-1825 թ. հունիսի 29-ին ծնվել է Գաբրիել Սունդուկյանը՝ հայ դրամատուրգ, հասարակական գործիչ։ Ռեալիզմի սկզբնավորողներից մեկը հայ գրականության մեջ։ Սունդուկյանի ստեղծագործություններն աչքի են ընկնում բարձր գեղարվեստականությամբ, չափի զգացումով, բառի ճշգրիտ եւ տեղին գործածումով։ Նա գրել է թիֆլիսահայ բարբառով՝ հասարակ ժողովրդին հասկանալի լինելու համար, օգտագործել ժողովրդական բանահյուսությունը, վարպետորեն կառուցել գործողությունը, ստեղծել աշխույժ մենախոսություններ ու երկխոսություններ, ինչպես նաեւ դրության եւ խոսքի կոմիզմ։ Նրա ստեղծագործությունը մեծ ազդեցություն է գործել ոչ միայն հայ դրամատուրգիայի, այլեւ հայ գրականության հետագա զարգացման վրա։ Հ. Թումանյանը նրան՝ որպես երկրորդ մեծ «թիֆլիսեցու», դրել է Սայաթ-Նովայի կողքին։
-1839 թ. հունիսի 29-ին մահացել է Համբարձում Լիմոնջյանը՝ հայ երգահան, երաժշտագետ, նոր հայկական ձայնագրության հիմնադիրը (ծնվ.՝ 1768 թ.):
-1888 թ. հունիսի 29-ին Մյունխենում կայացավ Ռիխարդ Վագների «Փերիներ» օպերայի պրեմիերան։
-1900 թ. հունիսի 29-ին ծնվել է Անտուան դը Սենտ-Էքզյուպերին՝ ֆրանսիացի գրող, բանաստեղծ եւ պրոֆեսիոնալ օդաչու։ Առավելապես հայտնի է իր «Փոքրիկ իշխանը» հեքիաթ-վիպակով, որը թարգմանված է աշխարհի բազմաթիվ լեզուներով, այդ թվում՝ նաեւ հայերեն։ Նա ասել է. «Մարդիկ երազում են երկինք բարձրանալ եւ արդեն բարձրանում են։ Բայց պարզվում է, որ երկնքում էլ երազողներ կան, որ ուզում են Երկիր իջնել…»։
-1974 թ. հունիսի 29-ին Իզաբել Պերոնը դարձավ Արգենտինայի առաջին կին նախագահը։
-1999 թ. հունիսի 29-ին մահացել է Գարեգին Ա Ամենայն հայոց 131-րդ կաթողիկոսը (ծնվ.՝ 1932 թ.):