Հայոց առածանու խորախորհուրդ պատվիրանների մեջ այս ասացվածքն առանձնանում է վարքակարգավորիչ իր զորությամբ. հիրավի, կարող ենք վստահաբար ասել, որ սա մարդկային խոսքի անհատական եւ հանրային գործածության զուտ հայկական ընկալումն է, մեր նախնիների ամենաարժեքավոր պատգամներից մեկը, եւ այսօր էլ լավագույնս արտահայտում է խոսքային բնականոն հաղորդակցման բարոյական գերագույն հրամայականը:
Առհասարակ, մենք միմյանց գնահատելիս գործածում ենք տարբեր բնորոշիչներ: Ընդ որում, երբ հարկ է լինում որեւէ մեկին առավելագույնս հակիրճ բնութագրել, մենք մեկ բառով իսկ փորձում ենք արտահայտել տվյալ մարդու կենսակերպի առավել հատկանշական կողմը: Ասում ենք, օրինակ, որ այս մարդը «բարեխիղճ» է, մյուսը՝ «աշխատասեր», երրորդը՝ «վստահելի», չորրորդը՝ «համարձակ», հինգերորդը՝ «բարյացակամ» եւ այլն: Բացասական հատկություններն էլ պակաս գործածական չեն. մարդիկ, ցավոք, լինում են նաեւ «խորամանկ», «երկերեսանի», «չարակամ», «անգութ», «խոստումնազանց» եւ այլն:
Նույն կերպ մենք շատ ենք կարեւորում մարդու վերաբերմունքը սեփական խոսքին. իր խոսքի, խոստումի տե՞րն է, թե՞, ընդհակառակը, դյուրին խոստանում է, բայց «մոռանում» է, «խոսքը գետնովը տալիս»: «Խոսքի տեր» լինելը մարդուն տրվող ամենաբարձր գնահատականներից է. չէ՞ որ դա նշանակում է, որ այդ մարդը հաստատակամ է, հետեւողական, իր խոստումի կատարմանը հետամուտ:
Ի դեպ, սեփական «խոսքին տեր» լինելը որպես դարձվածք հանդիպում է շատ լեզուներում՝ ֆրանսերեն («homme de parole»), ռուսերեն («хозяин своего слова»), անգլերեն («a man of his word»), գերմաներեն («ein Mann von Wort»), իսպաներեն («hombre de palabra»)…
Եվ գաղտնիք չէ, որ «խոսքի տիրոջ» համբավ ունեցողին մենք անվերապահորեն վստահում ենք բոլոր տեսակի փոխհարաբերություններում՝ գործարար խնդիրներ լինեն, թե զուտ անհատական հարցեր, քաղաքական գործչի ասածին հետեւելուն վերաբերի, թե ներկազմակերպական ընդհարումը դադարեցնելու մասին բանավոր պայմանավորվածությանը:
Ինքնին հասկանալի է, որ գնահատումների մեջ անհնարին է խուսափել սուբյեկտիվային պահից. հնարավոր է, որ այս մարդը մեզ համար, մեր սեփական ընկալմամբ չարակամ, նախանձոտ, դաժան անձ է, իսկ ուրիշների, ասենք, իր մերձավորների համար՝ բարության եւ անշահախնդրության մարմնավորում: Եվ եթե այս հակադիր կարծիքի տեր մարդիկ փորձեն բանավիճել եւ կարողանան առանց բորբոքվելու (եթե իրոք կարողանան) հիմնավորել իրենց տեսակետը, մենք, կողքից դիտելիս, ամեն մի կողմի բերած համոզիչ փաստարկին կտեսնենք գրեթե նույն համոզկերության հակափաստարկ: Ահա թե ինչու միեւնույն քաղաքական գործիչը մեկի համար ձախողակ է, մյուսի համար՝ գրեթե փրկիչ:
