Օրորոցային երգ, օրորոցային, օրորերգ, օրոր՝ ժողովրդական ստեղծագործության քնարական երգատեսակ։ Հայ ազգագրական տարբեր խմբերում կոչվել է նաև հարյուր, լուրիկ, ճոր-ճոր, դանդան, նեննի, նանար։
Կառուցված է երկտող, եռատող, քառատող կամ բազմատող տներից. ունի կրկնակներ, որոնք, շեղվելով բանաստեղծական տվյալ չափից, երգին հաղորդում են ռիթմաերաժշտության բազմազանություն։ Ավանդական (կայուն) օրորոցային երգերին հաճախ հարակցվել են հանպատրաստից հորինված մասեր։ Օրորոցային երգերում գերիշխող մոտիվները (մանկանն ուղղված գովք, բարեմաղթություն և այլն) հաճախ զուգորդվել են երգող մոր անձնական ապրումն արտացոլող մոտիվներով։ Արտահայտելով ժողովրդի սոցիալ-պատմական կյանքի տարբեր կողմեր ու իրողություններ, ընտանեկան-կենցաղային հարաբերություններ, զանազան հավատալիքներ ու պատկերացումներ՝ օրորոցային երգերը պատմաճանաչողական արժեք են ստանում։
Լավագույն նմուշներից են Կոմիտասի գրառած Ակնա (հայրենի չափով) և Վաղարշապատի (Ռ. Պատկանյանի «Քուն եղիր, բալաս» խոսքերով) օրորները, Գ. Սյունու Կարնո օրորը, Մ. Թումաճանի Ակնա և Բութանիայի օրորները, Հ. Հարությունյանի Վանա օրորոցայինը։
Ձայնի և դաշնամուրի համար օրորոցային երգեր են գրել Ֆ. Շուբերտը, Յո. Բրամսը, Հ. Վոլֆը, Մ. Պ. Մուսորգսկին, Պ. Ի. Չայկովսկին և այլք։