Հավանաբար, չկա գիտության, տեխնիկայի ասպարեզ, որտեղ հայը նշանակալի ներդրում չունենա կամ չլինի առաջինը` հայտնագործողն ու գյուտարարը, թեեւ ժամանակակից տեխնիկայի դարում, նստած գունավոր հեռուստաէկրանի, համակարգչի առջեւ, հիանալով ռոբոտային սարքավորումների ընձեռած հնարավորություններով ու աշխատանքով, քչերի մտքով է անցնում հետաքրքրվել դրանց հեղինակներով, իսկ հաճախ էլ ասպարեզ են նետվում ոչ թե նախաստեղծ հեղինակների անունները, այլ նրանց գյուտերով բիզնես անողները` թյուր տպավորություն ստեղծելով ու խեղաթյուրելով իրականությունը…
Հայ ժողովուրդն իր զավակներով հպարտանալու շատ առիթներ ունի, քանզի որտեղ էլ լինեն նրանք, բարեբեր է ու նպաստավոր համայն մարդկության համար… Եթե Ջեյմս Բաղյանն առաջին հայն է եւ աշխարհում այն քչերից մեկը, որ ոտք դրեց Տիեզերք, ապա Ալեքսանդր Քեմուրջյանն այն հայն է, որ աշխարհում առաջինն իր լուսնագնացներն ու մարսագնացներն ուղարկեց այնտեղ։ Տիեզերագնաց մեքենաների հայազգի լեգենդար արարիչը համարվում է «20-րդ դարի ականավոր մարդկանցից մեկը», ում անվանն արժանացել է Արեգակի շուրջը պտտվող համար 5933 աստերոիդը. անուն, որ երկար ժամանակ գաղտնի էր պահվում հանրությունից, այսօր փայլում է երկնքում ողջ պայծառությամբ… Աշխատանքի գաղտնիության բնույթն ստիպում էր Ալեքսանդրին ու նրա խմբի անդամներին հոդվածներ հրապարակել ծածկանուններով. նա ստորագրում էր Ալեքսանդրով, Լեոնովիչ կամ Ուգլյով։
Ալեքսանդր Քեմուրջյանը ծնվել է 1921 թ. հոկտեմբերի 4-ին` Ռուսաստանի Վլադիկավկազ քաղաքում։ Թուրքական հալածանքներից փախած եւս մի հայ ընտանիք. այս անգամ` Տրապիզոնից, որտեղ Մեծ եղեռնի նախօրյակին հայերի թիվը 14-15 հազար էր, եւ քաղաքի արհեստներին ու առեւտրին հիմնականում տիրապետում էին հայերը, սակայն փրկվելու համար ստիպված էին թողնել-հեռանալ։ Ալեքսանդրի հայրը` Լեւոնը, գաղթելով Ռուսաստան, կամավորագրվում է 11-րդ կարմիր բանակին։ Անկախ ամեն ինչից, որտեղ էլ լինեին հայերը` իրենց բնօրրանում` Արեւմտյան Հայաստանում, Օսմանյան կայսրության իշխանության տակ, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, թե հայտնվեին երկրագնդի որեւէ այլ վայրում, իրենց շնորհքի ու աշխատասիրության, նվիրվածության տերն էին, հավատարիմ այն երկրի կարգին, որտեղ ապաստան էին գտնում։
Հայերը սովորելու բնածին «հիվանդություն» ունեն եւ դրանով կարող են վարակել շատերին, բայց երբ այդ հիվանդությունը դառնում է տաղանդ, անհնար է խուսափել դրա հետեւանքներից, քանզի այն «սպառնում» է համաշխարհային ճանաչողությամբ։ Նման մասշտաբի տաղանդի տեր էր եւ Ալեքսանդրը, սակայն բախտը միանգամից չժպտաց նրան։ Հինգ տարեկան էր, երբ ընտանիքը տեղափոխվեց խորհրդային Բաքու։ Դժվար ժամանակներ էին, հազիվ էին ծայրը ծայրին հասցնում. փոքրիկ Ալեքսանդրը մոր խնդրանքով հացի քարտերի մի մասը տանում էր շուկա՝ վաճառելու, իսկ աշակերտական նստարանից արդեն աշխատում ադրբեջանական ռադիոյում` որպես ռուսաց լեզվի հաղորդավար։ Սիրում էր գրականության երեւակայական վառ աշխարհն ու ձեռքն ընկած իրերով ինչ-որ բաներ էր բզբզում-պատրաստում, որ ընդամենը մանկական խաղ էր թվում, իսկ երբ 1940 թ. ոտք դրեց Մոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարան` տեխնիկական կրթության ոլորտում երկրի ամենահեղինակավոր հաստատություն, խաղը վերածվեց լուրջ ուսումնառության ու աշխատանքի, եւ պարզ դարձավ կյանքի ճանապարհը, որ ճշգրտորեն ընտրել էր պատանին, այն գաղտնի ու խորհրդավոր աշխարհը, որտեղ մեծ դերակատարություն պիտի ունենար։
