Երջանկահիշատակ Գեւորգ Դեւրիկյանի պատմվածքներից հատկապես մի դրվագ դեռ պատանեկության տարիներից ամուր դրոշմված է մնացել հիշողությանս մեջ: Հայրենի Ակնը թողած, հայրենի տունը թողած տարագիր հայերին մի օր գունապատկերներ (սլայդներ) է ցույց տալիս Միացյալ Նահանգներում հանգրվան գտած մի հայորդի, ով այցելել էր Ակն:
«Այս ցուցադրելու հետ հե՜յ վախ-երն ավելացան, կարոտի ցավն ավելացավ ու գագաթնակետին հասավ:
-Մեր փողո՜ցն է,- գոռում էր մեկն ու խփում ծնկանը,- այս աղբյուրից էինք ջուր տանում:
-Մեր եկեղեցի՜ն է,- ձեռքն առաջ էր պարզում մյուսն ու տարիքն առ ոչինչ համարելով՝ հեկեկում…
Հորեղբայրս լուռ նստել էր, ու դա իմ զարմանքն էր շարժում: Երբ ավելի ուշադիր նայեցի, ու մի պահ լույսի շողն ընկավ աչքերին, տեսա՝ արցունքով լի են: Բայց լուռ էր ու մեկեն վեր թռավ.
-Մե՛ր տունը…
… Ես նրան հեկեկալիս չէի տեսել: Մանկան նման հեկեկում էր ու երբեմն հասցնում ասել.
-Վա՛խ, աշխարհ»:
Հիշողությանս մեջ ամուր դրոշմված են նաեւ ապրումներս, երբ այս հատվածը վերընթերցելիս ամեն անգամ փղձուկը հասնում էր կոկորդիս: Բայց հետո՝ տարիներ անց պիտի հասկանայի, որ դա հուզմունք էր գրականությունից, գեղարվեստից՝ առանց խորքով ընկալելու, առանց լիարժեք ըմբռնելու ցավի ու կարոտի ողջ խորությունը: Չընկալեինք, չըմբռնեինք…
Արդեն երեսուն տարի այսպես արծվաշենցիներն են երազի մեջ՝ իրականության պես, արթմնի՝ հիշողության ծալքերում մշտարթուն հուշերով, ալբոմում պահպանված մի լուսանկարում, հրաշքով գտնված մի տեսանյութում՝ անապատով տեւական ժամանակ անցած մարդու անհագ ծարավով հիշում, փնտրում, գտնում կամ պատկերացնում, թե գտան արծվաշենյան փողոցները, աղբյուրները, բակերը, իրենց… տները: Երեսուն տարի շարունակ թանկ մասունքի պես փայփայելով պահում-պահպանում են ոչ միայն հիշողությունները, ոչ միայն ավանդույթներն ու սովորույթները, այլեւ վերադարձի անչափելի հույսը, որ մշտամնա առկա է յուրաքանչյուր արծվաշենցու սրտում: Ամեն մեկի սրտում՝ մի բուռ Արծվաշեն, ամեն մեկի հոգում՝ արծվաշենյան մի մասունք: Ահա այդ մասունքներն ի մի բերելու անգնահատելի գործն է իր ուսերին առել բանասեր, ուսուցիչ, վերջապես՝ արծվաշենցի Աթաբեկ Ադամյանը: Նաեւ այլ արծվաշենցիների միջոցով նա ի մի է բերել արծվաշենյան ավանդույթները, բառ ու բանը, հումորը, կյանքն ու կենցաղը ներկայացնող պատառիկներ եւ այդպիսով ստանձնել դրանք կորստյան ճիրաններից փրկելու առաքելությունը:
«Արծվաշենյան մասունքները» Ադամյանի երրորդ գիրքն է: Կարճ ասած՝ գիրքը Արծվաշենի ու արծվաշենցիների մասին է, մարդկանց մասին է: Ինքնատիպ դիմանկարների, իրապատումների եւ հումորային մանրապատումների միջոցով հեղինակը ներկայացնում է խավարի մեջ ապրած, բայց լույս շողարձակող մարդկանց՝ արծվաշենցիների կյանքի, բնավորության, էության ուշագրավ գունապնակը: Գրքում իշխողը ցավն ու կարոտն է կորցրած եզերքի եւ անվերադարձ հեռացող անհատականությունների նկատմամբ:
«Մանրապատումների այս գրքի հերոսը պարզ ու անմիջական արծվաշենցին է, որին տեսել, ճանաչել ու սիրել եմ: Ես չգիտեմ՝ որքան է ինձ հաջողվել ներկայացնել նրա դիմանկարը, որքան եմ կարողացել ճանաչելի դարձնել նրան, բայց զգում եմ, որ օր օրի մարդկային այս տեսակը անվերադարձ հեռանում է…
Մարդն իր միջավայրի ծնունդն է, եւ երբ միջավայրը փոխվում է, փոխվում է նաեւ մարդը:
Արծվաշենի միջավայրը արդեն չկա, բացի այդ՝ նոր ժամանակները ստեղծում են նոր կերպարներ, նոր միջավայր ու նոր զգացողություն: Այստեղից էլ՝ մանկության օրերին մեր ապրածը ըմբոշխնելու եւ այն մարդկանց հրամցնելու փափագը:
Գիտենք՝ հնին վերադարձ չկա, եւ ժամանակի անիվը միշտ դեպի առաջ է շարժվում, բայց մարդը չի կարող մոռանալ իր «ես»-ը: Ես այդ «ես»-ն եմ տեսել գրքում պատկերված դիմանկարների, հումորի եւ արծվաշենցուն ներկայացնող զվարճալի ու հետաքրքրաշարժ պատմությունների մեջ եւ դրանք համարել եմ արծվաշենյան մասունքներ»,- գրում է հեղինակը՝ Աթաբեկ Ադամյանը:
Իրապես, բոլոր ժամանակներում, բոլոր երկրներում բոլորին գրեթե միշտ մտահոգում է մոռացվելու կամ մոռանալու վախը, կորցնելու վախը: Ավելի ընդհանրական ֆոբիա հազիվ թե հնարավոր լինի գտնել: Ահա եւ փոքր հայրենիքը կորցրած, ցավն ու կարոտը երեք տասնամյակ սրտներում ապրող արծաշենցիները հույսի հետ ամուր են պահում նաեւ «արծվաշենյան մասունքները», որպեսզի երբեք ու ոչ մի պարագայում չկորցնեն դրանք, չմոռացվեն դրանք ու փոխանցվեն նույնիսկ Արծվաշենը երբեք չտեսած արծվաշենցիներին:
«Աթաբեկ Ադամյանի նախորդ՝ «Արմատից մինչեւ տերեւներ» գրքի մասին գրելիս նշել եմ, «որ առաջին հայացքից այդ գիրքը Արծվաշենի տոհմաճյուղերից մեկի՝ Ադամյանների մասին է: Սակայն դա՝ միայն առաջին հայացքից: Առաջին իսկ էջից դիմանկար առ դիմանկար, կերպար առ կերպար, իրադարձություն առ իրադարձություն աչքերիդ առջեւ բացվում է մի ամբողջ դարաշրջան, բացահայտվում են ժամանակի ուշագրավ դեպքերը մի գյուղի մանրակերտում. Արծվաշենը, արծվաշենցիներն իրենց ավանդույթներով, իրենց սովորույթներով, ապրումներով, պայքարով ու աշխարհայացքով: Մի խոսքով՝ դա մի գիրք է մեր թանկ փոքր հայրենիքի՝ գերության մեջ գտնվող Արծվաշենի ու արծվաշենցիների մասին»: «Արծվաշենյան մասունքները» կարելի է համարել «Արմատից մինչեւ տերեւներ» գրքի յուրատեսակ շարունակությունը, լրացումը, ինչպես կուզեք: Փաստ է, որ այս գիրքը հերթական հատվածն է այն մեծ ցանկության, այն ձգտումի, որ ունի Աթաբեկ Ադամյանը՝ պատմության էջերից վերհանել ու ապագային հանձնել այն ամենը, ինչ կապված է Արծվաշենի ու արծվաշենցիների հետ: Չափազանցրած չեմ լինի, եթե նշեմ, որ այս գիրքը յուրատեսակ հուշակոթող է՝ նվիրված Արծվաշենի ու արծվաշենցիների սովորույթներին, ավանդույթներին, կենցաղին, հումորին ու, ընդհանրապես, բառ ու բանին… Այստեղ եւս առաջին էջից մինչեւ վերջին էջը մարդիկ են՝ արծվաշենցիները, որոնց դիմանկարներով, որոնց մասին պատմություններով, իրապատումներով ու արդեն վաղուց անեկդոտի ժանրին դասվող սրամտություններով ամբողջանում ու ինչ-որ առումով էպիկական շունչ է ստանում «Արծվաշենյան մասունքներ» գիրքը»,- գրում է գրքի խմբագիրը՝ Արտակ Ճաղարյանը:
Աթաբեկ Ադամյանի «Արծվաշենյան մասունքներ» գիրքն ընթերցողը բազմակի զգացողություններ կունենա. գեղարվեստականի, վիպականի ու վավերագրականի հետաքրքիր ոճական խառնուրդով հրամցվող պատմությունները, դիմապատկերները միահյուսում են լացն ու ծիծաղը, կարոտն ու հույսը, հուշն ու… մարդիկ, մարդիկ, մարդիկ: Յուրաքանչյուր պատմություն կարծես այս կամ այն արծվաշենցու մասին է, կարծես ամեն մեկը մի դրվագ է սոսկ, բայց այդ ամենն ամբողջացնում է արծվաշենյան կոլորիտը: Արդյունքում՝ Արծվաշենում չեղած յուրաքանչյուր ոք կարող է պատկերացում կազմել բացառապես հայկական՝ բնակչությամբ, կենցաղով, էությամբ հայկական այդ գյուղի մասին, նրա բնակիչների մասին, սովորույթների մասին, մի խոսքով՝ «արծվաշենության» մասին: Իսկ արծվաշենցիները… Վստահ եմ՝ յուրաքանչյուր արծվաշենցի գրքի ամեն էջի, ամեն տողի, ամեն բառի հետ ոչ միայն հիշելու, այլեւ կարծես վերոնշյալ «սլայդերի» պես «տեղափոխվելու» է գյուղ. ահա ցուցանակը, ահա Անհայտ զինվորի հուշարձանը, որտեղից աջ ընկած է գեղատեսիլ լիճը, ահա առաջին խաչմերուկը, հետո՝ գրախանութը, հետո՝ փոստի բաժանմունքը, որտեղ կարծես հիմա էլ աչքիդ առջեւ է կոմուտատորն իր թարթող լուսավոր «աչքերով», ահա դեղատունը, մթերային խանութը, ակումբը, «գյուղամեջը», փուռը, Չամչի աղբյուրը, Զնգան քարը, Ցից քարը, Հողաչափի աղբյուրը, Մեկականը եւ այլն, եւ այլն:
«Ես ուզում եմ օր ծերության մի անգամ եւս քայլել մանկությանս ծանոթ ոտնահետքերով, բայց թույլ չեն տալիս, ասում են՝ չի կարելի, ասում են՝ սահմաններ կան… Ես չեմ հասկանում, ես չեմ ուզում հասկանալ, թե ինչ են ասում: Չէ՞ որ ուզածս մի մեծ բան չէ, ես էլ եմ ուզում տեսնել, զգալ, վերապրել իմ մանկությունը: Չե՞ք թողնում, մի՛ թողեք, միեւնույն է, ես կգնամ: Ես կգնամ հիշողությանս թեւերով, իսկ հիշողության առջեւ ոչ ոք արգելք դնել չի կարող»,- գրում է Աթաբեկ Ադամյանն ու իր հետ հիշողության թեւերով տանում նաեւ մեզ՝ պարզ ու առաքինի մարդկանց միջոցով՝ «անկեղծ ու անմիջական, միամտության մեջ գեղեցիկ ու ապրեցնող»:
Աթաբեկ Ադամյանի «գրիչն» առաջին հերթին հայեցի է ու արծվաշենցի, ոճը՝ անսեթեւեթ, զուրկ ավելորդ պաճուճաբանությունից ու պաթոսից, առավելագույնս պարզ, բայց եւ միեւնույն ժամանակ մտածելու, մտորելու տեղիք տվող, ապրեցնող: Ակնհայտ է, որ ծանրագույն աշխատանք է կատարվել՝ հիշողությունից վեր հանել, ինչպես նաեւ ի մի բերել, խմբավորել, մշակել բազմաթիվ համագյուղացիների պատմած ու գրի առած պատմությունները, ու այդ ամենը՝ ոչ սոսկ վավերագրողի պես, այլ ստեղծագործաբար՝ նոր շունչ ու ոգի տալով ամեն մի դիմանկարին, ամեն մի պատմությանը, առավել կենդանի, առավել բնորոշ, առավել «արծվաշենյան» շնչով մատուցելով այդ ամենը: Բայց, անկեղծ լինենք, այս գիրքը որեւէ դեպքում ավելի լավ ներկայացնել չենք կարող, քան հենց… գիրքը, որն ուղղակի պետք է ընթերցել: Չէ, երեւի սխալվեցինք, սա սոսկ ընթերցվողներից չէ, այն պետք է ընկալել, ապրել, հասկանալ ու ամեն էջի հետ մի քիչ արծվաշենցի դառնալ ոչ արծվաշենցիների դեպքում, ու մի քիչ ավելի հպարտ՝ արծվաշենցիների դեպքում:
Եվ, ուրեմն, այս կարեւոր ու բացառիկ աշխատանքի ներկայացումն ավարտենք գրքի խմբագրի ամփոփիչ խոսքերով. «Հանրագիտարանի, բացարձակության ակնկալիք չունի այս գիրքը: Ուրեմն կարիք չկա այստեղ փնտրել բոլորին ու ամեն ինչ: Պարզապես եկեք վայելենք այս մասունքակոթողը, հիշենք կամ ծանոթանանք, ծիծաղենք ու երբեմն էլ տրտմենք, սիրենք ու կարոտենք, պարզապես շնորհակալ լինենք Աթաբեկ Ադամյանին՝ հսկայածավալ այն աշխատանքի համար, որ նա արել եւ շարունակում է անել արծվաշենյան թանկ մասունքները պահպանելու գործում»:
Ռուզան ԱՌԱՔԵԼՅԱՆ