Այդպես է, քանի որ մենք միմյանց գնահատում ենք ըստ մեր նախորդ կենսափորձով ձեւավորված կարծրատիպերի, պատկերացումների, արժեքային կողմնորոշումների, աշխարհայացքի, հաճախ նաեւ հենց մեր հանդեպ տվյալ մարդու ցուցադրած վերաբերմունքի: Հետեւաբար, այստեղ կիրառելի չեն բացարձակ չափանիշները. իսկն ասած՝ այդպիսիք գոյություն էլ ունենալ չեն կարող, քանի դեռ մենք չենք վերածվել ռոբոտների, եւ մեր հուզական աշխարհն էական դեր է խաղում մեր մտավոր գործողությունների, այդ թվում շրջապատի երեւույթների եւ մարդկանց տրվող գնահատականների մեջ:
Այդուհանդերձ, մարդկանց որոշ արարքներ կան, որոնք կարող են ստանալ բացարձակ, անվիճարկելի գնահատումներ: Օրինակ, երբ ասվում է, թե այսինչը «անպատասխանատու» մարդ է, ուստի եւ նրան չի կարելի լուրջ գործ վստահել, ապա նման եզրակացության հիմքում ընկած է լինում միանգամայն որոշակի պատճառահետեւանքային կապ. չէ՞ որ «պատասխանատվություն»՝ բառացի նշանակում է պատասխան տալ որեւէ ատյանի ինչ-որ բան անելու կամ չանելու համար: Արդ, եթե պատասխանատվության սուբյեկտը ինչ-ինչ պատճառներով պարբերաբար ձախողում է իր գործառույթի կատարումը, տվյալ ատյանը (վերադասը, ղեկավարությունը, կազմակերպության խորհուրդը, հանրությունը) համապատասխան եզրակացություն է կատարում:
Նույնը, այսինքն՝ պատճառահետեւանքային ակնհայտ կապից առաջացած եզրակացություն-գնահատականը վերաբերում է «խոստումնազանցությանը»: Իրոք, եթե տվյալ մարդը (մեր վերադասը կամ ստորադասը, գործընկերը, բարեկամը, հարեւանը, ծանոթը եւ այլն) մեզ ինչ-որ բանի մասին որեւէ խոստում՝ «խոսք» է տալիս, ապա դա, անտարակույս, նշանակում է, որ նա որոշակի հարցում կամովին հանձնառություն է ստանձնել՝ մեզ խոստանում է աջակցել (ընդառաջ գնալ, զորավիգ լինել, համագործակցության հեռանկար բացել, շահավետ գործարք առաջարկել): Մենք էլ վստահում ենք նրան եւ մեզ տված խոստումի լույսով ծրագրում ենք որոշակի անելիքներ, հնարավոր է նաեւ՝ ինքներս ենք վստահաբար ներառում դրանցում այլ մասնակիցների, գուցե եւ նախնական ծախսեր անում: Խոստումը, սակայն, չի կատարվում. տարբեր հիմնավորումներով կամ առանց որեւէ մեկնաբանության խոստումնատուն իր խոսքը չի պահում, իսկ երբեմն՝ չի էլ ընդունում խոստանալու փաստը (մանավանդ՝ եթե արված է եղել բանավոր եւ առանց ներկաների): Նմանին ընդունված է անվանել «խոստումնազանց», «խոստումնադրուժ», ավելի գործածական լեզվով՝ «ստախոս»:
Իսկ ո՞վ է այս պարագայում նմանօրինակ վարքագծի գնահատման ատյանը. թվում է՝ զուր հույսեր փափագողը, պարզ ասած՝ «խաբվածը»: Այդպես չէ, ավելի ճիշտ՝ այդպես է սոսկ մասնակիորեն: Գնահատման ատյանը հանրությունն է, քանի որ խոսքը բնավ էլ սոսկ անհատական սեփականություն չէ. դու կարող ես լինել բարեխիղճ կամ անբարեխիղճ՝ սա անձնական ընտրության հարց է, իսկ խոսքի գործածության հետեւում ի վերջո ամբողջ լեզվական հանրությունն է կանգնած: Խոսքի արժեքը, խոստումի արժեքը, սեփական խոսքին տեր կանգնելու պատասխանատվությունը, խոստումը ոչ մի գնով չմերժելու արժանապատվությունը հանրության արժեքային համակարգի բաղադրիչներից են, ուստի եւ արձագանքը համարժեք է լինում: Վերջինիս մենք տեսնում ենք, մասնավորապես, հայոց առածանու վարքակարգավորիչ ձեւակերպումների մեջ. «Խոսքը բերնիդ է, դու ես տերը, դուրս եկավ, ինքն է քո տերը»:
Առհասարակ, խոսքային զգուշավորության, զսպվածության, անհարկի եւ անհիմն խոստումներից զերծ մնալու անհրաժեշտությունն արձանագրված է շատ ժողովուրդների առածների եւ ասացվածքների մեջ: Նետված քարն ու խոսքը հետ չեն դառնում՝ զգու¬շաց¬նում է իս¬պա¬նե¬րեն ասացվածքը («Palabra y piedra suelta no tienen vuelta»): Ֆրանսերենն էլ է պնդում, թե նետված խոսքը թռչում է («Parole jetռe prend sa volռe»): Ըստ ռուսերենի՝ խոսքը ճնճղուկ չէ. դուրս թռավ՝ էլ չես բռնի («Слово не воробей, вылетит – не поймаешь»), եւս մեկը կրկնում է հայերեն ասացվածքի միտքը, թե խոսք ես տվել, տեր կանգնիր («Слово давать, так слово держать»):
Իսկ Շեքսպիրի «Ինչպես կուզեք» պիեսի կերպարներից մեկը զրուցակիցներին վստահեցնելու համար, թե ինքը հաստատապես իր խոսքի տերն է, գործածում է շատ տպավորիչ մի դարձվածքային արտահայտություն, բառացի՝ ես չեմ ուտի իմ խոսքը («I will not eat my word»):
Իհարկե, մեկը մյուսին «խոսք տալը» անխուսափելիորեն տարբեր պարագաներում է լինում. ինքնին հասկանալի է, որ հոգեբանորեն մեծ տարբերություն կա տվյալ պահին անկեղծորեն խոստում տալու եւ հետագայում չկատարելու իրողության (անկախ պատճառներից) եւ հենց խոստում տալու պահին՝ այն հետագայում հաստատապես չկատարելու դիրքորոշման միջեւ:
Հիշենք, օրինակ, թե ինչպես իր պարծենկոտ խոսքի գերին դարձավ Եզո¬պոսի տերը՝ փիլիսոփա Քսանթոսը, երբ գինովցած խոստացավ ու նաեւ գրազ եկավ, թե իբր կարող է ծովը խմել: Իր հնարամիտ ստրուկի խորհրդով Քսանթոսը փրկվեց, երբ ինքը կարողացավ նեղը գցել վիճարկուին՝ վերջինիս դարձյալ խոսքով որ¬սալով, թե ինքը խոստացել էր միայն ծովի ջուրը խմել, այլ ոչ նաեւ ծովի մեջ թափվող գետերինը: Ամեն անզգույշ խոսողի մի-մի Եզոպոսով անհնար է ապահովել, ուստի ավելի լավ է քիչ խոսել եւ, իհարկե, խոստումներ քիչ շռայլել:
Իսկ ահա խոստումնամոլ իմաստակի ցայտուն մարմնավորումը Պերճ Պռոշյանի կերտած Միկիտան Սաքոն է, որի կեղծ խոստումները, նեղ վիճակում գտնվողին (հաճախ հենց Սաքոյի խարդավանքների պատճառով) իբր ամեն կերպ պատրաստակամ օգնելու մասին փուչ, բայց ինքնին գրավիչ խոսքը դյուրին մոլորեցնում են ամենից սթափ դատող մարդկանց իսկ:
