Ավանդույթի համաձայն ՀՀ տարբեր վայրերում կազմակերպվում է Տոլմայի փառատոն։ «Ուդուլի» տոլմայի 11-րդ փառատոնը կայացավ հունիսի 19-ին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում: Մինչ փառատոնի հանդիսավոր մասի սկսվելը՝ զրուցեցի հիմնական կազմակերպիչ «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանի հետ։
Տեղեկացրեց, որ 2011-ից է որոշվել անցկացնել տոլմայի փառատոն-մրցույթ, եւ միայն 2020-ին չեն կազմակերպել՝ համավարակով պայմանավորված։ Մասնակցող տաղավարների թիվը տարեցտարի ավելանում է։ Այս տարի փառատոնին ներկայացել էր 27 թիմ։ 7 թիմ ներկայացնում էր ուտեստների ու ըմպելիքների այլ տեսակներ, իսկ 7 թիմ ներկայացել էր խեցեգործության, ասեղնագործության, զարդարվեստի եւ այլ տեսակների ցուցադրությամբ: Փառատոնը «Զվարթնոցի» տարածքում է անցկացվում արդեն 3-րդ անգամ, նպատակն է նաեւ՝ զուգահեռաբար հայկական մշակութային հուշակոթողները զբոսաշրջիկներին ներկայացնելը: Փառատոնի կարեւոր նպատակներից էր նաեւ պայքարը «Լավագույն համ», «Լավագույն տեսք», «Լավագույն գաղափար» անվանակարգերում հաղթելու համար: Փառատոնին ներկայացել էին ռեստորանատերեր, սպասարկման ոլորտի ներկայացուցիչներ, խոհարարներ, անհատներ Երեւանից, Գյումրիից, Ծաղկաձորից, Գավառից, Էջմիածնից, Գառնիից, Սեւանից, այլ վայրերից: Ընթացքում կայացան նաեւ լավաշի թխման, փախլավայի պատրաստման, կավագործության եւ այլ վարպետաց դասեր։ Փառատոնին առանձնակի առաքելությամբ էր ներկայացել «Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամը՝ տնօրեն Մովսես Պողոսյանի ղեկավարությամբ։ Օրվա ընթացքում հավաքված գումարը կհատկացվի «Սոցիալական շտապօգնություն» ծրագրին, որի նպատակն է աջակցել կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված անձանց ու ընտանիքներին։ «Հուսո տունը» ներկայացել էր դաշտային խոհանոցով, կենտրոնի անձնակազմով ու կամավորներով։ Ուտեստները պատրաստվում էին տեղում, հրամցվում այցելուներին։
«Սոցիալական շտապօգնություն» ծրագրի համակարգող Նարինե Գրիգորյանը կարեւորեց «Հուսո տուն բարեգործական կենտրոն»-ի դերն այդ ծրագրի կայացման գործում։ Հանդիսավոր մասը բացեց հաղորդավար Կարեն Քոչարյանը։ Անդրադառնալով տոլմայի փառատոնի անցկացման անհրաժեշտությանը՝ նա նշեց, որ 2011-ին այն սկսվեց՝ նպատակ ունենալով բրենդավորել մեր ազգային խոհանոցը, որը մոտ 100 տեսակ ունի, եւ զերծ պահել այն թուրքական անհարկի միջամտությունից։ Կ. Քոչարյանը կոչ արեց ներկաներին՝ նաեւ այցելել «Զվարթնոց» թանգարան։ Ս. Մամուլյանն իր ելույթում արդեն կայացած ավանդույթ եւ հաղթանակ համարեց փառատոնի՝ 11-րդ անգամ անցկացումը։ Շնորհակալություն հայտնեց աջակիցներին, մասնակիցներին, այցելուներին եւ նշեց՝ յուրաքանչյուր տարի ներկայացվում են տոլմայի նոր տեսակներ, ինչը նոր գաղափարների ծնունդ է արտահայտում։ Բացի այդ, այս նախաձեռնությունը նաեւ շատերին մտերմանալու. ծանոթանալու, շփվելու հնարավորություն է տալիս։
Փառատոնին ներկա էր Էջմիածնի քաղաքապետ Դիաննա Գրիգորյանը, ով ողջունեց ներկաներին, կարեւորեց այս միջոցառումը, շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին։ Այնուհետեւ շրջեց տաղավարներով։ Թիմերն իրենց պատրաստած տոլման ներկայացնում էին 12-հոգանոց հանձնախմբին, որի կազմում էին նաեւ սիրված երգիչներ Արսեն Գրիգորյանն ու Լեյլա Սարիբեկյանը։ «Գառնի տուն» ռեստորանային համալիրը հանձնախմբին ներկայացավ 7 տեսակի տոլմայի ամաններով։ Վարպետ-խոհարար Ջանո Սարգսյանը մեծ սիրով էր պատրաստել հայոց ավանդական այս ուտեստը եւ յոթհարկանի մատուցարանը՝ հորթի մսով տոլմա, պասուց տոլմա, ամառային տոլմա, Մշո տոլմա, Սարի տոլմա, Դեղձի տոլմա եւ սնկով տոլմա, ներկայացրեց հանձնախմբին, ինչպես ասացին՝ արքայավայել կնքված։ Մրցույթի արդյունքում այս թիմն էլ արժանացավ գլխավոր հաղթողի մրցանակին։ Հանձնախմբի տաղավարում աշխույժ եռուզեռ էր, եւ իրենց գործն էին սիրով կատարում կամավորականները։ «Հատիս» խոհարարական թիմը ներկայացավ «Կիլիկիա» նավի մանրակերտը ներկայացնող տոլմայով, որի կողքին դուդուկ նվագող խամաճիկն էր։ Խոհարար-վարպետ Բագրատ Ավագյանը հավատում էր, որ որեւէ անվանակարգում կհաղթի։ Նշեմ՝ «Լավագույն տեսք» անվանակարգում արժանացավ երկրորդ մրցանակի։
Էջմիածնի արհեստագործական պետական ուսումնարանն ունի 130 սովորող։ Ուսումնարանի կարիերայի պատասխանատու Նելլի Սարգսյանը տեղեկացրեց՝ իրենց կրթօջախում պատրաստում են խառատ-փականագործներ, եռակցողներ, տրանսպորտային միջոցների շահագործողներ, վարսահարդարներ, ոսկերիչներ եւ խոհարարներ։ Տոլմայի փառատոնին ներկայացել էին խոհարար սովորողների հետ եւ ցուցադրում էին մի քանի տեսակի տոլմա, այլ ուտեստներ։ Ասաց նաեւ, որ ոսկերչական բաժինը գործում է «Բաղեշյան» ընկերության ֆինանսական աջակցությամբ եւ համագործակցությամբ։ Էջմիածնի «Մաչանենց տուն»-ը ներկայացել էր տարբեր ուտեստներով ու ըմպելիքներով։ Կենտրոնի նախագահ Արփինե Բաբախանյանը տեղեկացրեց՝ զբոսաշրջային տարբեր ծրագրեր են իրականացնում նաեւ։ «Լավագույն մտահղացում» անվանակարգում «Մաչանենց տուն»-ը զբաղեցրեց երրորդ տեղը։ Գավառի «Անգրեթ» արտադրամասը ներկայացնում էր գաթա, փախլավա, շաքար-լոխում, առաջին անգամ տեղում նաեւ լավաշ էին թխում։ Արտադրամասի ղեկավար Արշակ Մարտիրոսյանն ասաց՝ ընտանեկան արտադրամաս է, ունեն 4 աշխատող եւ 21 տարվա պատմություն։ «Վահագնատուն» հայ արիական խոհանոցը Վլադիմիր Նիկողոսյանի գլխավորությամբ ներկայացրել էր 2 տեսակի տոլմա։ «Որպես հայ արիական «Վահագնատուն» խոհանոցի հիմնադիր, մասնակցում եմ տարբեր խոհարարական փառատոների, որտեղ տոնածիսական ուտեստների մատուցման հետ նաեւ ներկայացվում են համապատասխան փաստեր հայոց խոհարարական արվեստի պատմությունից: Ճագարի մսով տոլմայի գյուտի հեղինակն եմ»,- ասաց Վ. Նիկողոսյանը։
Օրվա ընթացքում համերգային մասով հանդես եկան տարբեր խմբեր, անհատ կատարողներ՝ Երեւանից ու մարզերից։ «Ալեքսանդրապոլ օրկեստրա» խումբը եկել էր Գյումրիից, եւ առաջինը ելույթ ունեցան։ Երեւանի «Թթենի» համույթը երաժշտական կատարումներով հանդես եկավ նաեւ տաղավարների կողքին։ 8 տարվա պատմություն ունեցող «Տարոնցիներ» պարային համույթի ելույթի ժամանակ տարածքում շուրջպար բռնեցին նաեւ փառատոնի այցելուներն ու մասնակիցները։ Ի դեպ՝ այցելուների թվում շատ էին նաեւ արտերկրացիները, ովքեր հանդես եկան հայկական ժողովրդական ու ազգագրական պարերի կատարումներով։ Օրվա վերջում կայացավ մրցանակաբաշխություն։ «Լավագույն մտահղացում» անվանակարգում երկրորդ տեղը գրավեց Երեւանի պետական տեխնոլոգիական քոլեջը։ Այս անվանակարգում առաջին տեղ գրաված «Էլեգանտ» ռեստորանային հյուրանոցային համալիրի թիմը նաեւ 193 մետրանոց տոլմա էր պատրաստել, որի համար արժանացավ շնորհակալագրի։ Սեդրակ Մամուլյանի խոսքով՝ նախաձեռնությունը գրանցվեց «Դյուցազնագրքում», եւ հնարավոր է՝ գրանցվի նաեւ «Գինեսի» ռեկորդների գրքում: «Լավագույն համ» անվանակարգում հաղթողներ ճանաչվեցին՝ երրորդ տեղ՝ «Գենացվալե» պանդոկը, երկրորդ՝ «Գարեջուր օնլայն» ընկերությունը, առաջին՝ Երեւանի թիվ 6 արեստագործական պետական ուսումնարանը, որի սաները՝ Նարինե Հովհաննիսյանն ու Միլենա Գայստյանը, ներկայացել էին ազգային տարազներով։ «Լավագույն տեսք» անվանակարգում երրորդ տեղում էր Սեւանի «Ծաղկունք» հյուրատունը, առաջին մրցանակի արժանացավ «Քամանչա» ռեստորանը: Լավագույն տաղավարի համար մրցանակ ստացավ «Մեգերյան կարպետ» ռեստորանը։