ԶԼՄ-ների տեղեկացմամբ՝ «Air France» ավիաընկերության օդանավերից մեկում թռիչքի ժամանակ օդաչուների միջեւ վեճ եւ քաշքշուկ էր տեղի ունեցել այն բանից հետո, երբ նրանցից մեկը հարվածել էր մյուսին։ Օդաչուներին բաժանել էին բորտուղեկցորդները…
Մոտավորապես նմանատիպ իրավիճակ է նաեւ աշխարհաքաղաքական պայմանական օդանավում, մի տարբերությամբ, որ օդանավի երկու «կառավարիչները» նստած են տարբեր «խցիկներում», երկուսն էլ իրենց համարում են առաջին օդաչու, եւ վեճն էլ հենց այստեղ է՝ ո՞վ է առաջին օդաչուն, եւ ո՞վ պետք է հրամաններ տա: Նրանց վեճը դեռ չի հասել անմիջական քաշքշուկի, սակայն անուղղակի ընդհարումներն ու առաջնորդության համար պայքարն ակնհայտ են:
Երկու կողմից էլ ամեն ինչ արվում է ուղեւորներին իրենց կողմը գրավելու համար, այդ թվում՝ նաեւ նրանց միմյանց դեմ հանելու միջոցով: Այդ նպատակով գործի են դրվում բոլոր թույլատրելի եւ անթույլատրելի, տեսանելի եւ անտեսանելի, գաղտնի ու բացահայտ միջոցները: Այս պայմաններում ամենաբարդ ուղեւորների վիճակն է: Ըստ որոշ մասնագետների՝ օդանավում ամենաանվտանգը գլխամասում գտնվող տեղերն են, այդ պատճառով էլ հենց այդտեղի համար են ամենաթանկ՝ բիզնես կարգի տոմսերը: Սակայն պարզվում է՝ ամեն ինչ այդքան էլ միանշանակ չէ: Օրինակ՝ վերջերս ավիացիոն անվտանգության ամերիկյան մասնագետներն ինքնաթիռի կործանման փորձ են իրականացրել. «ուղեւորները» եղել են մանեկենները: Արդյունքում պարզվել է, որ այն մանեկենները, որոնք «նստած» են եղել ինքնաթիռի պոչի մասում, կենդանի մնալու ամենամեծ հնարավորությունն են ունեցել, իսկ բիզնես դասի «ուղեւորները» եղել են ամենառիսկային մասում: Փորձի հեղինակները միաժամանակ նշել են, որ այն այնքան էլ հստակ չէ, քանի որ մանեկեններն անշարժ են եւ չեն փորձել փրկվել: Սակայն նրանք պնդում են, որ իրականում փրկվելու ավելի մեծ հնարավորություն ունեն այն ուղեւորները, ովքեր նստած են օդանավի այսպես ասած՝ փրկարար ելքերի մոտ: Միեւնույն ժամանակ, եթե այս ուղեւորները խուճապի են մատնվում եւ արգելափակում ելքերը, նրանք ի չիք են դարձնում ոչ միայն փրկվելու իրենց հնարավորությունը, այլեւ նվազեցնում ուրիշների փրկության հավանականությունը:
Բայց վերադառնանք աշխարհաքաղաքական օդանավին: Այստեղ եւս գլխամասում՝ բիզնես կարգում, նստած են առավել բարեկեցիկ «ուղեւորները», պոչամասում, որտեղ ամենաէժան տոմսերն են, ավելի քիչ հնարավորություններով կամ վերջին պահին մի կերպ տոմս գտած «ուղեւորներն» են: Իհարկե, եթե օդաչուների միջեւ վեճ, առավել եւս քաշքշուկ է սկսվել, եւ աղետի թեկուզ չնչին հավանականություն կա, ոչ մի տարբերություն չկա, թե «ուղեւոր»-երկիրն ինքնաթիռի որ մասում է, քանզի կործանման հավանականությունը գրեթե նույնն է:
Ինչպես վերը նշվեց, «Air France»-ի օդաչուներին բաժանել եւ քաշքշուկը դադարեցրել էին բորտուղեկցորդները: Աշխարհաքաղաքական նավի պարագայում բորտուղեկցորդների դերում այն միջազգային կառույցներն են, որոնք կոչված են դադարեցնելու երկու պայմանական օդաչուների, մեղմ ասած, վեճը, արմագեդոնից խուսափելու համար: Նրանք կոչված են այդ առաքելությանը, սակայն այդպես էլ առայժմ չեն կարողանում դադարեցնել վեճը, որն արդեն իսկ աշխարհաքաղաքական լայն ընդգրկումով հակամարտություն է: Ասպարեզում մնացած միակ «հաշտարարները» կարծես թե մնացել են «ուղեւորները», որոնք ոչ միայն ստիպված են լեզու գտնել միմյանց հետ, այլեւ դրանով իսկ գոնե նվազագույն հնարավորություն ընձեռել աշխարհաքաղաքական օդանավի օդաչուների վեճը հանգուցալուծելու համար:
Կկարողանա՞ն ուղեւորները կամ թեկուզ բորտուղեկցորդները հասնել օդաչուների հակամարտությունը դադարեցնելուն, մանավանդ որ վեճի առարկան հենց ուղեւորներն են: Թե՞ երկու օդաչուները, ոտնահարելով բոլոր տրամաբանական ու բարոյական սահմանագծերը, անգամ խելագարության կանխավարկածները, աշխարհաքաղաքական օդանավը կտանեն կործանման՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով…
Ի դեպ, ավիացիայի պատմության մեջ նման դեպքեր կան, երբ օդաչուն գիտակցաբար օդանավը տարել է կործանման, օրինակ, 1999 թ. հոկտեմբերի 31-ին «EgyptAir» ավիաընկերության «Boeing 767»-ի կործանումն ամերիկյան Նանտաքեթ կղզու ափերի մոտ: Ինքնաթիռը, որը Լոս Անջելեսից Կահիրե էր մեկնում, ընկել է Ատլանտյան օվկիանոսի ջրերը։ Ամերիկացի փորձագետները եկել են այն եզրակացության, որ աղետի պատճառը երկրորդ օդաչուի կանխամտածված գործողություններն են, ով հրամանատարի բացակայության պայմաններում անջատել է երկու շարժիչներն ու «Ապավինում եմ Աստծուն» բառերով ինքնաթիռն ուղղորդել անխուսափելի կործանման։ Ինքնաթիռում եղել է 217 մարդ… Պաշտոնապես ճանաչված պետությունների թիվն աշխարհում մի քիչ է տարբերվում այս թվից…
Գագիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