* «Ամենակարեւոր բանը, որ ես շարունակ կրկնում եմ` Ձեր աչքը պահեք գործի՛ վրա, ոչ թե ձեր «եսի»: Գո՛րծն է էականը, Դուք նրա ծառան եք» (Փիթեր Դրաքեր):
* «Ես արագ եմ գործում, իմ նվագախմբին «ալեգրո» նշանն եմ ցույց տալիս: Իմ ընկերությունը նվագախումբ է, իսկ ես՝ նրա դիրիժորը: Ես հրաշալի գիտեմ, թե որքան կարեւոր է մշտապես շարժման էներգիան, եթե նույնիսկ վատ տրամադրության մեջ ես: Իմ թիմը, անտարակույս, հետեւում է ինձ: Սովորեք պահպանել սեփական տեմպը. թող դա լինի ձեր ներքին մետրոնոմը, որը կհաշվարկի ժամանակը, ինչ էլ որ շրջապատում կատարվի» (Դոնալդ Տրամպ):
* «Կառավարման համար չկա ավելի կարեւոր բան, քան անկեղծությունն է: Մի՛ երեւակայեք, թե կարող եք թոզ փչել ձեր աշխատակիցների աչքերին: Նրանք խորաթափանց են եւ միշտ ունակ են նկատելու կեղծավորությունը» (Սիրլ Փակինսըն, Մինոու Ռաստամջի):
* «Լավ կառավարիչ լինելու համար Դուք մշտապես հավաք ու համառ պիտի լինեք: Այդ դեպքում Դուք ձեր խնդիրները շատ դյուրին կլուծեք: Ձեր ամենօրյա աշխատանքը հենց բարդ խնդիրներն են: Վերջիվերջո, դրա համար էլ Դուք եք ղեկավարը: Սովորական, շարքային խնդիրները Ձեր ենթակաների համար են» (Սիրլ Փակինսըն, Մինոու Ռաստամջի):
* «Ղեկավարը աշխատավարձ է ստանում այն բանի համար, որ իրագործում է տվյալ կազմակերպության կառավարումը եւ ապահովում դրա ղեկավարությունը, ուստի նա իր աշխատաժամանակի մեծ մասը պետք է հատկացնի այս կամ այն կառավարչական գործունեությանը: Կառավարել՝ նշանակում է գլխավորել, ուղղորդել, ղեկավարել, գնահատել, ինչպես նաեւ զբաղվել գործունեության մյուս բոլոր տեսակներով, որոնք ենթադրում են անմիջական հաղորդակցում ենթակաների հետ» (Ռալֆ Ջոնսոն):
* «Լավ կառավարիչը չի փորձում այլ մարդ դառնալ: Նա գիտե իր ուժեղ եւ թույլ կողմերը եւ ընդունում է դրանք՝ չուռճացնելով եւ չնվազեցնելով» (Իցհակ Ադիզես):
* «Ես ավելի եմ վախենում հարյուր ոչխարից կազմված այն բանակից, որին առյուծ է առաջնորդում, քան թե հարյուր առյուծից այն բանակից, որին ոչխարն է առաջնորդում» (Շառլ-Մորիս Թալեյրան):
* «Ձեռնարկությունը կենսունակ է միայն այնքանով, որքանով նա զարգացնում է իր աշխատակիցների տաղանդը եւ աշխատունակությունը, քանի որ միայն դրանց միջոցով է ձեռնարկությունը գործառում» (Հենրի Ֆորդ):
* «Մենք ջանում ենք մեր աշխատակիցներին տարվա մեջ մոտավորապես երկու անգամ փոխադրել նոր աշխատանքի: Բայց եռանդուն, աճող աշխատակիցներին ավելի հաճախ ենք հնարավորություն տալիս ձեռնարկության ներսում աշխատատեղը փոխելու՝ իրենց մակարդակին ավելի համապատասխանը գտնելու համար: Դրանից կրկնակի օգուտ ենք ստանում. մարդը սովորաբար գտնում է իրեն ավելի բավարարող աշխատանք, միաժամանակ կադրերի բաժինն է հնարավորություն ստանում հայտնաբերելու այն կառավարիչներին, որոնցից ենթակաները խուսափում են» (Ակիո Մորիտա):
* «Պարզ կանոնները մարդկանց հնարավորություն են ընձեռում կայացնելու արագ եւ բավական ստույգ որոշումներ, որոնք ավելի քիչ ջանքեր են պահանջում, քան բարդ որոշումները: Երբ ժամանակը սուղ է կամ տեղեկատվությունն է նվազագույն, օրինակ՝ իրավիճակի նախնական զննման պահին, ապա այդ գործնական կանոնները կարող են փրկել դրությունը: Պարզ կանոնները գործում են, քանի որ դրանք կենտրոնացած են լուծելիք խնդրի հանգուցային կետերի վրա եւ անտեսում են հարակից նկատառումները: Գործադրելով պարզ կանոններ՝ մարդիկ կարող են աշխատել առանց ամեն պահի պարբերաբար ընդհատելու աշխատանքը եւ վերանայելու կայացված որոշումը» (Դանլդ Սալ, Քաթլին Այզենհարթ):
Պատրաստել է Վ. ՄԻՐԶՈՅԱՆԸ