Արծիվը, իհարկե, որքան էլ ժամանակ վատնի ու ջանք թափի, ագռավին չի հասցնի իր բարձունքներին, բայց ագռավին կարող է այդ բարձունքների գաղափա՛րը տալ, քանզի այդ բարձունքները գրավելու ագռավի հնարավորություններն են սահմանափակ… Իսկ ուսուցիչների պակաս, թերեւս, չկա, սակայն չափազանց քիչ են նրանք, ովքեր արժանի են այդ կոչման, ովքեր քայլողներին, անգամ թռչողներին էլ կարող են առավել բարձր թռիչքների վարժեցնել ու առավել վեր մղել ցանկացած թռիչք կամ թռիչքների գաղափար տալ… Մանկավարժությունը տաղանդների ասպարեզ է. քիչ է իմանալը, նույնիսկ իմացածին տիրապետելն է քիչ. կարեւորը իմացածը փոխանցելու կարողությունն է, այնպես, որ աշակերտը ձեռք բերած գիտելիքներով ու հմտություններով գերազանցի ուսուցչին, այլ կերպ` դառնա ուսուցչի ուսուցիչը…
Սրանով հանդերձ՝ քիչ չեն եղել տաղանդաշատ ուսուցիչներ, ում համար ուսուցչությունը եղել է կյանքի գործ, նվիրում եւ իսկապես կոչում եւ ոչ թե սոսկ վարձատրվող աշխատանք, զբաղմունք… Ուսուցչությունը ոչ միայն գիտելիքների փոխանցում է աշակերտին, այլեւ մարդակերտման պրոցես, կոլեկտիվ դաստիարակման, հասարակության առողջացման, ազգապահպան լուրջ գործընթաց։ Ճակատագրի բերումով հայ ժողովուրդը, սփռված լինելով աշխարհով մեկ, կանգնած է եղել միշտ հայապահպան խնդրի, հայրենիքից հեռու` հայրենիքին ծառայելու, պետություն ունենալու պատասխանատվության առջեւ, իսկ ուսուցչությունը եղել է ազգային-ազատագրական պայքարի կարեւոր բաղադրիչ։ Հայ ժողովուրդը միշտ հարգանքով ու ակնածանքով է վերաբերվել ուսուցիչներին, գնահատել ու պատվաբեր համարել մանկավարժական աշխատանքը։ Ազգապահպանության խնդիրը հատկապես ծառանում է սփյուռքում. բոլոր նպաստավոր ու գայթակղիչ պայմանները կան ուծացման համար, որտեղ հեշտ է կորցնել, մոռանալ մայրենին ու հայրենիքը, որդեգրվել օտարին, մի բան, որ ամենեւին չի վերաբերում ճակատագրի հեգնանքով իսկապես օտարին «որդեգրված», օտար որբանոցում մեծացած ու կրթություն ստացած Բենիամին Ժամկոչյանին։
Մանկավարժ, մանկագիր, հրապարակախոս, հասարակական գործիչ, մի շարք դասագրքերի, թատերգությունների, աշխատությունների հեղինակ, թարգմանիչ Բենիամին Ժամկոչյանը ծնվել է 1895 թ.` Արեւմտյան Հայաստանի Տիգրանակերտի շրջանի Հայնի գյուղում։ Հազիվ 40 օրական էր, երբ վախճանվում է հայրը` Կարապետը, ինչը դառնում է ընտանիքի քայքայման պատճառ։ Մայրը` Եսթերը, ստիպված էր ենթարկվել գերդաստանի հեղինակություններին եւ երկրորդ անգամ ամուսնանալ` երկու որդիներին թողնելով հորական տատի խնամքին, ինչն այնքան էլ երկար չի տեւում։ Երեք տարեկան Բենիամինին ու ավագ եղբորն ուղարկում են Խարբերդին մերձակա Մեզիրե (Մամիւրէթ-Իւլ-Ազիզ) կուսակալանիստ քաղաքի գերմանական որբանոց, որը հիմնվել էր 1897 թ. հունիսի 1-ին` կայանի ղեկավար եւ ուսուցիչ Յոհաննես Էհմանի ջանքերով։ Հաստատությունը գործունեությունն սկսում է 2 որբանոցով ու 200 սանով, որոնց թիվը ժամանակի ընթացքում հասնում է 3000-ի։ Կարելի է ասել՝ Ժամկոչյան եղբայրները կայանի գրեթե առաջին սաներից էին. նրանք ընդունվեցին որբանոց 1898 թ.։
Հարկ է նշել, որ մինչեւ Առաջին համաշխարհայինը Օսմանյան կայսրությունում գործում էին մի շարք որբանոցներ` ամերիկյան, անգլիական, գերմանական, որտեղ սնվում, տանիք, կրթություն ու դաստիարակություն էին ստանում ժամանակի ծնողազուրկ երեխաները, սակայն պատերազմի ու քաղաքականության հետ փոխվում էր եւ իշխանությունների վերաբերմունքը ոչ միայն բնակչության, այլեւ խնամքի կարոտ երեխաների հանդեպ, ու ոչ միայն փակվում էին նրանց ապաստանող հաստատությունները, այլեւ հրո ճարակ դառնում, սպանվում ու հալածվում թե՛ որբանոցների սաները, թե՛ ուսուցիչները։ Մեզիրեի որբանոցը, որտեղ սկսվեց Ժամկոչյան եղբայրների ուսումնառությունը, Օսմանյան կայսրությունում գործող 5 հիմնական կայաններից ամենամեծն ու գլխավորն էր։ Որբանոցներում աշխատում էին ոչ միայն հիմնադիր միսիոներներն ու ուսուցիչները, այլեւ հայ ուսուցիչներ, ովքեր սաներին ուսուցանում էին մայրենին ու ազգային արժեքներին առնչվող առարկաներ։ Բենիամինը գերմանական միսիոներական հաստատության որբանոցում մնալով երկու տարի` 1898-1900 թթ., այնուհետեւ 7-ամյա ուսուցում է ստանում նույն հաստատության նախակրթարանում, իսկ 1907-11 թթ. ավարտելով միջնակարգը` ուսումը շարունակում ուսուցչանոցում` 1915 թ. ստանալով համապատասխան վկայական։ Մեզիրեի կայանը ոչ միայն որբերի ապաստան ու կրթարան էր, այլեւ ցեղասպանության ժամանակ շատ շատերի կյանքն է փրկել` թե՛ սաների, թե՛ հաստատության աշխատակիցների, թե՛ հաստատության հետ ամենեւին կապ չունեցող անձանց։
Բենիամին Ժամկոչյանը «Պատմութիւն Մամիւրեթ իւլ Ազիզի գերման որբանոցներու» աշխատության մեջ նշում է, որ կայանի շնորհիվ փրկվել է առնվազն 1500 հայ, եւ ամենեւին համաձայն չէ գերմանացի միսիոներներին մեղադրողների հետ, քանզի այստեղ սաները` կացարան, բազմակողմանի կրթություն, բժշկական օգնություն ստանալուց զատ, ստանում էին ազգային, հոգեւոր սնունդ, որն ապահովում էր Հայ ավետարանական եկեղեցին, ինչն ամենեւին չի խանգարել սաներին, այդ թվում եւ Բենիամինին, հարգանքով վերաբերվել նաեւ Հայ առաքելական եկեղեցուն։ Հաստատությունում անցկացրած կյանքն անհետեւանք չի մնում Բենիամինի համար. դաստիարակված լինելով մարդասիրական ոգով՝ ինքը եւս հետագայում աշխատում է զանազան որբանոցներում, ինչպես Բեյրութի Մերձավոր Արեւելքի նպաստամատույցի որբանոցում` ուսուցիչ (1922-23 թթ.), ՀԲԸՄ Քելեկյան որբանոցում` մարզիչ եւ ընդհանուր հսկիչ (1923-24 թթ.), Ջիպեյլի դանիական «Թռչնոց բույն» որբանոցում` կրթական տնօրեն (1938-1940 թթ.)