Սակայն աշխարհի ինչ-որ կետում այդ աշխարհի անդորրը խանգարելու ծրագիր էր մշակված, եւ այն 1941 թ. հունիսի 22-ին թանձր նստեց խորհրդային երկրի վրա: Կյանքի բնականոն ընթացքը շեղվեց. հայրենիքի պաշտպանությունը մղվեց առաջին պլան, սակայն բաումանցիներին` հենց որպես պաշտպանության նշանակության ապագա մասնագետների, չէին զորակոչում անգամ ռազմական դրության ժամանակ, բայց Ալեքսանդրն այլ կերպ էր մտածում` զենք բռնելու ժամանակն էր, առանց հայրենիքի չէր լինի ոչինչ` ո՛չ կյանք, ո՛չ գիտություն։ Նա խորամանկեց անգամ բժիշկներին` հմտորեն թաքցնելով տեսողության խնդիրները եւ կամավորագրվեց, ինչպես մի ժամանակ հայրը, ու մեկնեց ռազմաճակատ` ուսանողական տոմսն ու ստուգարքային գրքույկը գրպանում փայփայելով։ Սկսելով Կուրսկի ռազմաճակատից՝ Քեմուրջյանը մասնակցում է Դնեպրի գետանցին, Վիսլա-Օդեր գործողությանը եւ հասնում մինչեւ Պոմերանիա։ Հայրենիքը փրկված էր. հիմա կարելի էր սովորել ու աշխատել խաղաղ հոգով. նրան սպասում էր հարազատ կրթօջախը, դե իսկ մարտական ուղի անցած փաստաթղթերն էլ օրհնված էին սրբազան կռվում… Ստալինյան թոշակառուն ուսումն ավարտում է 1951-ին` կարմիր դիպլոմով, որում ուսումնառության նշումն սկսվում է 1940-41 թթ. եւ ավարտվում 1951-ով` տպավորություն թողնելով, թե նա տեխնիկական համալսարանում սովորել է շուրջ տասը տարի։ Տեխնիկական կրթությունը մոռացնել չի տալիս արվեստի գունեղ աշխարհի մասին. ուսանելու տարիներին Ալեքսանդրը հաճախում է Փոքր թատրոն, մասնակցում համերգների, շրջագայությունների, նվագում շրթհարմոն, հյուրախաղերից մեկի ժամանակ էլ` Ռիգայում, ծանոթանում ապագա կնոջ` ճարտարապետ Վալդայի հետ։
Ուսումն ավարտելուց անմիջապես հետո Քեմուրջյանին հրավիրում են Սանկտ Պետերբուրգի տրանսպորտային մեքենաշինության գիտահետազոտական ինստիտուտ, որտեղ միայն առանձնահատուկ բնութագրով ու օժտվածներին էր վիճակվում աշխատելու։ Ալեքսանդր Քեմուրջյանը 1969-1991 թթ. ինստիտուտի փոխտնօրենն էր եւ գլխավոր կոնստրուկտորը, իսկ 1991-ից` ինստիտուտի գլխավոր խորհրդականը։ Սկզբում Քեմուրջյանը սառցահատ մեքենաներ էր նախագծում, օդային բարձիկով շարժվող տանկային նոր համակարգեր, բայց շուտով եկավ ժամանակը տանկային տեխնիկայի կոնստրուկտորներին ներգրավելու խորհրդային տիեզերական ծրագրում։ Մի քանի խոշոր գիտական ինստիտուտ ու գործարան միանգամից հրաժարվում են ծրագրին մասնակցել` երկյուղելով մոլորակների անակնկալներից եւ ծրագիրը տապալելու հավանականությունից, ինչը ոչ միայն կազդեր նրանց հեղինակության վրա, այլեւ լուրջ պատասխանատվության ենթարկվելու առիթ կդառնար՝ առնվազն պետական բյուջեն հանիրավի մսխելու համար։ Բայց, ինչպես ասում են, գործը համարձակներին