«Հուշեր գրելու միտքը կարող է ծագել տարբեր տարիքում: Կյանքի արժանահիշատակ, լավագույն դրվագները հուշագրելու, վավերագրելու ցանկություն հաճախ եմ ունեցել, որոնք ձեւավորվել են տարբեր հանգամանքներում, տարբեր շարժառիթներից եւ, ի վերջ, դարձել անհրաժեշտություն: Իհարկե, այս մտադրությանս նպաստել են մի շարք նշանավոր մարդկանց հուշապատումները, ինչպես նաեւ մտերիմ ընկերներիս հորդորները, երբ մեր զրույցների ընթացքում պատմել եմ հետաքրքրական դեպքեր՝ կապված իմ ծննդավայրի բնաշխարհի, մեծ ու փոքր ընտանիքների՝ հայրական կամ սեփական, աշխատանքային գործունեության կամ նեղ-անձնական կյանքի վերաբերյալ: Կարծում եմ, ներկա եւ գալիք սերունդների ընթերցողները, կարդալով հուշերս, նախ պատկերացում կկազմեն իմ ապրած կյանքի ժամանակաշրջանի իրականության վերաբերյալ: Կուզենայի, որ նրանք նաեւ ինչ-որ բան քաղեն ու սովորեն իմ կենսագրությունից…»:
Ալբերտ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Արդարադատության գեներալ
Այս խոսքերը վերցված են ՀՀ դատախազության երկարամյա աշխատակից, երրորդ դասի պետական խորհրդական, այսօր արդեն պաշտոնաթող գեներալի «Իրավական աշխարհ. կյանքի բարդ հանգույցներում» երկհատորյակից, որի շնորհանդեսը տեղի ունեցավ մայրաքաղաքի ամենաաշխույժ մշակութային օջախներից մեկում՝ Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում: Նախապես ասենք, որ դահլիճը լեփլեցուն էր՝ եզակի երեւույթ ամառային այս տապ օրերին: Ներկա էին հանրապետության իրավական ոլորտի բազմաթիվ հայտնի դեմքեր, գեներալի գործընկերներ, գրողներ, գրականագետներ, որոնք նաեւ սրտի ու գնահատանքի խոսք ունեին ասելու:
Ողջունելով մասնակիցներին, հանդիսավար Գայանե Ալեքսանյանը հատվածներ ներկայացրեց հուշապատումից: Իսկ գրքի առաջին արժեւորողը գրադարանի տնօրենն էր՝ Հասմիկ Կարապետյանը: Ողջունելով հեղինակին՝ նա ասաց. «Այն, ինչ լսում էինք ականջի ծայրով եւ այն, թե հնչեղ որ քրեական գործը ինչպիսի ընթացք ունեցավ, ինչպես լուծվեցին կատարված դեպքերի թնջուկները՝ Դուք այդ ամենը մեզ համար բացահայտեցիք: Մեծարժեք է Ձեր երկհատորյակը, այսպիսի հրատարակությունները իրավագիտական հաստատությունների ուսանողների համար պիտի դառնան սեղանի գիրք, որովհետեւ հանցագործություններ բացահայտելու այն նրբությունները, որ կան ձեր գրքերում, իսկապես դասագրքային են եւ ուսուցողական: Այսինքն՝ օժանդակ կրթական գրականություն, որ պիտի ձեռքի գիրք դառնա յուրաքանչյուր իրավաբանի համար՝ հուշելով՝ ինչպես աշխատել, ինչպես մնալ ազնիվ մեր ոչ այնքան ազնիվ ժամանակներում…»:
Որպես գրքի խմբագիր՝ ծանրակշիռ խոսք ասաց բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թերեզա Շահվերդյանը: Չթաքցնելով իր հիացումը՝ նա առաջնահերթորեն ընդգծեց, որ Ալբերտ Մարգարյանը ամենաբանասեր իրավաբանն է. «Ես ուղղակի ապշել եմ նրա գրագիտության, խոսքի կուլտուրայի, լեզվական-քերականական գիտելիքների, բառի ճիշտ ու տեղին գործածության հանգամանքի վրա: Երկհատորյակը ես անվանել եմ իրավաբանական վավերագրություն: Շուրջ հիսուն տարվա վավերագրություն: Ես զարմացած եմ նրա իմացությամբ՝ մեջբերումներ Սերվանտեսից, Շեքսպիրից, Տոլստոյից, Դոստոեւսկուց, համաշխարհային այլ դասականներից… Այս գիրքը խմբագրելուց հետո ինքս էլ ինչ-որ չափով իրավաբան եմ դարձել… Ես խոնարհումով եմ վերաբերվում դրան»:
Այնուհետեւ գրականագետը հանգամանորեն ներկայացրեց երկհատորյակի թեմատիկ ընդգրկումների շրջանակը՝ նախկին կայսրության փլուզումն ու դրա պատճառները, Արցախյան հզոր շարժումն ու նրա առաջամարտիկները, մեր փառահեղ հաղթանակը դարավոր ոսոխի դեմ, այն բոլոր անցուդարձերը, որ տեղի են ունեցել նախորդ տասնամյակներում:
Թերեզա Շահվերդյանի համոզմամբ՝ արդարադատության գեներալի մենագրությունը Հայաստանի շուրջ կեսդարյա իրավական, դիվանագիտական, քաղաքական, տնտեսական հարցերի բազմաբովանդակ քննությունն է: Այն, ինչպես հեղինակն է բնութագրել, «կյանքի բոլոր հանգույցների վերաբացումն է»: Անկախ այն իրողությունից, որ հատորյակների էջերում զգալի տեղ է հատկացված կենսագրական պատումներին, այդուհանդերձ, առանցքային պատումները վերաբերում են իրավական աշխարհին՝ ընդգրկելով վաստակաշատ գեներալի գործունեության բոլոր շերտերը, իր արած ու վարած դժվարին, բարդ գործերը:
«Վերջապես, ինչ է այս գիրքը,- իր խոսքն այսպես սկսեց հեղինակի վաղեմի ընկեր, հեռուստալրագրող, բանաստեղծ, արձակագիր Վրեժ Սարուխանյանը,- սա անիրավական աշխարհում իրավական աշխարհը իրո՛ք իրավական դարձնելու հետաքրքիր մի ճանապարհորդություն է: Սա մարդ մնալու, մարդ ստեղծելու հզոր ոդիսական է, որով անցել է ինքը՝ թշվառ մանկությունից հասնելով պատվարժան գեներալի աստիճանի…Հրաշք է, երբ իրավաբանն է գրող դառնում: Ինձ զարմացրել են իրավական դաշտի իր գործընկերների մասին գրած հրաշալի պատումները, ովքեր բարձր մարդիկ էին եւ օրինապահության նվիրյալներ: Նրա լեզվամտածողությունն է ինձ ապշեցրել, մարդ մնալու հզոր կամքը, անհատ, ով բազմիցս է նայել մահվան աչքերին…»:
Գրքին անդրադարձան շատերը՝ գրականագետ Լալիկ Խաչատրյանը, իրավական համակարգի հայտնի դեմքերից Ժիրայր Խառատյանը, Արամ Թամազյանը, այլք: Նրանց բոլորի խոսքը հիացական հնչերանգով էր, գնահատանքը՝ բարձր, գեներալի տասնամյակների վաստակը՝ փառահեղ, մարդկային նկարագիրն ու սկզբունքները՝ ընդօրինակելի, երկհատորյակը՝ դասագրքայինի համարժեք:
Շնորհանդեսն ամփոփվեց Ալբերտ Մարգարյանի շնորհակալական ելույթով: Իսկ մենք մեր ասելիքն ամփոփենք գրող-իրավաբանի մեծարժեք գրքից եւս մեկ հատվածի մեջբերումով. «Մասնագիտական աշխատանքի անցնելուց հետո, երեսունվեց տարի անընդմեջ իմ աշխատանքային գործունեության ընթացքում հազարավոր մարդկային ճակատագրեր են որոշվել, շատ հաճախ՝ բավականին բարդ, խճճված, վտանգներով լի պայմաններում ու հանգամանքներում: Երբեք եւ ոչ մի պարագայում անմեղ մարդ չեմ կալանավորել, դատի տվել, ազատազրկման վայր ուղարկել: Ոչ մի կալանքի կամ մեղադրական եզրակացություն ստորագրելիս ձեռքս չի դողացել, խիղճս մաքուր ու հանգիստ է եղել: Ասել է թե՝ մարդկային կյանքի բարդ հանգույցներում, իմ համոզմամբ, ճիշտ եմ կողմնորոշվել: Իմ մեղքով կամ թույլ տված սխալի հետեւանքով ոչ մեկի ճակատագիրը չի խեղվել, ոչ մի անմեղ մարդ ազատությունից չի զրկվել եւ չի դատապարտվել…»:
Ահա այսպես ապրած մի ամբողջ կյանք, որ վավերագրվել է վաստակաբեռն «ամենաբանասեր իրավաբանի» ձեռքով եւ հասցեագրվել բոլոր ժամանակների իրավազբաղ ու գրասեր ընթերցողներին…
Շնորհավորենք պառնեցի պատվարժան գեներալին՝ մաղթելով նրան գեներալական, լեռնցու առողջություն: