Ի՞նչ անել…. Այս հարցը հնչել ու հնչելու է բոլոր ժամանակներում։ Հնչելու է, որովհետեւ միշտ էլ ծագելու են խնդիրներ, որոնք հասարակության մի մասը համարելու է լուծված, մեկ այլ մասը՝ դեռեւս լուծման կարիք ունեցող, ոմանք՝ անլուծելի, ոմանք էլ՝ անհեթեթ եւ այլն…
Արդի ժամանակներում որպես հեղափոխական այլեւս անարժեք Վլադիմիր Լենինի ,Ի՞նչ անելե աշխատությունը, որը ժամանակին ուղեցույցային նշանակություն ուներ, գրվել է 120 տարի առաջ, ռուս փիլիսոփա եւ հրապարակախոս Նիկոլայ Չեռնիշեւսկու համանուն վեպը՝ 160 տարի առաջ: Բայց դա չի նշանակում, թե այդ հարցադրումը դրանից առաջ գոյություն չի ունեցել, կամ մարդիկ այդ ուղղությամբ չեն մտածել։
Կարեւոր չէ, թե ինչին կամ որ ոլորտին է վերաբերում այդ հարցը։ Ամենակարեւորը դրա պատասխանը, այսինքն՝ լուծումը գտնելն է։ Սա նշանակում է, որ մարդը ստիպված է լինելու մտածել, որպեսզի պատասխանը գտնի, որպեսզի ելքը գտնի, լուծումը գտնի։ ,Ի՞նչ անելե հարցն արդիական է բոլոր հասարակությունների, ազգերի, պետությունների համար։ Եթե նրանցից որեւէ մեկն այս հարցի կարիքը չունի, ուրեմն նա չի ուզում առաջ գնալ, զարգանալ, նորովի մտածել ու ապրել։ Եթե անհատի առջեւ դրված չէ ,ի՞նչ անելե հարցը, ուրեմն նա չի ուզում արարել, ստեղծել, ստեղծագործել, ի վերջո, չի ուզում վաստակել, փոխել ու փոխվել, եկամուտ ստանալ, ինչու չէ՝ չի ձգտում բարեկեցության…
Երբ հարց ես տալիս, թե ,ի՞նչ անելե, դու պարտավորված ես լինում նաեւ ճանապարհ գտնել, իսկ դրա համար, կրկնենք, պետք է մտածել։ 21-րդ դարը մտքի ու մտածողության դար է, մենք էլ մտածող ազգ ենք, համենայնդեպս, որպես ազգ մեր ունեցած ձեռքբերումները մեզ դա են հիշեցնում։ Այդ մասին հիշում է նաեւ աշխարհը՝ շնորհիվ այն վաստակի եւ նշանակալից հաջողությունների, որ ունեցել են եւ ունեն մեր հայրենակիցները տարբեր ժամանակներում, տարբեր երկրներում եւ տարբեր ոլորտներում։
Ուրեմն ինչո՞ւ պիտի չկարողանանք այսօր մեր առջեւ դնել ,ի՞նչ անելե-ը որպես խնդիր եւ պատասխան ու լուծում գտնել դրա համար՝ մտածելով, ձգտելով, աշխատելով, պայքարելով, կռվելով եւ, ի վերջո, արդյունքի հասնելով։ Ոչ մեր ազգի արգանդն է չորացել, ոչ էլ ուղեղն է բթացել, եթե, իհարկե, միտումնավոր չենք ուզում այդպիսին երեւալ, որ մեզ անօգնականի, անկարողի տեղ դնեն ու օգնություն ցույց տան, իսկ մենք էլ թվացյալ երանության մեջ վայելենք բնի մեջ մորից կեր սպասող թռչնի ձագի թվացյալ հաճույքը…
Գագիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