Մեր կյանքում տեղի ունեցող շատ բաներ մենք չեն կարող վերահսկել: Մենք տառապում ենք դժբախտ պատահարներից եւ հիվանդություններից: Մենք կորցնում ենք մեր սիրելիներին: Մենք բացահայտում ենք, որ զուրկ ենք մեր երազանքն իրականացնելու տաղանդից կամ ընդունակությունից….
Չափազանց շատ են մարդիկ, որոնք այնքան էլ հաջողակ, արդյունավետ եւ բավարարված չեն, որքան կցանկանային, սակայն սխալմամբ կարծում են, թե իրենք լուծել են իրենց խնդիրները, հասել են իրենց հնարավորությունների սահմանին, եւ չկան նոր բարձունքներ, որոնք իրենք կկարողանային մագլցել: Նրանք հարմարվում են: Եվ իրենց հարմարավետ են զգում:
Թույլ տվեք ասելու ձեզ. դուք նույնիսկ չեք մոտեցել ձեր ներուժին: Դուք չեք հասել ձեր սահմանի եզրագծին: Եթե դուք պատրաստ եք հավատալու, որ դուք ավելի ներուժ ունեք եւ ջանալու եք առավելագույնս դա գործադրել, ապա դուք կզարմանաք, թե ինչ նվաճումների եք հասնելու: Որպես սկիզբ՝ դուք պետք է հեռացնեք մարդկանց կյանքին բնորոշ երկու հիմնական սահմանափակումը:
Առաջինը ուրիշներն են դնում մեզ վրա: Մարդիկ դրանք գլխարկի պես են դնում ձեզ վրա: Դուք նույնիսկ տեղյակ չեք դրանցից մի քանիսի մասին: Բայց դուք չպետք է թույլ տաք, որ ուրիշների թերահավատությունը վճռորոշ լինի ձեզ համար: Թույլ մի տվեք այլոց սահմանափակելու ձեզ եւ սահմանելու ձեր ներուժը: Դուք չափազանց ջանադրաբար եք աշխատել հասնելու համար ձեր ներկային եւ չպետք է թույլ տաք, որ ուրիշները վերահսկեն, թե դուք ուր եք շարժվում: Եղեք բաց ձեր ընդոծին հնարավորությունների համար:
Մեզ բոլորից ավելի կաշկանդում են, թերեւս, մյուս սահմանափակումները, որոնք ինքներս ենք դնում մեր առջեւ: Բայց մենք չպետք է դրանց տեղ տանք: Չպետք է թույլ տանք մեզ կաշկանդելու: Չպետք է մշտապես կաշկանդված մնանք….
Գրազ եմ գալիս, որ դուք ավելիին կհասնեք: Եվ ձեզ, թերեւս, դուր է գալիս ձեր ներուժը մեծացնելու գաղափարը: Բայց դեռ կասկածնե՞ր ունեք: Եթե ցանկանաք, դուք կկարողանաք բազում պատճառներ գտնել չձգտելու համար ձեր ներուժի մեծացմանը: Ավելի դյուրին է եղածով բավարարվելը: Բայց դա չպետք է ձեզ կասեցնի: Փորձել կյանքը կառուցել առանց սահմանափակումները վերացնելու եւ սեփական ներուժը մեծացնելու նման է այն բանին, որ փոքրիկ ցախատանը մեքենա սարքես եւ հետո չցանկանաս ցախատան պատը քանդել մեքենան դուրս հանելու համար: Վերացրեք սահմանափակումները, եւ աշխարհը բաց է ձեր առջեւ….
Մենք ներուժի մասին սովորաբար խոսում ենք եզակի թվով: Բայց, թերեւս, սխալ է այդպես ընկալելը. ներուժն այդպես պատկերացնելը ինքնին էական սահմանափակում է…. Արդ, ես կկենտրոնանամ յոթ կարեւոր ասպարեզի վրա, որտեղ համադրվում են ինչպես անհատի տաղանդը, այնպես էլ նրա դիրքորոշումը. էներգետիկական ներուժ (ունակություն ֆիզիկապես առաջ շարժվելու), հուզական ներուժ (սեփական հույզերը կառավարելու ընդունակություն), մտավոր ներուժ (արդյունավետորեն մտածելու կարողություն), մարդկային ներուժ (փոխհարաբերություններ հաստատելու ունակություն), ստեղծագործական ներուժ (ընդունակություն՝ տեսնելու տարբերակները եւ որոնելու պատասխաններ), արտադրական ներուժ (արդյունքների հասնելու ընդունակություն) եւ առաջնորդության ներուժ (ուրիշներին ուղղորդելու եւ առաջնորդելու հատկություն)….