է սիրում, իսկ Քեմուրջյանը այդ հարցում ոչ մեկի չէր զիջում։ Նա իսկույն անցավ գործի ու հավաքեց գիտնականների անհրաժեշտ խումբը` օժտված ոչ միայն անձնային, այլեւ գաղափարների համարձակությամբ. լիարժեք պատկերացում չունենալով տիեզերական մակերեւույթի մասին՝ նրանք առաջարկում են քայլող, ցատկող, պտտվող, գլորվող, նույնիսկ սողացող լուսնային տրանսպորտ։ Քեմուրջյանը միանգամից բացառում է տանկաթրթուրային համակարգի մեքենաների օգտագործումը մոլորակային մարմինների վրա. դրանց համար նա ընտրում է սովորական անիվները։ Իսկ ընդհանրապես՝ ինքնագնացներն անհրաժեշտ էր փորձարկել Երկրի վրա մի վայրում, որ քիչ թե շատ, ձգողականությամբ, մակերեսային ջերմությամբ եւ այլ տվյալներով մոտ լիներ տիեզերական մարմինների կլիմային։ Քեմուրջյանը հարմար համարեց Միջին Ասիան ու Կամչատկան։
Առաջին լուսնագնացը` «Լունախոդ 1»-ը Երկիր մոլորակից մեկնարկեց 1970 թ. նոյեմբերի 10-ին եւ վայրէջք կատարեց նոյեմբերի 17-ին. այն կշռում էր 756 կգ՝ հագեցած տեսախցիկներով ու ռադիոհաղորդիչներով, որոնց միջոցով Երկրի կայաններ ուղարկվեցին շուրջ 20 000 լուսանկար, 200 համայնապատկեր։ Լուսնի վրա լինելով մոտավորապես 10 ամիս եւ անցնելով 11 կմ ճանապարհ՝ ինքնագնացը կատարեց լուսնային մակերեւույթի շուրջ 500 փորձարկում։ Երկու տարի անց «Լունախոդ 2»-ը արդեն հաղթահարում է 42 կմ տարածություն։ Ավտոմատ կայանների օգնությամբ Լուսին հասած ինքնագնացներին Երկրից կառավարում էր 5 հոգանոց անձնակազմը։ Ինքնաշարժ գիտական լաբորատորիաները բացառիկ տեղեկություններ էին փոխանցում Երկիր` բնական արբանյակի բնույթի, տիեզերական ճառագայթումների, լուսնային մակերեւույթի, գտածոների քիմիական բաղադրության մասին։ Այդ սարքերն այսօր էլ արբանյակի վրա են. Կալիֆոռնիայի Սան Դիեգոյի համալսարանի գիտնականները հաստատել են, որ առաջին լուսնագնացները շուրջ 50 տարի հետո կրկին պատասխանում են երկրային ազդանշանին։ Քեմուրջյանի գիտնականների խումբը զբաղվում է նաեւ Մարսով. մարսագնացները վայրէջք էին կատարում Մարսի, նրա արբանյակ Ֆոբոսի, Վեներայի վրա, առաջին տեղեկությունները հաղորդում դրանց մասին։
Չեռնոբիլյան ատոմակայանի աղետը նոր խնդիր առաջացրեց Քեմուրջյանի ու նրա խմբի համար, որոնց թվում եւ որդին էր` Վլադիմիրը. անհրաժեշտ էր մարդու կյանքին սպառնացող ռադիացիոն բարձր ճառագայթում ունեցող միջավայրում հեռակառավարվող ռոբոտներ աշխատեցնել։ Քեմուրջյանն անձամբ մեկնեց Չեռնոբիլ ու ղեկավարեց ինքնագնացների աշխատանքը` փրկելով 100-ավոր կյանքեր եւ ռադիացիոն ճառագայթման բարձր դոզա վաստակելով։ Այնուհետեւ ստիպված էր բուժվել Մոսկվայի օնկոլոգիական հոսպիտալում։ Քեմուրջյանը փնտրված գիտնական էր, եւ մեկ անգամ չէ, որ ԱՄՆ-ից բազմախոստում ու հրապուրիչ առաջարկություններ է ստացել այնտեղ ապրելու եւ աշխատելու համար, սակայն հայրենիքի զինվորը մինչեւ վերջ հավատարիմ մնաց թե՛ իր պաշտպանած հայրենիքին, թե՛ նրանից ստացած բազմաթիվ պարգեւներին, թե՛ ազգային արժեքներին։
Ալեքսանդր Լեւոնի Քեմուրջյանը վախճանվել է 2003 թ. փետրվարի 24-ին, Սանկտ Պետերբուրգում, հուղարկավորվել Հայկական գերեզմանատանը։