11-րդ դարի հայ պատմիչ Ստեփանոս Տարոնեցի Ասողիկի «Տիեզերական պատմության» երրորդ գրքում, որն ընդգրկում է 885-1004 թթ. պատմական անցքերը, Աշոտ Ա Բագրատունին ներկայացվում է որպես «յաղթող ամենայն ազգացս շուրջանակի», այն դեպքում, երբ Հայաստանն ապրում էր իր պատմական ծանրագույն ժամանակաշրջաններից մեկը…
Գուցե եւ մեր օրերի համար տարօրինակ կամ չափազանցություն թվա Արաբական խալիֆայության ու Բյուզանդական կայսրության մշտական ասպատակությունների բուն դարձած, նրանց հարկերի տակ կքված Հայաստանի իշխանաց իշխան, արքայից արքա Աշոտ Ա-ի նման բնութագրականը, սակայն այն ամենեւին էլ սնապարծություն չէ, որով վարակվել է պատմիչը, այլ պատմական փաստերի վրա հիմնված իրողություն, որը հաստատում է նաեւ Բյուզանդիայի Կոստանդին Ծիրանածին կայսրը` վկայելով, որ Աշոտը «տիրում էր Արեւելքի բոլոր երկրներին», ինչպես նաեւ Աշոտ Ա-ի ժամանակակից` Բյուզանդիայի Փոտ պատրիարքը` անվանելով նրան «բարետոհմությամբ քաջահայտ, հզորագույն, բարձրագույն եւ վսեմագույն», քանզի Աշոտ Ա Բագրատունին կարողացավ դիմակայել ոչ միայն Արաբական խալիֆայության ճնշումներին ու չեզոքացնել նրա տիրապետությունը Հայաստանում, դիվանագիտորեն օգտագործել արաբա-բյուզանդական հակամարտությունները, այլեւ իր իշխանությունը տարածել Վրաց, Աղվանից իշխանների, Հայաստանի արաբական ամիրայությունների վրա։
Անվերջ պատերազմներից հյուծված երկրի վերընձյուղման գաղտնիքն այն կառավարող ուժերի միավորումն էր, թշնամու դեմ միասնական դիմադրությունը, ինչպես որ եղավ 852 թ. Թով գյուղի մերձակայքում գտնվող Արյան լճի դաշտավայրում, երբ բախվեցին Արմինիա կուսակալության եւ Արաբական խալիֆայության ռազմական ուժերը։ Արաբների ուղարկած արյունարբու, ազգությամբ թուրք Բուղա-ալ-Շարաբիի զորքին Վասպուրականի իշխան Գուրգեն Արծրունուն հաջողվում է ջախջախել միայն համախմբելով Գնունի, Գազրիկյան, Ամատունի, Վարաժնունի, Ընտրունի, Ակեացի, Վահեւունի եւ Անձեւացի նախարարությունների` 900 մարտիկներից բաղկացած ուժերը, երբ Բուղան արդեն իսկ ներխուժել էր Տարոն ու ձերբակալել Արաբական խալիֆայության դեմ ապստամբած իշխաններին, կոտորել Խութի ու Սասունի 30 հազար բնակիչների, իսկ Գուրգենի ավագ եղբայր Աշոտ Արծրունին, աջակցություն չստանալով հայ իշխաններից, ստիպված անձնատուր էր եղել։ Համախմբվածության ու ճիշտ մարտավարության արդյունքում հայկական զորքը ջախջախում ու փախուստի է մատնում արաբների զորագնդին։ Հայ մարտիկների հերոսությունը պատկերավոր նկարագրում է 9-10-րդ դդ. հայ պատմիչ Թովմա Արծրունին` «Պատմություն Արծրունյաց տան» երկասիրության մեջ. «Գոչում էին վիշապաձայն, պատառոտում առյուծաբար, խոցում, ինչպես վարազը, եւ մատնում էին մահվան ու պարտության։ Յուրաքանչյուր տղամարդ գետին էր գցում իր ախոյանին եւ նետվում մյուսի ետեւից։ Բազմակուտակ նիզակների սաստիկ բախումից, զենքերի փայլից, սրերի շողշողալուց եւ լարված աղեղների սուլոցից կայծակ էր դուրս ցայտում, ինչպես ամպի որոտից, եւ թվում էր, թե լեռն այրվում է հրից»։
Արաբական զորքի պարտությունից հետո` 855 թ. Բուղան-ի ետ կանչվեց, իսկ 862 թ. Աշոտ Բագրատունուն, որ մինչ այդ արդեն իսկ իշխանությունը կենտրոնացրել էր իր ձեռքում, խալիֆայությունը ընծայեց Հայոց իշխանաց իշխան տիտղոսը, ինչպես նաեւ արտոնեց ողջ Արմինիայի հարկահանությունը։ Խոհեմությամբ օժտված իշխանը կարողացավ եռակի պակասեցնել խալիֆայությանը մուծվող հարկը, իսկ եղբոր` Աբաս Բագրատունու շնորհիվ, ում վստահեց սպարապետությունը, հայոց բանակը հզորացավ ու քանակով հասավ 40 հազար զինվորի։ Սակայն երբ գոյություն ունեն իրական թշնամիներ, վերջնական հաղթանակ կամ պարտություն չի կարող լինել, ինչպես եւ չի կարող լինել տեւական խաղաղություն, եւ երբ հայ իշխանների ու բարձրադաս հոգեւորականների համատեղ խորհրդում 869 թ. Աշոտ Բագրատունին հռչակվեց հայոց թագավոր, արաբները դավադրություն կազմակերպեցին հայ իշխանների ու Հայաստանի դեմ` արաբ ոստիկան Ահմադի գլխավորությամբ, ով փորձում է դիվանագիտական քողի տակ հայերին ծուղակը գցել` կեղծ պատերազմ սարքելով յուրայինների հետ։ Ճանապարհների բոլոր հատվածներում գործող հայ հետախույզները հեշտությամբ բացահայտում են կեղծիքը, Ահմադի զորքը զինաթափում, իսկ նրան, նստեցնելով ջորուն, ծաղրելով ճանապարհում. «Գնա այնտեղ, որտեղից եկել ես…»:
Եվ, այնուամենայնիվ, Արաբական խալիֆայությունն ու Բյուզանդական կայսրությունը հապաղում էին ճանաչել հայոց թագավորությունը. չնայած դրան, Բագրատունին շարունակում է ամրապնդել դիրքերը` իր շուրջը համախմբելով նախարարական տոհմերին ու հզորացնելով երկիրը, ապահովելով նրա անկախությունն ու ռազմական զորությունը, իսկ արդեն 885 թ.` միմյանց հետ հակամարտության մեջ գտնվող վերոհիշյալ տերությունները մեկը մյուսից առաջ էին ընկնում` ճանաչելու Աշոտ Բագրատունու գահակալությունը` ի դեմս նրա հզոր դաշնակից ձեռք բերելու ակնկալիքով։ Բագրատունին, ընդունելով Վասիլ Ա-ի բարեկամությունը, խոհեմաբար չեզոքություն դրսեւորեց հակամարտող տերությունների հանդեպ, եւ Մութավաքիլ խալիֆը, կանխելու նպատակով հայ-բյուզանդական մերձեցումը, շտապեց Բագրատունուն ճանաչել «թագավոր Հայոց եւ Վրաց»։ Տերության սահմաններն ընդարձակելու եւ ամրապնդելու վճռականությամբ Աշոտ Ա Մեծ արքան 887 թ. արշավեց մինչեւ Կովկասյան Մեծ լեռնաշղթա, ենթարկեց տեղի անհաշտ ցեղերին, Եգերաց աշխարհի թագավորին հարկադրեց ընդունել իր գերիշխանությունը, իսկ գահաժառանգ որդին՝ իշխանաց իշխան Սմբատը, զենքի ուժով ճնշեց Գուգարքի եւ Ուտիքի իշխանների անհնազանդությունր` նրանց եւս ենթարկելով Բագրատունյաց գահին։ Այսպիսով՝ Աշոտ Բագրատունին, ընդունելով հարեւան թշնամական տերությունների ճնշումներից ու անընդմեջ հարձակումներից, անհնազանդ իշխանների պառակտիչ գործողություններից հյուծված երկիրը, այն դարձրեց տարածաշրջանի ազդեցիկ թագավորություն։
Նրա գահակալման տարիներին (885-890) հայկական պետության սահմանները հարավում ընդգրկում էին Կորճայք եւ Աղձնիք նահանգների մեծ մասը՝ մինչեւ Ջազիրա, հարավ-արեւելքում հասնում էին Ատրպատական, արեւելքում՝ մինչեւ Պարտավ, արեւմուտքում՝ Ծոփք եւ Բարձր Հայք, հյուսիս-արեւմուտքում՝ մինչեւ Եգերաց աշխարհ, հյուսիսում՝ մինչեւ Կովկասյան Մեծ լեռնաշղթա եւ Ալանաց դուռ։ Աշոտ Ա-ի գերիշխանությանը ենթարկվեցին վրաց գահերեց իշխան Ատրներսեհ Բագրատունին եւ Հայոց արեւելքի կողմերի (Արցախ, Ուտիք) թագավոր Համամ Բագրատունին։ Իր մահից հետո նա որդուն թողեց երկրի պաշտպանական համակարգով բարելավված, 40 հազար հեծյալով համալրված մարտունակ բանակ, կառուցապատված Բագարան մայրաքաղաքով` հզոր, զարգացման հաստատուն հեռանկարով թագավորություն…