«Մարդ ոչ հերոս, ոչ էլ կռվող կծնի. զենքն է, որ կռվելու ընդունակություն կտա եւ դիմադրության ոգի կստեղծի անոր մեջ: Անոնք, որ կսպասին, թե մեր նոր սերունդները առանց զենքին ընտելանալու, առանց զինավարժության պարապելու վաղը կռվողներ պիտի դառնան՝ տղայական միամտություն է, որ կհայտնեն, ուրիշ ոչինչ: Այդ կերպով եթե դարեր ալ սպասենք, մենք նորեն երկչոտներ, ստրուկներ պիտի մնանք, եւ նորեն մեր կյանքն ու պատիվը պիտի ըլլա օտարի ձեռքի խաղալիք»:
Զորավար ԱՆԴՐԱՆԻԿ
Իսկ ինքը ծնվել էր «չաթալ սրտով»՝ 17 տարեկան էր, երբ սպանում է իր հորն անարգած թուրքին եւ բանտարկությունից խուսափելու նպատակով հեռանում Կոստանդնուպոլիս, աշխատում զինագործարանում, ապա անցնում է Ռումինիա: 1890-ին անդամագրվում է Հնչակյան կուսակցությանը, մեկ տարի անց՝ ՀՅԴ-ին, որից շատ ավելի ուշ հեռանալու էր վերջնականապես:
Ապագա հայդուկապետը, որ վաղ ամուսնությունից հետո կորցրել էր կնոջն ու նորածին զավակին, զինվորագրվում է Գուրգենի, Աղբյուր Սերոբի հայդուկախմբերին: Զենք ձեռք բերելու նպատակով անցնում քաղաքից քաղաք՝ Սեւաստոպոլ, Բաթում, Թիֆլիս, Կարս, Էջմիածին, Թավրիզ, Սալմաստ, այլուր: Համագործակցում է Դժոխք Հրայրի, Նիկոլ Դումանի, Սեպուհի, Մեծն Մուրադի հետ: 1899 թվականին Աղբյուր Սերոբի դավադիր սպանությունից եւ նրա վրեժը Գեւորգ Չաուշի հետ լուծելուց հետո Դժոխք Հրայրի հետ կազմակերպում է Տարոնի հայության ինքնապաշտպանությունը: Բայց նրա համբավը տարածվելու էր 1901 թ. նոյեմբերի՝ Մշո սուրբ Առաքելոց վանքի եւ 1904-ի օգոստոսի՝ Ախթամարի կռիվներից հետո:
1905-1906 թվականների հայ-թուրքական կռիվների ժամանակ, կրկին զենք հայթայթելու նպատակով, մեկնում է Ֆրանսիա եւ Բուլղարիա: Հրատարակում է հայդուկային կռվի իր ռազմուսույցը՝ «Մարտական հրահանգներ» կանոնագիրքը: 1908-ի երիտթուրքական հեղաշրջումից հետո, երբ հայությունը բարելավումների հույսեր էր փայփայում, հայդուկապետն ըմբոստանում է ՀՅԴ-ի եւ երիտթուրքերի համագործակցության դեմ, մերժում թուրքական խորհրդարանի անդամ դառնալու՝ դաշնակցության առաջարկը:
Բալկանյան առաջին պատերազմի ժամանակ Անդրանիկը կազմավորում է Հայկական կամավորական վաշտ եւ բուլղարական բանակի կազմում մարտնչում թուրքական զորքերի դեմ: Առաջին աշխարհամարտի տարիներին հրավիրվում է Թիֆլիս, նշանակվում ռուսական Կովկասյան բանակի կազմում գործող Հայկական առաջին կամավորական ջոկատի հրամանատար, ղեկավարում շուրջ 20 հաղթական ռազմական գործողություններ, որոնցից առավելապես հայտնի են Դիլմանի ճակատամարտը եւ Բիթլիսի ազատագրումը:
