Փիլիսոփայության պատմությանը վերաբերող ինձ հայտնի աշխատությունների մեծամասնության մեջ փիլիսոփայական համակարգերն այնպես են մատուցվում, կարծեք թե դրանք մեկը մյուսից են բխում՝ որպես միմյանց անհրաժեշտ հետեւանք, այնինչ դրանց հեղինակ փիլիսոփաները թվում են անէական եւ հազիվ են հիշատակվում: Երկրորդական նշանակություն է տրվում փիլիսոփաների՝ փիլիսոփայող մարդկանց կենսագրությանը: Մինչդեռ հատկապես դա, այսինքն՝ փիլիսոփաների անձնական կենսագրությունն է, որ մեզ առավել մեծ աստիճանով օգնում է հասկանալու նրանց բուն փիլիսոփայությունը:
Փիլիսոփայությունը բավարարում է մեր պահանջմունքը՝ ձեւավորելու աշխարհի եւ կյանքի մասին միասնական ու ամբողջական մի հայեցակարգ, որի զգացումը մեր մեջ գոյացնում է ներքին հակվածություն, ապա եւ մղում գործողու-թյան: Բայց այնպես է ստացվում, որ այդ զգացումը, փոխանակ լինի հայեցակարգի հետեւանքը, դառնում է դրա պատճառը: Մեր փիլիսոփայությունը, այսինքն՝ աշխարհի եւ կյանքի ըմբռնման կամ չըմբռնման մեր եղանակը ծագում է բուն կյանքի մեր զգացումից, որն արմատավորված է լինում ենթագիտակցականի կամ էլ, թերեւս, անգիտակցականի ոլորտում: Սխալ է ասել, թե մեր գաղափարները մեզ դարձնում են լավատես կամ հոռետես. ընդհակառակը, մեր լավատեսությունը կամ հոռե-տեսությունն են (լինի վերջինս փիլիսոփայական, թե ախտաբանական) ստեղծում մեր գաղափարները:
Փիլիսոփայությունն ամեն մի փիլիսոփայի մարդկային արգասիքն է, իսկ ամեն մի փիլիսոփա միս ու արյունից մարդ է, որը դիմում է իր պես, միս ու արյունից մարդկանց: Եվ ուզի, թե չուզի, նա փիլիսոփայում է ոչ միայն բանականությամբ, այլեւ կամքի, հույզերի, միս ու արյան միջոցով, ամբողջ հոգով ու ամբողջ մարմնով: Մարդն է փիլիսոփայում….
Արդ, ի՞նչ նպատակով են մարդիկ փիլիսոփայում: Այսինքն՝ հանուն ինչի՞ են նրանք հարցում անում իրերի նախասկզբի եւ վերջնական նպատակների մասին: Լավ, հասկանալի է, մարդիկ իրենց իսկ բնույթով ձգտում են իմացության: Բայց հանուն ինչի՞:
Փիլիսոփաները որոնում են իրենց աշխատանքի՝ փիլիսոփայելու տեսական կամ իդեալական ելակետը, բայց, որպես կանոն, նրանք անտեսում են իրենց պարտականությունը՝ գտնելու սեփական փիլիսոփայության, դրա նպատակի գործնական եւ իրական ելակետը: Ի՞նչ իմաստ ունի ստեղծել փիլիսոփայություն, մտորել դրա շուրջ, ապա շարադրել իր մերձավորների համար: Ի՞նչ է փնտրում փիլիսոփան փիլիսոփայության մեջ, ի՞նչ է ուզում նրանից: Ճշմարտություն հանուն ճշմարտությա՞ն: Ճշմարտություն հանուն այն բանի, որ դա դրվի մեր վարքագծի հիմքո՞ւմ եւ դրանո՞վ պայմանավորվի մեր հոգեւոր դիրքորոշումը, վերաբերմունքը կյանքի եւ տիեզերքի հանդեպ….
Բուն ելակետում՝ գործնական, այլ ոչ տեսական ելակետում, ամեն մի փիլիսոփայության համար կա ինչ-որ մի «հանուն»: Փիլիսոփան փիլիսոփայում է ոչ միայն հանուն փիլիսոփայելու: Ըստ հին լատիներեն ասույթի՝ «Primum vivere, deinde philisophari»: Իսկ քանի որ փիլիսոփան նախ մարդ է, ապա նոր միայն փիլիսոփա, նա պետք է ապրի, միայն այդ դեպքում կարող է փիլիսոփայել, եւ փաստորեն նա փիլիսոփայում է հանուն ապրելու: Որպես կանոն, նա փիլիսոփայում է կա՛մ կյանքի հետ հաշտվելու համար, կա՛մ գտնելու համար կյանքում որեւէ իմաստ, կա՛մ շեղվելու եւ իր ձախորդությունները մոռանալու համար, կա՛մ էլ մարզական հետաքրքրու-թյամբ եւ վասն զվարճության: Վերջինիս լավագույն օրինակ է ծառայում Սոկրատեսը, աթենացի այդ անտանելի հեգնաբանը….
Պատրաստել է Վ. ՄԻՐԶՈՅԱՆԸ