«Նույն գետը երկու անգամ մտնել հնարավոր չէ»,- ասում են հույները։ Առաջինը, ասում են, դա նշել է Հերակլիտոսը։ Սակայն… Հույները սիրում են ամեն ինչ իրենցով անել։ Այդ բանը գիտեին բոլորը՝ սկսած Եգիպտոսի փոքրերից։ Իրոք, գետը հոսում է, սակայն անկախ հոսանքի ուժից՝ մեծ ժայռաբեկորները հունի մեջ միշտ մնում են իրենց տեղերում։ Եգիպտացիների փոքրերն էլ գիտեին, դրա համար էլ նրանց կայսրությունը հազարամյակներ կանգուն մնաց…
Իմ ոչ այնքան կարճ կյանքի ընթացքում հանդիպել եմ շատ մեծերի ու «անցել նրանց ձեռքի տակով»։ Գիտական դպրոցի հիմնադիրներ, գիտության ականավոր գործիչներ Ռուբեն Ավանեսով, Գեւորգ Խաբուրգաեւ, Վիտալի Մարկով, Վլադիմիր Կոլեսով, Նիկիտա Տոլստոյ… Սա այն դպրոցն էր, որտեղ դասավանդվում էր ոչ միայն մասնագիտություն, այլեւ վեհություն եւ մեծություն։
1976-ից հաստատվելով Երեւանում` շատ մոտ հարաբերությունների մեջ էի հայ ժողովրդի մեծագույն գիտնականներից մեկի՝ Գեւորգ Ջահուկյանի հետ։ Ջահուկյանն ուներ շատ խիստ եւ պահանջկոտ բնավորություն, ինչը շատերին էր հեռու պահում մեր մեծ լեզվաբանից։ Իսկ ինձ դուր էին գալիս նրա բացարձակ ազնվությունն ու կոնսերվատիզմի բացակայությունը։ Մի անգամ խոսեցինք լեզվի ծագման մասին։ Այդ ժամանակ աշխատում էր հնդեվրոպական լեզուների ածականների համեմատական ուսումնասիրման վրա։ «Կարծում եմ, որ լեզուն կարող էր սկսվել ոչ միայն գոյականներից ու բայերից, այլեւ ածականներից»,- ասացի ես եւ մի քանի փաստարկ բերեցի։ Ջահուկյանը, որ շատ էր զբաղվել լեզվի ծագման հարցերով, ուշադիր նայեց ինձ եւ ասաց. «Ես այդպես չէի կարծում, բայց ասածդ խելքին մոտ է»։
Մի քանի անգամ տեսել եմ, թե ինչպես են բանավիճում նրա հետ մեծանուն պրոֆեսորներ Վ. Առաքելյանը, Հ. Բարսեղյանը, ակադեմիկոս Ս. Աբրահամյանը։ Ինչպես հավասարը հավասարի հետ։ Նախ լսում էին, մի քանի վայրկյան մտածում, հետո ասում իրենց կարծիքը։
Գ. Ջահուկյանն ապրում էր մենակ (ռուս կինը գերադասում էր ապրել Մոսկվայում)։ Տանն առանձնապես թանկարժեք միայն գրքերն էին (նրա մահից հետո կահույքը տվել էին հարեւաններին՝ որպես վառելիք օգտագործելու համար)։ Մշտապես մասնակցում էր բուհերի ընդունելության քննությունների հանձնաժողովների ընտրությանը, եւ ոչ ոք, կաշառակերության մեջ ողողված երկրում, գեթ մի անգամ չի կասկածել նրա բացարձակ ազնվությանը։ 1991 թե 1992 թ. սովածության մեջ հայտնված մեր գիտության մեծերին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը ՀՀ նախագահի պատվոգրեր էր հանձնել։ Քմծիծաղեցի. «Լավ կլիներ, եթե մի հազար դոլար տար»։ Առաջարկեցի ասել այդ մասին Ֆ. Սարգսյանին` այն ժամանակվա ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահին։ Ջահուկյանը թեքեց երեսը, իսկ այդ օրը նա… հոսանքի վճարը տալու գումար չուներ:
Երկրորդ մեծությունն Էդվարդ Ջրբաշյանն էր։ Հզոր գիտնական էր նաեւ նրա եղբայրը՝ անվանի հայ մաթեմատիկոս Մխիթար Ջրբաշյանը։ Ժամանակին կողք կողքի տուն էին կառուցել։ Կատակում էին, թե վանեցի են, տների թիկունքներն իրար են տվել, որ մի պատ շահեն։ Բայց ով կարող էր համարձակվել ասել, թե բացի հայ գիտության շահից նրանք կյանքում որեւէ այլ շահ են ունեցել։ 1994 թ. ես եւս մասնակցեցի ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոսների ընտրություններին։ Ազնիվ լինեմ՝ ակադեմիկոսներից առանձնապես հաճույք չստացա։ Պետք էր գնալ բոլորի մոտ՝ ներկայանալու։ Առաջին ակադեմիկոսը շատ ուշադիր նայեց ինձ եւ ասաց՝ ամեն մարդ չէ, որ իրավունք ունի ակադեմիկոս կոչվելու։ Հարցրեցի, թե ինչպիսին պետք է լինի ակադեմիկոսը։ «Շատ լեզուներ իմանա, բարձր կրթություն ունենա, խելացի աշխատությունների տեր լինի»,- ճչաց նա եւ մի քանի անգամ տարավ-բերեց մարմինն իր ճոխ բազկաթոռում։ Տեսնելով, որ ինձ մոտ ամեն ինչ տեղին է, հարցրեց, թե կարդացե՞լ եմ, արդյոք, իր ստեղծագործությունները։ Այստեղ ես լեզուս կծեցի։ Նա առաջարկեց կարդալ իր վերջին հոդվածը, որը նվիրված էր մեր գրական լեզվի հետադարձին դեպի նախահեղափոխական վիճակ։ Առաջին պարբերությունից հետո մեջբերել էր մի քանի մեծերի կարծիքներ եւ եզրակացրել, որ «այսքանից հետո» այդ հարցը պետք է փակել։ Իսկական խորհրդային հոդված. ինչ կարիք կար ապացույցներ բերելու, երբ բոլոր հարցերը լուծվում են դասականներից մեջբերումներով։ Սա իմ վերջին նման այցելությունն էր, բայց (շնորհակալ եմ) ակադեմիկոսներն ինձ ձայն տվեցին. մի ձայն պակասեց… Երբ խոսեցի Է. Ջրբաշյանի հետ, նա բացատրեց, որ ակադեմիկոսներն ընտրվում են նախքան պաշտոնական ընտրությունները։ Ընտրվում են ոչ թե միայն արժանիները, այլեւ (առաջին հերթին) նրանք, ովքեր պետք է ընտրվեն։ Հասկացա, որ սա եւս առանց հանդիսատեսի թատրոն է։ Նա ինձ խորհուրդ տվեց ավելի շատ աշխատել արտասահմանյան մամուլում, ցույց տալ մեր գիտությունը դրսում։ «Ո՞ւմ են պետք ներգյուղական ակադեմիկոսները»,- խոր հոգոց հանեց նա։ Սա ինձ համար մխիթարություն չէր, բայց դարձավ ապագայի ուղեցույց։
Նշեմ նաեւ մի դեպք 1990-ականների սկզբի տարիներից։ Երբ Հայաստանում ձեւավորվեց Բարձրագույն որակավորման հանձնաժողով, եւ բոլոր գրիչ բռնողները նետվեցին գիտական կոչում ստանալու, հարստացած գիտությունների երկու թեկնածուներ փորձեցին դառնալ բանասիրական գիտությունների դոկտորներ գրականագիտության գծով։ Ջրբաշյանը, ծանոթանալով աշխատանքներին, առաջարկել էր երկուսին էլ մերժել։ Ու նրա խոսքն օրենք էր։ Սրանցից յուրաքանչյուրը գիտնականին առաջարկել էր 5000 դոլար՝ չխոչընդոտելու համար։ 5000 դոլարով կարելի էր այդ ժամանակ գնել երեք սենյականոց բնակարան Երեւանի կենտրոնում: Թեկնածուները դոկտոր դարձան միայն… Ջրբաշյանի մահից հետո։
Մեր ժամանակի գետը հոսում է՝ ինչքան առաջ ենք գնում, այնքան արագ։ Գուցե այսօրվա թոհուբոհում նման մարդիկ վերջին մոհիկաններ թվան, սակայն գետի ջուրը պահողներն այդ ժայռաբեկորներն են հունի մեջ, որոնք ձեւավորում են մեր ազգն ու հայրենիքը, եւ քանի կա մեր հայրենիքը, նրանք միշտ կլինեն մեր դեմքն ու հպարտությունը։
Վաղարշակ ՄԱԴՈՅԱՆ
Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
իրավաբանության դոցենտ