«Գիլգամեշ»՝ շումերաբաբելական հերոսական էպոսի պայմանական անվանումը։ Այն աշխարհի ամենահին պահպանված գրական ստեղծագործություններից է, սեպագրերով գրված ամենամեծ երկը, Հին Արեւելքի գրականության խոշորագույն նմուշներից մեկը։ Էպոսն ստեղծվել է աքքադերենով՝ շումերական ավանդազրույցների հիման վրա, մեկուկես հազարամյակի ընթացքում՝ սկսած Ք. ա. 18-17-րդ դարերից։ Նրա առավել ամբողջական տարբերակը հայտնաբերվել է 19-րդ դարի կեսերին Նինվեում՝ Աշուրբանիպալի գրադարանում կատարված պեղումների ժամանակ։ Այն գրված է տասներկու վեցասյուն պնակիտների վրա մանր սեպագրերով, ներառում է շուրջ երեք հազար տող եւ թվագրված է Ք. ա. 7-րդ դարով։ Քսաներորդ դարում գտնվել են նաեւ հատվածներ էպոսի այլ տարբերակներից, այդ թվում՝ խուռիերեն եւ խեթերեն։
Էպոսի գլխավոր հերոսներն են Շումերի (Ք. ա. 28-րդ դար) Ուրուկ քաղաքի կիսաառասպելական տիրակալ Գիլգամեշն ու Էնկիդուն, որոնց մասին պահպանվել են նաեւ առանձին երգեր շումերերենով, որոնցից մի քանիսը ստեղծվել են դեռ 3-րդ հազարամյակի առաջին կեսին։ Առավել լավ է պահպանված աքքադական «Ամեն ինչ տեսածի մասին…» մեկնակերպը, որի գրառումը գալիս է Ք. ա. 19-18-րդ դարերից։ Տաղաչափությունը շեշտային է (բանատողի մեջ հիմնականում չորս շեշտակիր վանկ)։ «Գիլգամեշին» բնորոշ են հերոսական էպոսի գծերը՝ ավանդական սյուժեն (հերոսի բուռն երիտասարդությունը, նրա հանդիպումը Էնկիդու հակառակորդ վայրենու հետ, որը հետո դառնում է նրա դաշնակիցը), հերոսական թափառաշրջիկները (որի ընթացքում բարեկամները մի շարք սխրանքներ են կատարում), աստվածապայքարի մոտիվները (Իշտար աստվածուհու սիրո մերժումը, նրա ուղարկած ցլի սպանությունը)։
Էպոսի գլխավոր կոլիզիան Էնկիդուի մահն է, որը ցնցում է Գիլգամեշին։ Նա սկսում է անմահություն փնտրել։ Արեւի աստծու ուղիով գնում է երանելի Ուտնապիշտիմի կղզին, որը համաշխարհային ջրհեղեղ է վերապրել, ձեռք է բերում հավերժական երիտասարդության ծաղիկը, բայց օձն առեւանգում է այն (անդրաշխարհ ճամփորդելու ավանդական այս մոտիվը էպոսում ենթարկված է հերոսական նպատակների)։ «Գիլգամեշ» էպոսում համաշխարհային գրականության պատմության մեջ առաջին անգամ բարձրանում է մարդու՝ մահկանացու լինելու եւ նրա կյանքի իմաստի խնդիրը։