Այդպիսի վարքագիծը, այսինքն՝ երբ մարդը միտումնավոր է խոսքը դրժում, գրականության մեջ ընդունված է համարել մաքիավելականության դրսեւորումներից մեկը: Հիրավի, ինչպես տեր չկանգնել սեփական խոսքին, դրժել խոստումը եւ գտնել դրա համար առերեւույթ համոզիչ հիմնավորումներ՝ մի ամբողջական «տեխնոլոգիա» է հրամցնում Նիկոլա Մաքիավելին նենգամիտ իշխանավորին. վերջինս «պարտավոր չէ կատարել իր տված խոստումը, եթե դա շրջվում է իր իսկ դեմ», մանավանդ նա միշտ էլ «կգտնի օրինական հիմքեր խոստման դրժումը գունազար¬դելու համար»:
Առերեւույթ սա, կարծեք, երբեմն վարվելակերպի արդարացված ճկունությունն է, փոփոխված հանգամանքների թելադրանքը, եւ բազում դեպքերում ճկուն գործելակերպը գերադասելի է քարացածից, բայց բնավ այդպես չէ «խոսքի տերը լինելու» եւ «խոսքը գետնին գցելու» հակադրության լույսով: Սա կա՛մ-կա՛մ իրավիճակն է, եւ միջին լուծումը չկա: Մաքիավելիի իշխանավորին մենք կարող էինք հիշեցնել հայոց առածանու նախազգուշացումը. «Աստոծ օխնել ա «հան», օխնել ա «չեն», անիծել ա «հա ու չեն»»:
Արդ, երկու դեպքում էլ գնահատող ատյանից ակնկալվող խոսքային պատասխանատվությունը միեւնույնն է. չէ՞ որ խոսքն է քո «տերը», ուստի «տիրոջդ» կամքին պիտի ենթարկվես՝ խոստումդ ամեն գնով կատարես կամ հանգամանորեն բացատրես կատարման օբյեկտիվ անհնարինությունը եւ ներողամտություն հայցես (գուցե նաեւ փոխհատուցես քո խոստումնազանցությունից ածանցված ծախսերը): Համապատասխանաբար՝ խոսքային անպատասխանատվությունն իր բոլոր արդարացում-հնարքներով հանդերձ (հիշողության ընտրողական «կորուստը», խոսքի դրժումը իմաստակություններով քողարկելը, անմեղսունակության աստիճանի անտարբերությունը եւ այլն)՝ մեզ հիմք է տալիս տվյալ մարդու մասին ոչ բարենպաստ կարծիք կազմելու: Այդպիսին կա՛մ անսկզբունքային խոստումնամոլ է, տեղի-անտեղի հակված է խոստումներ շռայլելու (այդ կերպ շրջապատում թեկուզ վաղանցիկ հեղինակություն վայելելու, պատկառազդու կեցվածք ընդունելու համար), կա՛մ նենգամիտ աճպարար, որը փորձում է խոսքային հաղորդակցումը վերածել ունկնդրի ձեռնածության, հնչեցրած խոստումների միջոցով դիմացինին իր շահերի համար օգտագործել:
Հայոց իմաստուն առածանին աչքաթող չի արել խոսքի անարժան գործածության այս եղանակները. «Մանր տրեխով՝ մեծ ռեխով», «Բերանդ բանալուն, աչքդ բաց», «Լեզուն լագ-լագ, գլուխը ծակ-ծակ», «Ըսելու ու ընելու մեջ սար ու ձոր կա», «Գեշ կեր, գեշ մի՛ ըսեր «Լեզվիդ չափ ու չվան դիր»… Մարդկային խոսքի աստվածատուր շնորհքը հայոց առածանին պահանջում է գործադրել մարդավայել եւ աստվածահաճո ձեւով. «Լեզվի պարտքը խեր խոսալն ա»:
Արդ, անպատվաբեր բնութագրումներից խուսափելու համար ամեն ոք որեւէ մեկին ինչ-որ առիթով «խոսք տալուց» առաջ արժե որ հիշի դրանք եւ խոսքային հաղորդակցման մեջ առավելագույն զգուշավորություն եւ պատասխանատվություն դրսեւորի:
Վալերի ՄԻՐԶՈՅԱՆ, փ.գ.դ., պրոֆեսոր