ կանոնի, այլոց շահերը շոշափող գործողությունների համար անհատը հաշվետու է եւ կարող է ենթարկվել ինչպես սոցիալական, այնպես էլ իրավական պատիժների, եթե հասարակությունը հակված է կարծելու, որ այս կամ այն անձը իր հովանավորության կարիքն է զգում: Ամենից առաջ՝ ոչ մի դեպքում չի կարելի ենթադրել, որ միայն ուրիշների շահերին հասցրած վնասը կամ վնասի սպառնալիքն է արդարացնում հանրության միջամտությունը, ինչից, հետեւաբար, բխում է, թե դա միշտ էլ արդարացնում է նման միջամտությունը: Շատ դեպքերում անհատը, հետա-մուտ լինելով իր օրինական նպատակին, անխուսափելիորեն եւ, հետեւաբար, օրենքի սահմաններում ցավ կամ կորուստ է պատճառում այլ մարդկանց կամ էլ խլում է այն բարիքը, որի ստացման համար նրանք հիմնավոր հույս ունեին:
Մարդկանց միջեւ շահերի նման հակադրվածությունը հաճախ գոյանում է հանրային վատ հաստատությունների պատճառով եւ անխուսափելի է, քանի դեռ այդ հաստատությունները գոյություն ունեն. իսկ որոշ հակադրություններ անխուսափելի են լինելու ամեն տեսակի հաստատությունների օրոք: Ով հաջողության է հասնում գերհագեցած մասնագիտության բնագավառում կամ մրցակցային հիմքով կատար-վող ընտրության մեջ, ով գերադասության է հասնում միեւնույն նպատակին ձգտող երկուսի պայքարում, նա օգուտ է քաղում մյուսների կորուստներից, նրանց զուր ջան-քերից եւ հիասթափություններից: Սակայն, ըստ ընդհանուր կարծիքի, մարդկությունը միայն շահելու է, եթե մարդիկ այդկերպ ձգտեն իրենց նպատակներին՝ առանց վախե-նալու նման հետեւանքներից: Այլ կերպ ասած՝ հասարակությունը չի ստանձնում ո՛չ իրավական, ո՛չ բարոյական իրավունք միջամտելու նմանօրինակ, հուսախաբ անող մրցակցությանը, ապահովագրելու այդ բնույթի տառապանքներից. հասարակությու-նը իրեն պարտավորված է զգում միջամտելու միայն երբ գործադրվում են հաջողու-թյան հասնելու այնպիսի միջոցներ, որոնք հակասում են ընդհանուրի շահերին, այն է՝ խարդախությունը, դավաճանությունը եւ ուժը….
Օրինակ, հարբեցողությունը սովորաբար չի լինում օրենսդրական միջամտության առարկա, բայց ես միանգամայն օրինական կհամարեմ, որ նա, ով մեկ անգամ արդեն դատապարտվել է խմիչքի ազդեցությամբ այլոց հանդեպ որեւէ բռնարարքի համար, ենթարկվի իրավական հատուկ սահմանափակման, անձնապես իր համար: Եվ եթե նրան հետագայում հայտնաբերեն հարբած, ապա նա պետք է պատժվի, իսկ եթե նման վիճակում նա մեկ այլ հանցանք է կատարում, ապա նրա նոր պատիժը պիտի առավել խիստ լինի: Այն մարդու ինքնագինովնալը, որին հարբածությունը դրդում է վնասել ուրիշներին, արդեն իսկ հանցագործություն է այլոց հանդեպ….
Դրանից բացի, շատ գործողություններ կան, որոնք, լինելով ուղղակիորեն վնա-սակար միայն դրանք կատարողների համար, չպետք օրենքով կասեցվեն, սակայն եթե այդ գործողությունները կատարվում են հրապարակավ, արդեն դառնում են բա-րեվարքության խախտում, ուստի դասվում են այլոց դեմ կատարվող զանցանքների շարքը եւ օրենքի ուժով կարող են արգելվել….
