Կարավաջիզմ՝ բարոկկոյի ժամանակաշրջանի եվրոպական գեղանկարչության ոճ, որն ի հայտ է եկել Հռոմում 16-րդ դարի վերջին։ Ոճի հիմնադիրներն են համարվում Կարավաջոն եւ նրա հետեւորդները։
Կարավաջոն առաջին նկարիչներից է եղել, որն իր կտավներում կիրառել է լույսն ու ստվերը կտրուկ հակադրելու կիարոսքուրո գեղանկարչական մեթոդը, որը կոչվում է նաեւ «Կարավաջոյի էֆեկտ»։ Նա իր նկարներն ստեղծել է առանց էսքիզների, միանգամից կտավի վրա` նպատակ ունենալով իրականության ճշգրիտ պատկերումը։
Կարավաջիզմին եւս հատուկ են բնավորության յուրահատկությունները ճշգրտորեն փոխանցելու հակումը, պատկերվող առարկաների ընդգծված ռեալիզմը։ Կարեւոր դեր է հատկացվում ծավալին, հատկապես` նկարում լույսին ու ստվերին, առաջին պլան մղված մարմինների հակադիր լուսավորությանը։ Այս ոճի ստեղծագործություններում հաճախ է հանդիպում դրամատիկ ուժ, չնայած սյուժեի չպլանավորված լինելուն։ Մարդու միայնությունն այս ժանրի ամենասիրելի թեմաներից է։ Ժամանակի ընթացքում կարավաջիզմի ազդեցությունն սկսել է զգացվել բարոկկոյի եւ ակադեմիզմի որոշ ներկայացուցիչների ստեղծագործությունների վրա։