Գինի (լատ.՝ vinum)՝ ոգելից խմիչք (բնական թնդությունը՝ 9-16 տոկոս, թնդացված՝ 16-22 տոկոս), որը ստացվում է խաղողի կամ մրգապտղային հյութի ամբողջական կամ մասնակի խմորման միջոցով (երբեմն սպիրտի կամ այլ նյութերի ավելացմամբ)։
Գինին արտադրվում է հազարավոր տարիներ շարունակ։ Հայտնի հնագույն գինու գործարանը 6.100 տարեկան Արենի-1 գինու գործարանն է Հայաստանում։ Գինու ամենահին հայտնի հետքերը եղել են Վրաստանում (Ք. ծ. ա. 6000 թ.), Իրանում (Ք. ծ. ա. 5000 թ.) եւ Սիցիլիայում (Ք. ծ. ա. 4000 թ.), չնայած դրան, կան ապացույցներ այն մասին, որ նմանատիպ ոգելից խմիչք ավելի վաղ առկա էր Չինաստանում (Ք. ծ. ա. 7000 թ.)։ Գինին հասավ Բալկանյան թերակղզի Ք. ծ. ա. 4500 թ. եւ օգտագործվում էր Հին Հունաստանում, Թրակիայում եւ Հռոմում։ Պատմության ընթացքում գինին օգտագործվել է իր հարբեցնող ազդեցության շնորհիվ։