«Մի թողեք, որ իմ թոռները մոռանան իրենց հայկական արմատները եւ այն սերը, որ ես մշտապես տածել եմ հայրենիքիս հանդեպ»:
Տիգրան Շիրինյան
Սա Տիգրան Շիրինյանի վերջին պատգամն էր ընտանիքի անդամներին, իսկ հայրենիքն էլ, իր հերթին, չի մոռանում ու չպետք է մոռանա աշխարհով մեկ սփռված տաղանդավոր զավակներին, ովքեր բախտի բերմամբ կարողացել են փրկվել թուրքական արյունռուշտ քաղաքականության ճիրաններից ու ծվարել այնտեղ, որտեղ երկինքն ավելի կապույտ ու բարեհաճ է եղել այդ պահին։ Տիգրանի ծնողները` Միհրան եւ Եղիսաբեթ Շիրինյանները, Հայոց ցեղասպանությունը վերապրած՝ Կեսարիայի կաթոլիկ հայերից էին։
Տիգրանը ծնվել է 1923 թ. մարտի 12-ին, Պոլսում, իսկ 1942-ին Պոլսի պապական նվիրակ Անջելո Ռոնալդիի, ով հետագայում դարձավ Հռոմի պապ Հովհաննես 18-րդ, միջնորդությամբ Տիգրանը տեղափոխվում է Միլան. նրան իր հարկի տակ սիրով ընդունում է հորաքրոջ` Քեհյանների ընտանիքը։ Տիգրանը բարձր առաջադիմությամբ ավարտում է Միլանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարագիտական ֆակուլտետը, գործուղվում Հռոմ, որը մեծ հեռանկարներ է բացում հետաքրքրասեր ուսումնասիրողի առջեւ. ժամանակն էր զբաղվել գիտությամբ, նվաճել երկինքը։ Տակավին երիտասարդ Շիրինյանը շուտով լուրջ հաջողություններ է գրանցում տիեզերական ճարտարագիտության եւ իտալական ռազմական օդուժի ասպարեզներում, դառնում Իտալիայի զինված ուժերի բարձրաստիճան սպա, Հռոմի Լա Սապիենցա համալսարանի տիեզերագիտական ճարտարագիտության պրոֆեսոր, միաժամանակ` ռազմաօդային ուժերի վերահսկիչ զորավար, իտալական առաջին` «Սան Մարկո» արբանյակի հեղինակը եւ իր իսկ նախաձեռնած` իտալական «Սան Մարկո» տիեզերական ծրագիրը իրականացնողներից մեկը. նրա եւ պրոֆեսոր Լուիջի Պրոլիոյի շնորհիվ իտալական առաջին` «Սան Մարկո» արբանյակը 1964 թ. դեկտեմբերի 15-ին Քենիայից` Հնդկական օվկիանոսի ափամերձ տիեզերակայանից, բարեհաջող ուղարկվեց տիեզերք, եւ Իտալիան ԽՍՀՄ-ի ու ԱՄՆ-ի հետ միասին դարձավ տիեզերքը նվաճող երկիր։ Տաղանդավոր գիտնականի հաջողությունը չէր կարող վրիպել ՆԱՍԱ-ի ուշադրությունից. շուտով ԱՄՆ օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչությունը Տիգրան Շիրինյանին հրավիրում է համագործակցելու եւ Տեխասում թռիչքի պատրաստելու «Scout» փոխադրող տիեզերանավը։
Տիեզերքը նվաճած աշխարհի քաղաքացին երբեք չմոռացավ իր հայկական արմատները, հայոց լեզուն եւ այն հրաշագեղ երկիրը, որ կոչվում է հայրենիք ու Հայաստան, ու եթե մեծ դուստրը գնաց հոր մտավոր ճանապարհով` ընտրելով գիտությունն ու տեխնիկան, ապա կրտսերը` Աննան, ընտրեց հոր հոգեւոր սնուցման աղբյուրը` հայագիտությունը։ Հայրենիքի գոյության` ընդամենը հեռակա քաղցրությունը ճաշակած Տիգրան Շիրինյանը իսկույն տեր կանգնեց հայրենիքին պատուհասած` 1988 թ. ավերիչ երկրաշարժի ցավին ու հոգսին։ Նրա նախաձեռնությամբ երկրաշարժից անմիջապես հետո իտալացիները ձեռք բերեցին եւ Հայաստան առաքեցին «Վիլլաջիո Իտալիա» բնակավայրի շենքերի տանիքներին անհրաժեշտ շինանյութ, իսկ Բերգամո քաղաքի եկեղեցական «Frati Camilliani» հաստատության՝ մինչ օրս Աշոցքում գործող հիվանդանոցներում Շիրինյանը ստեղծեց լաբորատորիաներ՝ անհրաժեշտ սարքավորումներով։ Տիգրան Շիրինյանը առաջին անգամ հայրենիք այցելեց 1995 թ. տիկնոջ՝ Նաձարենա Մոսկատելիի եւ դուստրերի հետ. նրանց հյուրընկալեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Առաջինը։
Իտալական ռազմական օդուժի եւ տիեզերագիտության խոշորագույն մասնագետ, Իտալիայի ռազմական ավիացիայի գեներալ, պրոֆեսոր Տիգրան Շիրինյանը չէր կարող անմասն մնալ հայրենիքում իրականացվող գիտական ծրագրերից, մանավանդ Հայաստանն առաջնակարգ դիրքերում էր տիեզերքի ուսումնասիրության հարցերում եւ այդ ասպարեզում աշխարհին հայտնի լուրջ գիտական ներուժ ու գիտնականներ ուներ։ 1999-2001 թթ. Տիգրան Շիրինյանն սկսում է ծրագրեր իրականացնել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (ՀՊՃՀ), սակայն տարիքն ու հիվանդությունը խոչընդոտեցին դրանց հետագա իրականացմանն ու զարգացմանը։ Նրա ջանքերով, Եվրամիության նյութական եւ բարոյական աջակցությամբ ՀՊՃՀ-ում ներդրվել է «Pregetto Tempus Tacis»-ի տիեզերագիտական նորագույն ծրագիրը, որում ներառվել են ուսանողական դասընթացներն ու դասախոսների վերապատրաստումը։
Ի հիշատակ պրոֆեսոր Տիգրան Միկելե Շիրինյանի` 2005 թ. հուլիսին ՀՊՃՀ գիտական խորհուրդը երախտագիտորեն նրա անվամբ է կոչել տրանսպորտային համակարգի մասնագիտացված սրահը` որպես օդային տրանսպորտի տնտեսագիտության եւ կառավարման լսարան։ Տիգրան Շիրինյանը (Սիրինյան) վախճանվել է 2003 թ. դեկտեմբերի 10-ին, Հռոմում։