Դրանք մեկուսի չեն զարգանում, միասին են գործառում: Ուստի օգտակար կլինի դրանք քննարկել երկու տեսակետից: Նախ՝ ձեր ներուժի այս ասպարեզները կառուցակարգված են շերտաձեւ: Սա հիանալի հիմք է ստեղծում ձեր կյանքի համար: Սա նման է տունն ամուր քարի վրա կառուցելուն, այլ ոչ թե փափուկ ավազի….
Երկրորդ, ձեր ներուժի ասպարեզները կապված են միմյանց: Ամեն անգամ, երբ դուք ուժեղացնում եք որեւէ ասպարեզ, սա հնարավորություն է ստանում սիներգետիկ ազդեցություն գործելու այլ ասպարեզի վրա: Օրինակ՝ եթե մեծացնում եք ձեր էներգետիկ ներուժը՝ ֆիզիկապես ավելի դյուրին շարժվելու համար, դրանով մեծացնում եք նաեւ ձեր առաջնորդության ներուժը, որը մյուսներին ոտքի հանելու եւ ուղղորդելու կարողությունն է, մեծանում է ձեր ընդհանուր արդյունավետությունը: Իսկ եթե անպատեհ կերպով սպառվում է ձեր էներգիան եւ դադարում եք շփվել մարդկանց հետ, մինչդեռ դրա կարիքն իսկապես ունեք, դուք ջանում եք թափ տալ ձեզ՝ վերստին շփվելով մարդկանց հետ եւ վերագտնում եք ձեր լավագույն մարզավիճակը….
Ես կուզենայի, որ ավելի շատ մարդ նույն հետեւողականությամբ ընկղմվեր իր անհատականության մեջ, ինչպես որ նա վարվում է իր հեռախոսները եւ նոթբուքերը ցանցին վերալիցքավորման համար միացնելիս: Եթե նրանք այդպիսին լինեին, ապա կտեսնեին իրենց կյանքում արդյունավետության եւ բավարարվածության նոր մակարդակներ….
Գրեթե ամեն ինչ կարող է ավելացնել ձեր էներգիան, քանի դեռ դրական է ազդում ձեզ վրա: Կարեւորն այն է, որ այդ առարկաները պահեք ձեր կողքին: Կենսականորեն կարեւոր է հնարավորինս մեծացնել ձեր էներգիան: Հույժ կարեւոր է նաեւ ունեցած էներգիան խելամտորեն օգտագործելը, երբ դրա կարիքն ունեք եւ պահպանելը, երբ կարիքը չունեք: Եվ գիտցեք այս երկուսի տարբերությունը…. Սկսեցեք սեւեռուն ուշադրություն դարձնել այն բանին, թե ինչն է ավելացնում կամ նվազեցնում ձեր էներգիան եւ կատարեք շտկումներ ձեր անելիքներում: Հնարավորինս նվազեցրեք էներգիայի կորուստները: Հպվեք այն բաներին, որոնք մեծացնում են ձեր էներգետիկ կարողությունը: Եվ ուղղորդեք ձեր էներգիան ձեզ համար կարեւորագույն բաներին: Հավատացեք ինձ՝ դա կփոխի ձեր կյանքը….
Հուզական ներուժը անհատի կարողությունն է հաղթահարելու անհաջողությունները, ձախողումները, քննադատությունը, փոփոխությունները եւ ճնշումը: Բոլոր այս բաները մեր կյանքում սթրես են ծնում…. Այդուհանդերձ, հուզականորեն ուժեղ մարդիկ կարողանում են կառավարել իրենց զգացմունքները եւ հաղթահարել դժվարությունները: Այդկերպ նրանք ընդլայնում են իրենց հնարավորությունները եւ ընդհուպ մոտենում իրենց ներուժի լիարժեք գործադրմանը…. Ընտրությունը միշտ մերն է: Մենք կա՛մ մշտապես աշխատում ենք տնօրինել մեր հույզերը, կա՛մ շարունակ գտնվում ենք դրանց տիրապետության ներքո…. Վերահսկել այն, ինչը կարող ես եւ զուր էներգիա չվատնել այն բանի վրա, ինչը չես կարող. սա՛ է ամենակարեւոր դասերից մեկը, որը մենք կարող ենք սովորել կյանքում: Հուզականորեն ուժեղ մարդիկ զուր չեն ծախսում իրենց էներգիան, երբ լռվում են խցանումների մեջ, կորցնում ուղեբեռը կամ հայտնվում փոթորկի մեջ: Նրանք գիտակցում են, որ դրանք իրենց վերահսկողությունից դուրս են: Փոխարենը նրանք կենտրոնանում են այն բանի վրա, ինչը կարող են վերահսկել….
Մարդկանց մեծամասնությունը չի գիտակցում լավ մտածողության արժեքը: Նրանք ունեն մտքեր, բայց բարձիթողի են անում դրանք: Մինչդեռ, եթե դուք գնահատում եք լավ մտքերը, ապա դա առավել արժեքավոր է դարձնում ձեր մտածողությունը: Սա է ձեր մտածողության ներուժը մեծացնելու մեկնարկային կետը…. Որեւէ գաղափարից առավելագույն օգուտ քաղելու համար ձեզ հարկավոր է ոչ միայն խորհել ու գրառել դա, այլեւ խոսել դրա շուրջ…. Գաղափարը գրառելը ձեր մտածողությանը ինտելեկտուալ կշիռ է տալիս, խոսելը դրան հուզական կշիռ է տալիս: Դա ագուցում է ձեր մտածողությունը ձեր սրտին…. Հաճախ, երբ դուք փորձում եք բանավոր մանրամասնել որեւէ գաղափար, դուք վերջինս նաեւ ընդլայնում եք…. Ոչինչ ավելի լավ չի խթանում մտածողության բարելավումը, որքան հարցերը…. Հարցնելու բուն ընթացքը ընդլայնում է ձեր մտածողությունը, ձեր ընդունակությունները եւ ձեր ներուժը…. Սովորական եւ լավ մտածողների միջեւ տարբերությունը նման է սառցե խորանարդիկի եւ սառցալեռան միջեւ տարբերությանը….
Դուք չեք կարող մեծացնել ձեր հաղորդունակությունը, քանի դեռ չեք գնահատում մարդկանց եւ չեք հոգում նրանց մասին: Եթե դուք չեք սիրում մարդկանց, չեք հարգում, չեք հավատում նրանց արժանիքներին, ապա դա խոչընդոտում է հաղորդակցման հաջողությունը…. Չկա ավելի լավ եղանակ ցույց տալու մարդկանց, որ դուք նրանց հարգում եք, քան նրանց կարծիքը հարցնելը…. Ձեզ հասանելի դարձրեք ձեր կյանքում եղած մարդկանց համար: Եվ պատրաստ եղեք օգնության հասնելու, երբ նրանք դրա կարիքն ունենան…. Երբեմն ձեզ հարկ չկա մի բառ իսկ ասելու: Պարզապես ներկա եղեք: Պարզապես հասկացրեք այլոց, թե ինչ նշանակություն ունեն նրանք ձեզ համար…. Ջանացեք մարդկանց տեսնել այնպիսին, ինչպիսին նրանք կարող էին լինել, այլ ոչ թե անպայման այնպիսին, ինչպիսին կան: Երբ դուք հավատում եք մարդկանց մեջ եղած լավագույնին, ապա դուք չեք զգում նրանց ուղղորդելու կամ ուղղելու ցանկություն: Ուրիշների մեջ եղած լավագույնին հավատալը միշտ էլ ճիշտ վարվելակերպ է, անգամ եթե դա ենթադրում է, որ դուք միշտ չէ, որ ճիշտ եք: Մարդն ավելի է հակված լինում փոփոխվելու, երբ մեկ այլ մարդ հավատում է իրեն, քան եթե մարդիկ իրեն հավատ չեն ընծայում….
Ըստ տարածված կարծիքի, մենք բոլորս էլ ծնվում ենք ստեղծագործ, բայց մեծամասնությունը կորցնում է այդ ստեղծարար ունակությունը մեծանալու հետ մեկտեղ: Բայց դուք կարող եք վերածնել ձեր մեջ արդեն առկա ստեղծարար ներուժը, եւ ավելին՝ կարող եք գտնել ստեղծագործելու նոր արահետներ…. Եթե դուք ցանկանում եք մեծացնել ձեր ստեղծագործական ունակությունը, դուք դա կարող եք անել: Դուք կարող եք սովորեցնել ձեզ տեսնելու նոր հնարավորությունները, որոնելու պատասխաններ: Դուք կարող եք դառնալ մշտապես տարբերակներ առաջարկող մեկը: Եվ դուք կարող եք աշխատել ուրիշների հետ՝ դառնալու հնարամիտ եւ նորարար: Եթե դուք կարողանաք դա համատեղել արդյունավետության հետ, ապա իսկապես ընդունակ կլինեք ընդլայնելու ձեր հնարավորությունները….
Արդյունավետության ներուժը հնարավոր է առավելագույնս մեծացնել, եթե դուք իսկապես մտադրված լինեք դա անելու, անկախ ձեր օժտվածության մակարդակից: Եթե պատրաստակամ եք աշխատելու դրա համար, ապա դուք հաջողակ եք լինելու…. Արդյունավետ մարդիկ մշտապես ջանում են ավելի լավը դառնալու եւ գործելու լավագույն եղանակները գտնելու: Այն վայրը, որտեղ հանդիպում են այսօր եւ վաղը, ձեզ համար դրական փոփոխություններ կատարելու վայրն է: Միակ ժամանակը, որը դուք իսկապես կարող եք վերահսկել, ներկան է: Դուք չեք կարող փոխել երեկը: Դուք չեք կարող վերահսկել վաղը: Բայց դուք կարող եք ընտրել, թե ինչ եք անում այսօր՝ հանուն այն բանի, որ ձեր կատարած ընտրությունը կբարելավի վաղվա իրավիճակը:
Առաջնորդի՝ թիմի անդամներին մատուցած ամենամեծ նվերն այն է, որ նա ցույց է տալիս, թե ինչպես է գնահատում եւ հավատում նրանց: Եթե ես, որպես ձեր առաջնորդ, չեմ գնահատում ձեզ, նշանակում է, որ ես ձեզ ձեռնածության եմ ենթարկում հօգուտ իմ շահերի, փոխանակ ներդրում անելու ձեր մեջ՝ հանուն ձեր շահերի: Ուստի, մարդկանց ակնկալիքները ձեւավորելիս, ես պետք է հստակորեն հաղորդեմ նրանց, թե որքան եմ իրենց գնահատում որպես անհատների, այլ ոչ միայն որպես թիմի անդամների…. Բարելավումն անհնարին է առանց փոփոխություններ կատարելու: Ոչ ոք չի կարող նույն տեղում մնալ եւ միաժամանակ հուսալ հասնելու ավելի բարձր մակարդակի: Փոփոխության պատրաստակամությունն այն գինն է, որը մենք վճարում ենք առաջընթացի համար: Լավ առաջնորդը օգնում է մյուսներին ըմբռնելու եւ ընդունելու այդ գինը: Դուք չեք կարող նրանց փոխարեն կատարել փոփոխությունը, բայց կարող եք օգնել նրանց տեսնելու փոփոխության անհրաժեշտությունը, աջակցելու եւ քաջալերելու նրանց….
Եթե դուք գիտեք ինքներդ ձեզ եւ կատարելագործվելու ձեր ունակությունը, եթե զարգացնում եք արդեն ունեցած ձեր ընդունակությունները, եւ եթե ամեն օր տրամադրված եք կատարելու ընտրություն հօգուտ կատարելագործման, ապա դուք կհասնեք ձեր ներուժի լիարժեք գործադրմանը:
Հատված Ջոն Մաքսվելի «Ձեր ներուժի զորությունը» գրքից:
Թարգմանությունը անգլերենից Վ. ՄԻՐԶՈՅԱՆԻ