Ֆրանկֆուրտի մայր տաճար կամ Սուրբ Բարդուղիմեոսի կայսերական տաճար՝ Մայնի Ֆրանկֆուրտի ամենամեծ տաճարը: Տաճարում նախկինում անցկացվել են Հռոմեական Սրբազան կայսրության կայսրերի թագադրման արարողություններ:
Իր գոյության ողջ ընթացքում տաճարը եղել է կայսերական եւ ոչ թե եպիսկոպոսության մայր տաճար: Նրա` որպես ազգային խորհրդանիշի ընկալումը կապված է Հռոմեական Սրբազան կայսրության քաղաքական-պատմական դերով: 19-րդ դարում տաճարը դարձել է գերմանական ազգի միավորման խորհրդանիշը: Տեղը, ուր վեր է խոյանում ներկայիս տաճարը, ժամանակին ընկած է եղել երկու գետերի միջեւ: Այս տեղանքը բնակեցված է եղել դեռեւս նեոլիթի շրջանում: Այն մշտապես բնակեցված է եղել առնվազն կելտերի շրջանից, այսինքն` վերջին 2.500 տարիների ընթացքում:
Հռոմեական կայսրության շրջանում տաճարի տեղում կառուցված է եղել կապելա (83-260 թթ.), այնուհետեւ՝ դաստակերտ, հետո էլ` շինություն, որ նախորդել է ներկայիս տաճարին` Մերովինգների պալատական կապելան (6-րդ դար), Կարոլինգների պալատական կապելան (8-9-րդ դարեր) եւ Փրկչի բազիլիկը (9-13-րդ դարեր): 13-րդ դարում շինությունների մի մասը վերաշինվել է: Հենց այդ ժամանակաշրջանն էլ կարելի է համարել ներկայիս տաճարի հիմնադրման սկիզբը:
Տաճարի վերջին ավերածություններից են 1867 թ. հրդեհը եւ ռմբակոծությունները Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Ամեն անգամ մասնակի ավերածություններից հետո տաճարը վերակառուցվել է: 1990-ական թթ. հայտնաբերվել է ազնվականական դասի աղջկա դամբարան, որ թվագրվում է 7-րդ դարին: Նրա վրա ամրացվել է հուշատախտակ: