«1914 թ. հունիս ամսվա վերջերին էր, երբ Վռամյանը եւ ես, վերջին անգամ լինելով, քաղաքական մի լուրջ խոսակցություն ունեցանք Խալիլ բեյի տանը Թալեաթ փաշայի՝ այն ժամանակ Թալեաթ բեյի հետ՝ հայկական բարենորոգումների ծրագրերի շուրջ:
«Գալով մեր հարցին,- ասացի,- դուք անկեղծ չեք: Դուք կարծում եք, որ խոստումներով կարողանալու եք մեզ այստեղ քնացնել եւ երկրում էլ ստեղծել տնտեսական եւ քաղաքական այնպիսի պայմաններ, որ Հայաստանը դատարկվի հայերից, եւ դուք միանգամից ազատվեք հայկական հարցից: Սա է ձեր տգիտության երկրորդ ապացույցը: Սխալվում եք ձեր հաշվարկներում: Մենք ձեզ այդքան ժամանակ չենք տալու, որ գործադրեք ձեր ծրագրերը: Մեր ազգային գիտակցությունը այնքան է զարգացած, որ պիտի նախընտրենք քարուքանդ անել այս մեծ շենքը, որի անունն է Օսմանյան կայսրություն, եւ ձեզ թույլ չտալ, որ տեսնեք Հայաստանն առանց հայի: Գիտեմ, մենք մնալու ենք այդ փլատակների տակ եւ շատ ենք տուժելու: Բայց վերջին հաշվով ավելի շահավետ ենք դուրս գալու, քան դուք. դուք մեծ կայսրություն եք կորցնելու, իսկ մենք այդ փլատակների տակից դուրս ենք գալու թեեւ արյունլվա, սակայն միանգամայն ազատված ձեզանից…»:
Երբ ես վերջացրի, Թալեաթը բացականչեց.
-Այդ ինչեր ես խոսում, Գարո՛, դու բոլորովին փոխված ես երեւում…»:
Այս խոսքերը գլխավոր ոճրագործի դեմքին շպրտողը հետագայում Շահան Նաթալիի հետ Հայոց արդար վրիժառության «Նեմեսիսն» ստեղծած Արմեն ԳԱՐՈՆ է, ով երիտթուրքերի իշխանության գալուց անմիջապես հետո՝ 1908-1912 թթ. եղել է Օսմանյան կայսրության մեջլիսի ՀՅԴ խմբակցության պատգամավոր, Թալեաթի առաջարկությամբ 1911-ին նշանակվել հեռահաղորդակցության նախարար՝ մինչեւ 1912 թ. պետական հեղաշրջումը: 1913-ին կրկին նշանակվել է առեւտրի եւ հանրային աշխատանքների նախարար՝ երիտթուրքերի իշխանության օրոք՝ մինչեւ 1914 թվականը: Իսկ արդյոք անցնո՞ւմ էր նրա մտքով, որ հայոց արյունոտ ապրիլին շատ կարճ ժամանակ է մնացել…
…Հայոց պատմական Կարին քաղաքում է ծնվել ապագա վրիժառուն, ուսանել Սանասարյան վարժարանում, Ֆրանսիայում, բարձրակարգ կրթություն ստացել Ժնեւի համալսարանում, որտեղ էլ անդամակցել է ՀՅԴ-ին: 1896-ի օգոստոսի 6-ին Բաբկեն Սյունիի հետ կազմակերպել է միջազգային Օտոմանյան բանկի գրավման գործողությունը, որի նպատակն էր Հայկական հարցի հանդեպ եվրոպական տերությունների ուշադրության հրավիրումը: Խումբն սպառնում է պայթեցնել բանկը, եթե Արեւմտյան Հայաստանում Թուրքիան բարենորոգումներ չիրականացնի: Բաբկեն Սյունիի զոհվելուց հետո ինքն է ղեկավարում խումբը, որը, եվրոպական տերությունների երաշխիքի ներքո, օգոստոսի 27-ին ֆրանսիական շոգենավով մեկնում է Մարսել:
1901 թ. նա արդեն Թիֆլիսում է, որտեղ հիմնում է քիմիական հետազոտությունների լաբորատորիա՝ ժնեւի համալսարանն ավարտել էր բնագիտւթյան եւ քիմիայի դոկտորի գիտական աստիճանով: 1905-1906 թթ. թուրք-թաթարական խռովությունների ժամանակ ՀՅԴ-ն իրականացնում է զինված գործողություններ: Արմեն Գարոն ղեկավարում է հայերի ինքնապաշտպանական մարտերը Թիֆլիսում: Նրան եւ 500 կամավորներին հաջողվում է խաղաղություն ապահովել Անդրկովկասի մայրաքաղաքում:
Բալկանյան պատերազմի ավարտից հետ հայերի խնդիրներն ավելի հաճախակի են բարձրացվում թուրքական իշխանության բարձր ատյաններւմ: Դրանում իր մեծ դերակատարումն ուներ կարինցիների խնդրանքով պատգամավոր դարձած հայազգի գործիչը: 1913 թ. ընթացքում նա ակտիվ գործունեություն է ծավալում՝ մասնակցելով հայկական բարեփոխումների քննարկումներին, հանդիպումներ ունենում գեներալ-տեսուչների հետ, որոնք պետք է վերահսկեին բարենորոգումների իրականացումը:
1914-ի աշնանը՝ ռազմական գործողություններն սկսվելուց մեկուկես ամիս առաջ, Էրզրումի հայկական խորհրդի կողմից ստացված հատուկ հանձնարարությամբ Արմեն Գարոն կրկին մեկնում է Թիֆլիս, միանում Կովկասի Հայոց ազգային խորհրդի որոշմամբ ստեղծված խմբին, որի նպատակը կամավորական ջոկատների ստեղծումն էր: Նաեւ նրա ջանքերով կազմավորված երկրորդ ջոկատը նոյեմբերի 14-ին Բայազետի մոտ առաջին անգամ մտնում է պայքարի մեջ, հետո տալիս 11 ճակատամարտ՝ Դրոյի ղեկավարությամբ:
1915 թ. ամռանը նա մեկնում է Վան, մասնակցում հայոց հնամյա մայրաքաղաքի հերոսական ինքնապաշտպանությանը: 1917-ին, երբ Ռուսական հեղափոխությումը տակնուվրա է անում ողջ Անդրկովկասը, Արմեն Գարոն եւ բժիշկ Հակոբ Զավրիեւը մեկնում են Պետրոգրադ՝ կովկասյան գործերի առնչությամբ բանակցելու Ռուսաստանի ժամանակավոր կառավարության հետ: Նույն թվականին ազգային նվիրյալ գործիչը՝ որպես Թիֆլիսի Հայոց ազգային խորհրդի եւ Ամենայն հայոց կաթողիկոսի ներկայացուցիչ, մեկնում է Միացյալ Նահանգներ, այնուհետեւ նշանակվում Հայաստանի առաջին հանրապետության դեսպանը Վաշինգտոնում:
…1915-ի Հայոց ցեղասպանությունը ահագնորեն էր կեղեքել այն տեսած-վերապրածների հոգիները: Ծանրորեն ճնշել էր նաեւ Արմեն Գարոյին, փլուզման հասցրել նրա առողջությունը: Իսկ Հայաստանի առաջին հանրապետության վախճանը վերջնականապես խոցելու էր նրան՝ անհուսալիորեն խորացնելով սրտի հիվանդությունը: Եվ 1923-ի մարտի 23-ին ըմբոստ հայորդին Ժնեւում, 51 տարեկան հասակում, գնում է ի հավերժություն: Նա, որ հայոց վրիժառության կրակն էր բորբոքել Շահան Նաթալիի ընկերակցությամբ… Նա, ով շպրտել էր իրեն Բիսմարկ երեւակայող Թալեաթի դեմքին. «Դուք բոլորդ տգետների հավաքածու եք եւ անընդունակ հասկանալու, թե ո՞ւր կառաջնորդեք այս պետությունը…»: