-1878 թ. մարտի 4-ին ծնվել է Ալեքսանդր Թամանյանը՝ ճարտարապետ, ակադեմիկոս (մահ.՝ 1936 թ.)։ 1898 թ. ավարտել է Եկատերինոդարի (այժմ՝ Կրասնոդար) ռեալական ուսումնարանը, ընդունվել է Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի կայսերական ակադեմիային կից գեղարվեստի բարձրագույն ուսումնարան։ 1904 թ. ավարտել է գեղարվեստի բարձրագույն ուսումնարանի ճարտարապետության բաժանմունքը՝ նկարիչ-ճարտարապետի կոչումով։ 1917 թ. եղել է Պետրոգրադի գեղարվեստի ակադեմիայի խորհրդի նախագահ՝ ակադեմիայի փոխնախագահի իրավունքներով։ Երկար տարիներ ապրել եւ ստեղծագործել է Ռուսաստանում, նախագծել բազմաթիվ շինություններ։ 1919 թ. տեղափոխվել է Երեւան, 1921-ին՝ Իրան։ 1923 թ. հրավիրվել է Հայաստան, ծավալել բուռն ու եռանդուն ստեղծագործական գործունեություն։ Եղել է Ժողկոմխորհի գերագույն տեխնիկական բաժնի նախագահ, ապա՝ Պետպլանի փոխնախագահ, Հուշարձանների պահպանության կոմիտեի եւ Հայաստանի կերպարվեստի աշխատողների ընկերության նախագահ։
-1893 թ. մարտի 4-ին ծնվել է Կարապետ Մելիք-Օհանջանյանը՝ բանասեր եւ արեւելագետ (մահ.՝ 1970 թ.)։ Պրոֆեսոր (1935), Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1962), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1965)։
-1937 թ. մարտի 4-ին ծնվել է Ռուդոլֆ Խաչատրյանը՝ նկարիչ (մահ.՝ 2007 թ.)։ ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1984), Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի թղթակից անդամ (2002)։
-1941 թ. մարտի 4-ին ծնվել է Բաբկեն Հարությունյանը՝ հայ պատմաբան, պատմաշխարհագրագետ (մահ.՝ 2013 թ.):
-1980 թ. մարտի 4-ին մահացել է Վախթանգ Անանյանը՝ հայ արձակագիր, լրագրող (ծնվ.՝ 1905 թ.)։ ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1968)։ ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1970, մանկական ու պատանեկան ստեղծագործությունների համար), Հայաստանի լենինյան կոմերիտմիության դափնեկիր (1974)։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։ Որսորդական պատմվածքի սկզբնավորողն է հայ գրականության մեջ։
-2011 թ. մարտի 4-ին մահացել է Ալենուշ Տերյանը՝ Իրանի առաջին կին պրոֆեսոր (ծնվ.՝ 1920 թ.)։ Առաջին արեւային աստղադիտարանի հիմնադիրն է Իրանի աստղագիտության պատմության մեջ։ Հայտնի է որպես «Իրանի ժամանակակից աստղագիտության մայր»։
-1152 թ. մարտի 4-ին Ֆրիդրիխ Առաջին Շիկամորուսը դառնում է Գերմանիայի թագավոր:
-2012 թ. մարտի 4-ին Վլադիմիր Պուտինը երրորդ անգամ ընտրվում է Ռուսաստանի նախագահ:
-1678 թ. մարտի 4-ին ծնվել է Անտոնիո Վիվալդին՝ իտալացի երգահան, ջութակահար եւ դիրիժոր (մահ.՝ 1741 թ.):
-1193 թ. մարտի 4-ին մահացել է Սալադինը (Սալահ ադ դին)՝ Եգիպտոսի եւ Սիրիայի սուլթան (ծնվ.՝ 1137 թ.):
-1852 թ. մարտի 4-ին մահացել է Նիկոլայ Գոգոլը՝ ռուս արձակագիր, դրամատուրգ, բանաստեղծ (ծնվ.՝ 1809 թ.)։ Ժամանակակիցները նրան համարել են ռուսական ռեալիստական գրականության նատուրալիստական դպրոցի ակնառու ներկայացուցիչներից մեկը, սակայն հետագայում գրականագետները նրա ստեղծագործություններում բացահայտել են ռոմանտիկական զգացմունքայնություն՝ սյուրռեալիզմի եւ գրոտեսկի դրսեւորումներով հանդերձ («Քիթը», «Շինելը», «Վիյը», «Նեւսկի պողոտան»)։ Նրա վաղ շրջանի ստեղծագործություններում («Երեկոներ՝ Դիկանկայի մերձակա խուտորում») զգացվում է ուկրաինական մշակույթի, բանահյուսության ազդեցությունը։ Ուշ շրջանի երկերում («Ռեւիզորը», «Մեռած հոգիներ») ծաղրի է ենթարկել քաղաքական կոռուպցիան ռուսական կայսրությունում։ Գոգոլի լավագույն ստեղծագործություններից են նաեւ «Տարաս Բուլբա» վեպը, «Ամուսնություն» թատերգությունը, «Ցնորվածի հուշատետրը», «Պատմություն այն մասին, թե ինչպես Իվան Իվանովիչը գժտվեց Իվան Նիկիֆորովիչի հետ», «Դիմանկարը» եւ այլ պատմվածքներ։