Հուշարձանը ներկայումս անբնակ նախկին Լաչինի շրջանի Ներքին Ջիջիմլի գյուղի հարավային եզրին է, Գորիսի շրջանի Կոռնիձոր գյուղի ձորամիջյան այգիների մոտ, Կոռնիձոր գետակի ձախ ափի ընդարձակ հարթակի արեւմտյան վերջավորությունում: Այստեղ հյուսիս-հարավ առանցքով 100 մ երկարությամբ հաջորդաբար տեղակայված են կեղծ թաղով պսակվող 7 քարակոփ սենյակների (դոլմեններ) նմանվող ուղղանկյուն խցեր՝ կառուցված ահռելի անմշակ քարերից չոր շարվածքով: Խցերից երկուսը կիսագետնափոր են, իսկ մյուսները՝ վերգետնյա: Բոլոր շինությունները կողմնորոշված են արեւելք-արեւմուտք առանցքով, ներփակված են եղել քարաշար մոգական շրջանակներով՝ կրոմլեխներով, եւ ամփոփված դամբարանաբլուրների բարձր լիցքի տակ: Դամբարանները հնում բացվել, կողոպտվել են, իսկ թաղումնային խցերը հետագայում օգտագործվել են որպես պատրաստի կացարաններ:
Հուշարձանը վատ է պահպանվել՝ հեռացված են դամբարանաբլուրների լիցքերը, ծածկասալերը տեղ-տեղ կոտրված, թափված են, իսկ ծայր հարավային, փոքր բլրակի վրա կանգնած, առաջին դամբարանից մնացել է միայն հարավային պատի հատվածը: Խորհրդային տարիներին անցկացված ճանապարհը հատել է հուշարձանախմբի հյուսիսային եզրը, իսկ դիմացի հրապարակում կազմակերպած անասնակայանի տարածքը մաքրելիս, քարերը հրել, լցրել են հուշարձանի վրա:
Այսօր երեւում են երկրորդ դամբարանի 7.0 մ տրամագծով հզոր կրոմլեխի մասերը, թաղումնային խուցը մուտքի եռանկյունի բարավոր հիշեցնող ճակտոնով, ու կրոմլեխի մեջ ներառված N 3 դամբարանախուցը: Կողքի N 4 եւ N 5 դամբարանների կիսավեր խցերը երեւում են, բայց կրոմլեխներն ու շրջակայքը պատված են լցված քարերով: Ուշագրավ են N 6 եւ N 7՝ մեկ ընդհանուր կրոմլեխի մեջ վերցված ու լավ պահպանված խցերը: Նրանք դրված են հաջորդաբար, արեւելք-արեւմուտք երկայնական առանցքով, թեքադիր տեղանքի բարձրության տարբեր նիշերին եւ, ըստ ամենայնի, ունեն ժամանակագրական որոշակի շեղում: 7-րդ՝ ամենամեծ կառույցը ունի դեպի դամբարանախուցը եկող ճանապարհ՝ դրոմոս, եւ հստակ կազմակերպված շքամուտք նախասենյակով: Խցի երկարությունը 6.0 մ է, լայնությունը՝ 2.6, եւ ահռելի քարերից դրված պատերը թեքությամբ բարձրանում եւ փակվում են կեղծ թաղով 1.9 մ բարձրության վրա:
Համալիրի դիմացի՝ արեւելյան հարթակին նայող ճակատին հուշարձանախումբը ունեցել է ցից կանգնած (օրտոստատ) քարերից շարված եզրային ցանկապատ, որի մի հատվածը պահպանվել է: Այստեղ է ընկած նաեւ 2.3 մ երկարությամբ սյուն-մենհիրը, որի վերնամասում փորված է խոր խորշ: Ակնհայտ է, որ մենհիրը ժամանակին կանգնած է եղել եւ օգտագործվել ծիսական արարողություններում: Ամենայն հավանականությամբ հուշարձանախումբը եղել է բրոնզ-երկաթեդարյան սրբատեղի, հնարավոր է (տոհմական) «պանթեոն», որտեղ ինչ-ինչ ծիսական արարողակարգից հետո հուղարկավորվում էին ժամանակի նշանավոր մարդիկ:
Քրոնքի ժայռափոր եկեղեցի կամ Քրօնից վանք
Քաշաթաղի շրջանի Ծաղկաբերդ գյուղը փռված է Հակարի գետի աջ ափին: Ադրբեջանական բռնատիրության տարիներին բնակավայրը կոչվում էր Գյուլիբերդ եւ Լաչինի շրջանի հարավային վերջին գյուղն էր՝ սահմանակից Գորիսի շրջանին: Գյուղից մոտ 2-3 կմ հարավ, բարձրաբերձ ժայռերով պատված ձորակում պահպանվել է հայոց միջնադարյան մի սրբավայր՝ ժայռափոր եկեղեցի:
13-րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանի «Սյունիքի պատմություն» (Երեւան, 1986 թ.) գրքի «Այս աշխարհում եղած վանքերը, եկեղեցական միաբանությունները եւ նրանց քանակը» գլխում հեղինակը հիշատակում է նաեւ Քրօնից վանքի մասին: Իսկ «Սյունիքի տասներկու գավառների եկեղեցու հարկացուցակը ըստ հին սահմանվածի» գլխում Հաբանդ 7-րդ գավառում հիշատակվում է Քրվանք գյուղը՝ 20 մասնաբաժին հարկաչափով (Տաթեւի վանքին տրվող)։ Կարելի է ենթադրել, որ Քրօնից վանքը գտնվել է Քրվանք գյուղում: Նույն գավառում հիշատակվում են նաեւ Խնձորեսկ, Տեղ, Վանոցա գյուղերը: Վերջինս հայտնի է նաեւ Ջիջիմլի անվամբ եւ Ծաղկաբերդից արեւմուտք է: Այստեղ պահպանվել են 14-15-րդ դարերի 2 մահմեդական դամբարաններ, որոնցից մեկն իր հորինվածքով ավելի շատ հայոց եկեղեցի է հիշեցնում: Ելնելով բնակավայրերի ցուցակից՝ կարելի է ենթադրել, որ մեր նշած ժայռափոր եկեղեցին Քրօնից վանքն է։ Ժայռակերտ մի ձորակում դարեր առաջ մեր պապերը Աստծո տուն-եկեղեցի են կերտել քարանձավում, որից միայն մի մասն է պահպանվել՝ սուրբ խորանի կեսը, հարակից եւ դիմացի պատերը, որոնք բլրի շարունակությունն են: Սրբավայրը ժամանակին, բացի պահպանվածից, ունեցել է երկրորդ սենյակ: Այդ են վկայում արդեն փայտե ծածկի գերանների համար նախատեսված փոսերը: Բացի դրանից, պահպանվել է նաեւ նկուղային հարկը, որի մուտքը կիսով չափ փակվել է, եւ մտնելը դժվարացել:
Սրբատեղին, ըստ պահպանվող բանավոր տեղեկությունների, խորհրդային տարիներին, միգուցե նաեւ դրանից առաջ, երբ տարածքը հայաթափվեց ու բնակեցվեց մահմեդականներով, անվանվել է Գյավուրլու: Սա եւս վկայում է, որ ժայռափորը հայկական-քրիստոնեական է: Հուշարձանագետ Սամվել Կարապետյանի «Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում» գրքում (Երեւան, 1999 թ.) Անապատիկ գյուղի եւ Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին է գրված, ըստ որի այն հիշատակվում է 1361 թ. ստեղծված «Մեկնութիւն պատարագիս» ձեռագրում. «…Արդ գրեցավ պատարագի մեկնիչս ձեռամբ Զաքարէ աբեղայի ի Ձորս Հայքարա ի գեաւղս, որ կոչի Անապատիկ, ընդ հովանա Սուրբ Աստուածածնիս ի հայրապետութեանն տէր Ստեփանոսի, ի ղանութեանն Յոիսի, ի դառնութեան ժամանակի, որ հալածումն էր քրիստոնեից… Թվ. ՊԺ-1361 գրեցավ…»: Կարելի է նաեւ երկրորդ վարկածն առաջ քաշել՝ սրբավայրը կարող է լինել հենց նշված Անապատիկը: Ժայռափոր եկեղեցիներն են հիմնականում ծառայել որպես անապատներ: Եկեղեցու դիմաց՝ 30-40 մ հեռավորությամբ բարձրաբերձ ժայռեր են, որոնք ունեն քարանձավներ:
Կարեւոր է նաեւ «Ձորս Հայքարա» անվանումը: Ժամանակին այս քարանձավները եղել են ապաստարաններ: Այդ են վկայում ներսում գոյություն ունեցող փոսերը, որոնք, հավանաբար, շտեմարանի դեր են կատարել: Բացի այդ, մեկի միջով կարելի է մտնել մյուսը, բարձրանալ վեր: Այսօր այդ քարայրներից որոշները դարձել են արծվաբույն: Պահպանված եկեղեցին վթարային վիճակում է. ամեն պահի հնարավոր է պատը փուլ գա: Արդեն փլվել են մուտքը եւ 2 պատուհանց մեկը հյուսիսարեւելյան կողմում: Շինությունն ունի 12 մ երկարություն, 8 մ լայնություն, 5 մ բարձրություն: Մուտքի պատն ունի 1.5 մետրից ավելի հաստություն, սակայն արդեն մի քանի տեղից ճաք է տվել, իսկ հենարան չունի: Սուրբ խորանի հյուսիսային մասը քանդված է, փլված է նաեւ բեմը, միայն պահպանված պատի կողմում մնացել են աստիճանների հետքերը: Պահպանված պատի վրա կա 2 խորշ. հավանաբար, խաչեր են եղել, որոնք ոչնչացվել են: