Եզակի մաթեմատիկական եւ մանկավարժական հմտություններ ունեցող պրոֆեսոր Համլետ Միքայելյանն ավագ դպրոցի աշակերտներին, նաեւ կարդալ սիրող հետաքրքրասեր հանրությանը մատուցեց հիանալի գիրք-նվեր՝ «Գիտությունների թագուհի՞, թե՞ պարզապես՝ թագուհի» վերնագրով: Այն յուրօրինակ ու հետաքրքրաշարժ պատմություն է մաթեմատիկայի անցած դարավոր պատմության, մարդու, տիեզերքի, հին ու նոր գիտության մեջ վերջինիս ունեցած անփոխարինելի դերի մասին:
Համլետ Միքայելյանը բազմագիտակ ու բազմաձիրք մաթեմատիկոս է: Նա ինքնուս եւ ինքնատիպ գեղանկարիչ է, տաղանդավոր արձակագիր: Հայ դպրոցականների համար արդի արեւելահայերենով վերապատմել է «Սասունցի Դավիթ» վիպերգի համահավաք բնագիրը, ունի հստակ ասելիք ունեցող անմոռաց պատմվածքներ եւ ամենակարեւորը՝ մաթեմատիկայի դպրոցական դասագրքերի հեղինակ է: Մաթեմատիկան ի ծնե նրա մեջ է, եւ մանկավարժ գիտնականի նպատակն է մաթեմատիկան սիրելի ու ցանկալի դարձնել հայ աշակերտների համար:
Հին աշխարհի նշանավոր մաթեմատիկոսներից էր Պյութագորասը, ով աշխարհի հիմքը համարում է թվերը: Անտիկ աշխարհում հավատում էին, թե աստվածներն են ուղարկել Պյութագորասին՝ մարդկային կյանքն առավել բարեկեցիկ դարձնելու նպատակով: Հները հավատում էին, թե մաթեմատիկական գիտությունները Պյութագորասը վերցրել է եգիպտական, փյունիկյան, քաղդեական (բաբելական) քրմերից:
Հ. Միքայելյանն ուրվագծում է մաթեմատիկայի անցած ճանապարհը՝ հանրամատչելի ձեւով ներկայացնելով տարբեր դարերի, տարբեր ազգերի նշանավոր գիտնականների կատարածը մաթեմատիկայի բնագավառում: Աշխարհի շատ պատմական հուշարձաններ կապվում են մաթեմատիկական հաշվարկների հետ: Գրքում բերվում են մի շարք օրինակներ՝ Եգիպտոսի Քեոփսի բուրգը, Աթենքում գտնվող Պարթենոնը, Փարիզի Էյֆելյան աշտարակը եւ այլն:
Հայտնի է, որ իտալական Վերածննդի գագաթ Լեոնարդո դա Վինչին իր տեխնիկական գյուտերը կատարել է մաթեմատիկական հաշվարկների հիման վրա: Լեոնարդոն իրեն առաջին հերթին համարում էր մեծ գիտնական, եւ նրա համար վերջին տեղում էին նկարելն ու քանդակելը: Թվերի խնդիրը նա տեսնում է Աստծու ստեղծած բնության մեջ եւ սովորում էր բնությունից: Լեոնարդոյի նշանաբանն էր՝ «Բացեք Ձեր աչքերը»: Մաթեմատիկան եւ կերպարվեստը բաժնում տեսնում ենք Լեոնարդոյի «Մոնա Լիզա» նկարի մաթեմատիկական հիմքը: Չէ՞ որ նկարը տարբեր դիտակետերից դիտելիս՝ իր հայացքը փոխում է դեպի քեզ:
Հրաշալի է, որ գրքում ներկայացված է Վարդգես Սուրենյանցի` Հայաստանի Ազգային պատկերասրահում գտնվող «Շամիրամը Արա Գեղեցիկի դիակի մոտ» խիստ ներգործող նկարը: Սուրենյանցի կողքին հայտնվում է աշխարհահռչակ Մարտիրոս Սարյանի ընտանիքը ներկայացնող նկարը, նաեւ մի քարե ասեղնագործություն ներկայացնող խաչքար: Միքայելյանն աշակերտին ներկայացնում է մակրո եւ միկրո տիեզերքի կապվածությունն ու կախվածությունը թվերից: Այդ իրողությունը գիտեին հին բաբելացիները, որոնք սահմանեցին տարին, ամիսները, ամսվա օրերը, ժամերը, րոպեները, վայրկյանները՝ այս բոլորը որոշելով մաթեմատիկորեն:
Գեղեցիկը նույնպես կապված է մաթեմատիկայի հետ: Հին աշխարհից մինչեւ մեր օրերն ընդունված ճշմարտություն է՝ գեղեցկությունը սանտիմետրերի եւ համաչափության մեջ է: Մաթեմատիկայից կախված են ոչ միայն ճշգրիտ գիտությունները, այլեւ փիլիսոփայությունը, քերականությունը, տաղաչափությունը, երաժշտությունը, կերպարվեստի ամենատարբեր ճյուղերը: Իսպանացի նկարիչ, քանդակագործ, ճարտարապետ Անտոնիո Գաուդին իր աշխատանքների հիմքում դնում էր Աստծու ստեղծած կենդանիների ու բույսերի ձեւերն ու չափերը՝ դրանք համարելով կատարյալ: Այսօր ինֆորմատիկայի, զարգացած տեխնոլոգիաների, տիեզերական հայտնագործությունների հիմքում նույնպես ընկած է մաթեմատիկան: Գրքի վերջում հեղինակը բացատրում է որոշ թվերի խորհրդանշային իմաստը` ըստ տարբեր ժողովուրդների հավատալիքների:
Բոլորովին պատահական չէ, որ որպես գիտնական մանկավարժ՝ Համլետ Միքայելյանն ունի ՀՀ կառավարական պարգեւ՝ «Անանիա Շիրակացի» մեդալ, եւ ի թիվս այլ պարգեւների նաեւ «Խաչատուր Աբովյան» ոսկե մեդալ: Նա, իրոք, մեր մեծերի՝ Անանիա Շիրակացու եւ Խաչատուր Աբովյանի գործի մերօրյա շարունակողն է: Դա ապացուցում է այս հրաշալի գիրքն իր հերթին:
Աելիտա ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