230 տարի առաջ այս օրը՝ հոկտեմբերի 13-ին, սկսվեց Վաշինգտոնի Սպիտակ տան շինարարությունը: Այդ կառույցը եղել է եւ մնում է ԱՄՆ բոլոր նախագահների պաշտոնական նստավայրը, բացառությամբ Ջորջ Վաշինգտոնի, որի պաշտոնավարման ժամանակահատվածում Սպիտակ տունը դեռ գոյություն չուներ: «Սպիտակ տունը» պաշտոնական անվանում դարձավ միայն 1901 թ. Թեոդոր Ռուզվելտի հրամանով։
Շենքի անվանումից Սպիտակ տունը վաղուց արդեն վերածվել է շատ ավելի ազդեցիկ արտահայտության: Քաղաքական ու լրագրողական ամենայն շրջանակներում «Սպիտակ տուն» արտահայտությունն օգտագործվում է որպես ԱՄՆ նախագահի վարչակազմի հոմանիշ, այնպես ինչպես Կրեմլը, Ելիսեյան պալատը, Բուքինգեմյան պալատը եւ այլն: Սակայն, օրինակ, Արգենտինայի նախագահի նստավայր Casa Rosada-ն (Վարդագույն տուն) կամ Palace Cheonwadae-ն (Կապույտ տուն)՝ Հարավային Կորեայի նախագահի պաշտոնական նստավայրը, այդպես էլ մնացել են որպես հենց տվյալ շենքերի անվանումներ:
Եվ դա ինչ-որ տեղ նաեւ բնական է, որովհետեւ, ի տարբերություն հիշյալ եւ մյուս կառույցների կամ նստավայրերի, Սպիտակ տունը դարձել է եղանակ թելադրող համաշխարհային մրցասպարեզում, որտեղ տեղի ունեցող քննարկումները եւ կայացվող որոշումները վերաբերում են ոչ միայն ԱՄՆ-ին եւ ամերիկյան ժողովրդին, այլեւ միջազգային իրադարձությունների կամ ազգերի եւ պետությունների ճակատագրերի…
Ի դեպ, 1993 թ. մոտավորապես այս օրերին, ավելի ճիշտ՝ 1993 թ. հոկտեմբերի 4-ին Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինի հրամանով տանկային գրոհ սկսվեց Մոսկվայում գտնվող Սպիտակ տան՝ Սովետների տան վրա, որտեղ այդ ժամանակ տեղակայված էր ՌՍՖՍՀ Գերագույն խորհուրդը: Հետագայում այնտեղ տեղափոխվեց Ռուսաստանի կառավարությունը: Ոչ պաշտոնապես այդ շենքը ժողովրդի մեջ ցայսօր էլ անվանվում է Սպիտակ տուն:
Ի տարբերություն այս Սպիտակ տան, վաշինգտոնյան Սպիտակ տունը զերծ է մնացել նման ճակատագրից: Թեպետ ամերիկյան կինոարդյունաբերությունը ձեռնպահ չի մնացել նաեւ այս թեմայից՝ ի դեմս Ռոլանդ Էմիրիխի «Սպիտակ տան անկումը» ( White House Down) մարտաֆիլմի, որը Սպիտակ տան վրա երեւակայական գրոհի մասին է: Փոխարենը՝ 2021 թ. հունվարի 6-ին Վաշինգտոնում իրական գրոհի ենթարկվեց Կապիտոլիումի բլրին գտնվող Կոնգրեսի շենքը, երբ պաշտոնից հեռացող նախագահ Դոնալդ Թրամփի ավելի քան 30 հազար կողմնակիցներ հավաքվեցին Վաշինգտոնի կենտրոնում…
Գագիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