։ Ժամկոչյան եղբայրները Մեզիրեի հաստատությունը թողնում են ոչ միայն ուսուցչանոցի վկայականներով, այլեւ կյանք են մտնում որպես հասուն, պատասխանատու, ազգային գործերի նվիրյալներ։ Դեռեւս ուսանողական տարիներին նրանք անդամակցում են Հնչակյան ուսանողական միությանը, իսկ չարաբաստիկ 1915 թ. Բենիամինը փրկվում է աքսորից` որբանոցում հացագործ ու հսկիչ աշխատելով։ Շատ չանցած` մի քանի երիտասարդների հետ Երիզայում միանում է զորավար Անդրանիկի զորքին, սակայն զինվորականի բախտը չի ժպտում նրան. վիրավորվելով Կարինի մերձակայքում` մարտերի ժամանակ ստիպված է լինում զբաղվել առողջական խնդիրներով` տեղափոխվելով Սարիղամիշ, Կարս, Թիֆլիս, այնուհետեւ Բաթումից անգլիական նավով հասնում է Պոլիս, գաղթականների հանձնախմբում զբաղվում կազմակերպչական աշխատանքներով։
Կարելի է ասել՝ 1920-ից սկսվում է Ժամկոչյանի մանկավարժական գործունեությունը. Ադանայի ազգային Աբգարյան վարժարանում աշխատանքի է անցնում որպես ուսուցիչ, իսկ 1921 թ.` հենց Ադանայում էլ` իր առաջարկով հիմնված Հնչակյան կուսակցության կեդրոնական վարժարանում աշխատում որպես տնօրեն, սակայն Կիլիկիայի հայաթափումից հետո ստիպված է լինում հասնել Մերսինի նավահանգիստ, որտեղից էլ 1922 թ. վերջերին բազմաթիվ գաղթականների հետ նավով տեղափոխվել Բեյրութ։ Լիբանանում էլ Ժամկոչյանն ամենուր շարունակում է մանկավարժական աշխատանքը։ 1930 թ. հրավիրվում է Ազգային Սահակյան վարժարան եւ մինչեւ 1974 թ. տնօրինում այն։ Բացի մանկավարժական աշխատանքից, որ ներառում էր դասագրքերի ու թատերական ներկայացումների հեղինակում, Ժամկոչյանը նաեւ մի շարք ազգային խնդիրներ շոշափող աշխատությունների, բանախոսությունների, հոդվածների, թարգմանական գործերի հեղինակ է, իսկ ամենապատասխանատու աշխատանքը, թերեւս, «Սուրբ Գրոց» ընկերության կողմից նրան վստահված` 19-րդ դարի կեսին լույս տեսած, արեւմտահայերեն աշխարհաբար Աստվածաշնչի առաջին լուրջ վերամշակումն էր, ինչը Ժամկոչյանն արեց ամենայն պատասխանատվությամբ` օգտագործելով իրեն ծանոթ բոլոր թարգմանությունները՝ գերմաներեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն։ Աշխատանքը լույս տեսավ 1981 թ.։ 1984 թ. ՀԽՍՀ լուսավորության նախարարությունը Բենիամին Ժամկոչյանին արժանացրեց Մեսրոպ Մաշտոցի անվան մրցանակի, իսկ ավելի վաղ` 1949 թ., նա գրականության պատվավոր դոկտորի վկայական էր ստացել Լոս Անջելեսի «Գոլդեն Գեյթ» համալսարանից։
Ժամկոչյանը վախճանվել է 1984 թ.` Հայրենիքում չլինելով հանդերձ՝ նա անուրանալի ծառայություններ է մատուցել հայրենապահպանության գործին։ Հունվարի 13-ը նվիրյալ մանկավարժի հիշատակի օրն է։ 1993 թ. Երեւանի թիվ 119 միջնակարգ դպրոցը (այժմ` ավագ դպրոց) կոչվեց Բենիամին Ժամկոչյանի անունով։