Պետական միջամտության դեմ այն առարկությունները, որոնք չեն առնչվում ազա-տության խախտմանը, երեք տեսակի են: Առաջինն այն է, որ եթե ինչ-որ բան պիտի արվի, ապա այդ անելիքը, ամենայն հավանականությամբ, անհատներն ավելի լավ կանեն, քան կառավարությունը: Ընդհանրապես ասված՝ որեւէ բան անելու կամ վճռե-լու համար, թե այդ բանն ով եւ ինչպես պիտի անի, ամենից հարմարը դա անելու մեջ անձնապես շահագրգռված մարդն է: Այս սկզբունքը դատապարտում է օրենսդրական իշխանության եւ կառավարության ներկայացուցիչների՝ երբեմնի ընդունելի համար-վող միջամտությունը արտադրության սովորական գործընթացների մեջ:
Երկրորդ առարկությունն ավելի է առնչվում մեր խնդրո առարկային: Բազմաթիվ դեպքերում թեպետ որոշակի գործեր անհատները միջին հաշվով ավելի լավ չեն կա-տարում, քան կառավարության ներկայացուցիչները, այդուհանդերձ, ցանկալի է, որ նրանք անեն այդ գործերը, այլ ոչ կառավարությունը, քանի որ դա իրենց հարկավոր է որպես մտավոր զարգացման միջոց՝ սեփական կարողությունների զորացման, դա-տողությունների մարզման, իմացության հարստացման այն առարկաների մասին, որոնց հետ հարկ է լինում նրանց գործ ունենալու…. Դրանք վերաբերում են ազգային կրթության բաղկացուցիչներին. քաղաքացու յուրատեսակ դաստիարակություն՝ որ-պես ազատ մարդկանց քաղաքական դաստիարակության գործնական մաս, նրանց դուրս բերում անձնական եւ ընտանեկան եսականության անձուկ շրջանակից, նրանց ընտելացում հասկանալու ընդհանուր շահերը, ունակություն հոգալու ընդհանուր հոգսերը, սովորություն՝ գործելու հանրային կամ մասամբ հանրային դրդապատճառ-ներով, ուղղորդելու սեփական վարքագիծը դեպի իրենց միավորող, այլ ոչ թե միմյանցից մեկուսացնող նպատակները: Առանց այդ սովորույթների եւ լիազորությունների, ազատ սահմանադրություն ո՛չ կարող է մշակվել, ո՛չ էլ պահպանվել, ինչի մասին է վկայում քաղաքական ազատության անկայունությունն այն երկրներում, որտեղ քաղաքական ազատությունը բավարար չափով չի հենվում տեղական ազատությունների վրա….
Կառավարության միջամտությունը սահմանափակելու երրորդ եւ ամենից համոզիչ պատճառաբանումը նրա իշխանության անհարկի մեծացումից բխող չարիքն է: Ամեն մի հավելյալ գործառույթ, ի լրումն արդեն իրականացվողների, հանգեցնում է կառավարության առավել լայն ազդեցության մարդկանց հույսերի եւ մտահոգու-թյունների վրա, հասարակության գործունյա եւ հավակնոտ մասին առավել վերածում է կառավարության կամակատարի:
Կառավարությունը չի կարող ունենալ գործունեության այն տեսակից չափազանց շատ, որը ոչ թե խոչընդոտում է, այլ օժանդակում եւ խթանում անհատական ջանքերը ու զարգացումը: Չարիքն այն պահին է սկսում, երբ անհատների ու հաստա-տությունների ակտիվությունն ու եռանդը խթանելու փոխարեն, կառավարությունը նրանց անելիքը փոխարինում է իրենով. փոխանակ տեղեկացնելու, խորհուրդ տալու ու հարկ եղած դեպքում դատապարտելու, կառավարությունը նրանց կա՛մ ստիպում է կաշկանդված աշխատել, կա՛մ էլ առաջարկում է մի կողմ քաշվել ու նրանց փոխարեն ինքն է անում նրանց գործը:
Երկարաժամկետ հեռանկարում պետության արժեքը պետություն կազմող մարդկանց արժեքն է: Եվ եթե պետությունը նսեմացնում է մարդկանց, որպեսզի նրանք ավելի հնազանդ գործիք լինեն իր ձեռքին՝ թեկուզ բարի նպատակների համար, հայտ-նաբերելու է, որ փոքր մարդկանցով իսկապես հնարավոր չէ անել որեւէ մեծ գործ:
Հատված Ջոն Ստյուարտ Միլի «Ազատության մասին» գրքից:
Թարգմանությունը անգլերենից՝ Վ. Միրզոյանի