Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացավ սամբոյի Եվրոպայի գավաթի բաց առաջնությունը, որտեղ Հայաստանը ներկայացնող մարզիկները նվաճեցին բազմաթիվ մեդալներ։ Բելառուսի նախագահի մրցանակների խաղարկության ավանդական մրցաշարը, որ պայմանավորված է նաեւ սամբո մարզաձեւի օլիմպիական կարգավիճակ ձեռք բերելու գործընթացով, 2022-ից անցկացվում է նոր կանոններով, նոր քաշային կարգերով, նոր չափի մրցագորգի վրա։
Մինսկում պայքարի ելան 11 երկրի ավելի քան 150 մարզիկ։ Այս տարի մեր երկիրը ներկայացնում էր 7 սամբիստ։ 58 կգ քաշային կարգում հանդես եկան միաժամանակ երեք հայ մարզիկ։ Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Տիգրան Կիրակոսյանը հաղթեց բելոռուսցի Իլյա Մայուռաուին, հետո ղազախստանցի Նուրդաուլետ Աիմբեկովին եւ եզրափակիչում հանդիպեց թիմակցին՝ արցախցի Դավիթ Հովսեփյանին։ Դավիթը մինչ այդ հաղթել էր ղազախ Կ. Այդինբային, Մոլդովացի Լ. Առապանին, ապա հայրենակցին՝ Կարեն Սարգսյանին։ Տիգրանի ու Դավիթի եզրափակիչ գոտեմարտը լարված էր, բայց տարիքային 10 տարվա տարբերությունն ու փորձառությունը զգացնել տվեցին: Տիգրանն արժանացավ ոսկե, Դավիթը՝ արծաթե մեդալի։ Այս քաշային կարգում բրոնզե մեդալի համար պայքարում Կարեն Սարգսյանը, որ հաղթել էր ռուսաստանցի Ռ. Կոզլովին, ղազախստանցի Դ. Տոլեգոնովին եւ պարտվել Դավիթին, արժանացավ բրոնզե մեդալի։ Մարզական սամբոյի 71 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր Կարլեն Մահինյանը, ով արժանացավ արծաթե մեդալի։ 88 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի արժանացավ Դավիթ Գրիգորյանը։ Այսպիսով՝ 2022 թ. սամբոյի Եվրոպայի գավաթի առաջնությունում մեր մարզիկները նվաճեցին 1 ոսկե, 2 արծաթե, 2 բրոնզե մեդալ։ Ձեռնունայն վերադարձան մարզական սամբոյի 98 կգ քաշային Արման Մանուկյանը եւ մարտական սամբոյի 58 կգ քաշային Արմեն Մնացականյանը։
Սամբոյի Եվրոպայի եւ աշխարհի չեմպիոն, ծնունդով վանաձորցի Տիգրան Կիրակոսյանը երազանքներ շատ ունի, մեկն էլ՝ հաղթել 2022 թ. աշխարհի առաջնությունում, դառնալ Օլիմպիական խաղերի չեմպիոն։
Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ
Լոռի