1918 թվականի հունվարին առասպելական հերոսի համբավ ձեռք բերած գործիչը նշանակվում է Հայկական երկրապահ զորամասի հրամանատար, ստանում ռուսական բանակի գեներալ-մայորի պաշտոնակալի աստիճան եւ վերանշանակվում Էրզրումի ամրացված շրջանի պաշտպանության ղեկավար: Սակայն ռազմաճակատի կազմալուծման եւ թուրքական գերակշիռ ուժերի հակահարձակման պայմաններում իր ջոկատով նահանջում է Սարիղամիշ-Կարս-Ալեքսանդրապոլ ուղղությամբ:
Նույն թվականի հունիսի 4-ին Բաթումում ստորագրվելիք թուրք-հայկական պայմանագրով, որով նախատեսվում էր նաեւ զինաթափել հայկական ջոկատները, այդ թվում՝ Անդրանիկի զորամասը, դադարեցվում են ռազմական գործողությունները: Սկզբունքորեն նման պայմաններն անընդունելի համարելով, միաժամանակ նորահռչակ Հայաստանի Հանրապետությանը վնաս չպատճառելու մտահոգությամբ, զորավարը որոշում է հեռանալ Հայաստանից: Հունիսի 2-ին Դիլիջանից անցնում է Սեւան, ապա Նախիջեւան, որտեղից մտադիր էր անցնել Պարսկաստան, ընդառաջ գնալ Բաքու շարժվող անգլիական զորքերին եւ նրանց աջակցությամբ Վանով մտնել Արեւմտյան Հայաստան ու շարունակել պայքարը: Իր զորամասով եւ շուրջ 20 հազար գաղթականներով հունիսի 18-ին հասնում է Նախիջեւան, տեղում կարգուկանոն հաստատելուց հետո գավառը հայտարարում է Խորհրդային Ռուսաստանի անբաժան մաս եւ այդ մասին տեղեկացնում Բաքվի կոմունայի նախագահ Ստեփան Շահումյանին: Նախիջեւանից Ջուլֆայով Պարսկաստան անցնելով՝ Խոյի մոտ նրա զորամասը անսպասելիորեն բախվում է թուրքական 11-րդ դիվիզիայի զորամասերից մեկի հետ եւ ստիպված վերադառնում Զանգեզուր, որտեղ, ստեղծված իրավիճակի պատճառով, մնում է մինչեւ 1919-ի գարուն՝ ղեկավարելով Զանգեզուրի ինքնապաշտպանական կռիվները թուրքերի եւ մուսաֆաթականների դեմ: Սակայն, հիասթափվելով Հայաստանի հանդեպ վարած Անտանտի քաղաքականությունից եւ դժգոհելով հայրենի կառավարության՝ իր հանդեպ ցուցաբերած վերաբերմունքից, նույն թվականի ապրիլին գալիս է Էջմիածին, զորամասի գույքն ու զենքը հանձնում կաթողիկոսին, զորացրում զինվորներին եւ մեկնում Ֆրանսիա, 1922-ին հաստատվում Միացյալ Նահանգների Ֆրեզնո քաղաքում: Այստեղ նրան վիճակված էր ապրել ընդամենը հինգ տարի եւ գնալու էր ի հավերժություն՝ պատգամ թողնելով. «Ամեն հայ եթե միայն իր համար ապրելու մասին չմտածեր՝ մեր աղետների մեծ մասը պակաս կլիներ…»: Իսկ Ավետիս Ահարոնյանը գրելու էր. «Սասունի արծիվը չկա այլեւս: Մանուկները ծնողի մահը չեն ըմբռնում, ազգերը՝ հերոսի: Առաջնորդ, շեֆ էր ծնուած Անդրանիկ: Ամեն տեղ ու ամեն պարագաներում Անդրանիկ մնում էր տիրական, իշխող ու հրամայող…»:
Զորավարն այդպիսին մնալու է բոլոր ժամանակներում: